25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Քրիստոս Իր աշակերտներին` Հակոբոսին, Հովհաննեսին և Պետրոսին վերցրեց և լեռը բարձրացավ: Եվ այնտեղ նրանց առջև պայծառակերպվեց: Եվ ահա, երբ իջավ լեռից, ժողովուրդը խռնվեց Տիրոջ շուրջը, և մեկն ասաց. «Վարդապետ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. և ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում և ապա չորանում մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ով անհավատ սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ: բերեք նրան ինձ մոտ» (Մարկ. 9.16-18): Երբ մանկանը բերում էին, քանի որ խիստ դիվահար էր, փրփրում էր, ընկնում գետին, տանջվում ու չարչարվում: Ժողովուրդն էլ շուրջն էր հավաքվել: Մի անելանելի իրավիճակ ստեղծվեց: Եվ Քրիստոս, այդ իրավիճակից դուրս գալու համար, աղոթք արեց, ձեռքը դրեց մանկան վրա և ասաց. «Դու, համր և խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դուրս ելիր նրանից և այլևս չմտնես դրա մեջ» (Մարկ. 9.25): Եվ չար ոգին ուժգին ցնցեց մանկանն ու դուրս ելավ: Մեկ ուրիշ Ավետարանում շարունակում է և ասում. «Աշակերտները առանձին մոտեցան և Հիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»: Եվ Հիսուս նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով: Բայց այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ.17.18-20):
Ի՞նչ է ուզում ասել Տերը այսօրվա պատմությամբ: Ժողովուրդը գալիս էր Տիրոջը դիմելու: Եվ Քրիստոս անսահման զորություն էր տվել առաքյալներին՝ դևերին հանելու, բժշկելու, ցավերն ու ախտերը հեռացնելու: Եվ ով հավատքով էր դիմում առաքյալներին, իբրև Քրիստոսի կողմից ուղարկվածների, բժշկվում էր: Բայց այս մարդը, որն իր մանկանն էր բերել, թերահավատ էր: Չէր հավատում, որ առաքյալները կարող էին բժշկել իր մանկանը, որովհետև դեպքը շատ ծանր էր: Հայրը վկայում էր և ասում, որ մանկությունից էր իր մանկանը դևը զարկում աջ և ձախ, երբեմն կրակի մեջ էր գցում, երբեմն`ջրի: Սպանելու աստիճան վիրավորում էր նրան: Տեսեք, թե ինչ իշխանություն ուներ չարը այդ մանկան վրա: Բայց տեսեք նաև աստվածային նախախնամությունը, որ մանուկը մանկությունից կրակների ու ջրերի մեջ էր ընկել, բայց չէր մահացել: Որքան էլ դժվարին, որքան էլ ծանր փորձություններ լինեն մարդու կյանքում, և որքան էլ չարը կամենա մեզ փորձել ու կորստյան մատնել, առանց Տիրոջ կամքի, առանց Աստծո թույլտվության որևէ բան չի կարող անել: Եվ Քրիստոս թույլ տվեց, որ հայրը ընկնի Տիրոջ առջև, աղաղակի և խնդրի, որպեսզի իր մանկանը բժշկի՝ ասելով. «Եթե մի կերպ կարող ես, օգնիր մեզ, Տեր, գթալով մեզ» (Մարկ. 9.21): Իսկ Քրիստոս պատասխանեց և ասաց. «Ասացիր՝ եթե կարող ես. ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»: Երեխայի հայրը իսկույն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, օգնիր իմ թերահավատությանը» (Մարկ. 9.22-23): Եվ Քրիստոս անմիջապես բժշկում է մանկանը: Հայրը հավատում էր Տիրոջը, բայց ուներ թերի հավատք, ոչ ամբողջական հավատք, ինչպես մենք այսօր: Մենք էլ հավատում ենք Տիրոջը, հավատում ենք, որ Աստված ոչնչից ստեղծեց մեզ, հավատում ենք, որ մեզ կյանք է տվել, որ մեզ նախախնամում է, հավատում ենք, որ Աստված մեր կողքին է, որ Աստված մեր կյանքում բազմաթիվ հրաշքներ է գործել, այնպիսի փորձություններից և հիվանդություններից է մեզ հանել, որ որևէ մեկը չէր կարող անել, եթե ոչ`Աստված: Բայց պահ է գալիս, որ մենք սկսում ենք թերահավատել, հատկապես փորձությունների ու դժվարությունների պահին՝ ասելով. «Ուրեմն Աստված մեզ մոռացավ, ուրեմն Աստված չկա, որ մենք այսպիսի դժվարությունների մեջ ենք»:
Մեղա Աստծո: Այսպիսին էր նաև մանկան հայրը. թեպետ հավատում էր, բայց մանկան տանջվելն ու չարչարվելը տեսնելով, նրա այս ծանր իրավիճակը տեսնելով՝ թերահավատում էր. խորհում էր, թե ինչո՞ւ էր իր անմեղ մանուկը այսքան տանջվում մանկությունից, ինչո՞ւ էր Աստված թույլ տալիս, որպեսզի նա այսպիսի դժվարությունների միջով անցնի: Չգիտենք ինչու, միայն Աստված գիտի: Եվ պետք է վստահենք Տիրոջն ու հավատանք, որ Աստված միայն բարին է կամենում: Հետո կհասկանանք, հետո կիմանանք, ուղղակի պետք է այսօր համբերել և սիրով տանել այն, ինչ Տերը մեզ հրամցնում է: Աստված բարի է և Աստված միայն բարին է կամենում: Մեկ ուրիշ տեղ Քրիստոս Ավետարանում ասում է. «Դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ» (Մատթ.7.11): Իրապես, մենք չար ենք, բայց յուրաքանչյուր հայր իր երեխայի վատը չի ցանկանում, միայն բարին է ցանկանում: Իսկ Աստված, որ բարի է, որքան ավելի շատ բարին կցանկանա մեզ: Բայց Աստծո խորհուրդները խորն են, Տիրոջ մտածումները տարբերվում են մեր մտածումներից: Մեր մտածումը նյութական է, մարմնավոր, անհեռատես, ոչ երկայնամիտ, բայց Աստված երկայնամիտ է, բազումողորմ, հեռուն է տեսնում, բարին է ցանկանում, որն անմիջապես չի իրականանում, այլ հետագայում պետք է իրականանա, ինչպես այս մանկան պարագան էր: Շատ չարչարվեց մանուկը մանկությունից և հայրն էլ մեծ դժվարություն ու չարչարանք կրելով եկավ, Քրիստոսի ոտքերն ընկավ: Նախ բժշկվեց հոր թերահավատությունը: Հոր հոգին ու միտքը բժշկեց թերահավատությունից, հաստատեց կատարյալ հավատքի մեջ, այնուհետև մանկանը բժշկեց հիվանդությունից: Ճիշտ այդպես էլ, եթե ուզում ենք Տիրոջ ողորմությունը մեզ վրա լինի, մեր հիվանդություններն ու ցավերը, մեր հարցերն ու խնդիրները պատասխան գտնեն, ապա նախ պետք է բժշկենք մեր թերահավատությունը, պետք է մաքրենք մեր հոգին և միտքը անհավատությունից, կասկածամտությունից, պետք է ամբողջապես վստահենք Տիրոջն ամեն ինչում՝ ասելով. «Տեր Աստված, երևի սա էր բարին, որ Դու կատարեցիր: Խոնարհվում ենք Քո երկնային կամքի առջև, խոնարհվում ենք Քո ճշմարիտ որոշման, Քո անսահման բարության ու ողորմածության առջև: Տեր, բժշկիր մեզ նաև ցավերից ու հիվանդություններից»: Երբ որ ընդունենք Տիրոջ կամքը, երբ որ սիրով տանենք ամեն ինչ, Քրիստոս անմիջապես մեզ բժշկելու է, անմիջապես ողորմելու է, որովհետև մեր Տերը Ավետարանում ասում է. «Խնդրեցեք Երկնքի Արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33): Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ խնդրել Երկնքի Արքայությունը նշանակում է խնդրել ու փնտրել մեր հոգու խաղաղությունն ու անդորրությունը, իսկ Աստուծո արդարությունը մեր մեղքերի թողությունն է: Բայց մենք սա չենք փնտրում, մենք հոգու խաղաղություն չենք փնտրում, այլ փնտրում ենք մարմնի շահը, հարմարավետությունը, փնտրում ենք ունեցվածք, այն ամենն, ինչ բարի է մարմնի համար: Մենք ավելորդ շատ գործեր ենք ձեռնարկում, մենք ուզում ենք, որ հաճելի լինի մեզ, վայելքներ ունենանք այս աշխարհում, ինչպես մարդիկ են ասում. «Մեկ կյանք ես ապրում, և վայելիր»: Սա խիստ սխալ խոսք է: Մարդ մի կյանք չի ապրում, այլ երկու` այս կյանքը և հավիտենական կյանքը: Եվ մեղքեր գործելով կյանքը չեն վայելում, այլ խորտակում են: Իսկ նա, ով իմաստուն է, զուսպ, ժուժկալ է ապրում այս կյանքում, և տալիս է կյանքն ու շահում հավիտենականությունը: Եթե այս կյանքը հարյուր տարի է, ապա հավիտենականությունը՝ հարյուր հազարավոր, անսահման, մշտնջենավոր է: Եվ նա, ով փնտրում է իր հոգու խաղաղությունը և իր մեղքերի թողությունը, Աստված նրան ավելիով է տալիս ամեն ինչ՝ բարօրություն, կերակուր, հագուստ և այլն, որքան իրեն անհրաժեշտ է և անվտանգ, անվնաս: Աստված գիտի մեզ ինչքան է պետք և տալիս է այդքան: Մենք ավելիին ենք ձգտում և ընկնում փորձության մեջ: Ուրեմն, այսօրվա դասն ին՞չ է մեզ. ամբողջապես վստահել Տիրոջն՝ ասելով. «Օրհնյալ է Քո սուրբ կամքը, Տեր Աստված, Քո բարի աչքը, Քո գթառատ ողորմությունը թող մեզ վրա լինի: Ամեն»:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան