Գրքեր

«Մանկահասակ երեխաների բերանից թող օրհնություն ելնի»

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»,- ասել է Սողոմոն Իմաստունը (Առակ. 1:7): Առաքինություններից առաջինը, որ երեխան պետք է ունենա իր սրտում, Տիրոջ հանդեպ երկյուղն է: Զուր ասված չէ, որ «մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի» (Սաղմ. 8:3): Երեխաների առողջ և ներդաշնակ զարգացման համար ծնողներն ու ուսուցիչները պարտավոր են երեխաներին Տիրոջ հանդեպ երկյուղ ներշնչել և աղոթել սովորեցնել: Չէ՞ որ երեխան միշտ ինչ-որ բան խնդրում է ծնողից, ապա ինչո՞ւ չխնդրի նաև Երկնավոր Հորից:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կիրակնօրյա դպրոցները լծված են Տիրավանդ այս պատգամների իրականացման առաքելությանը: Նոյեմբերի 16-ին Կոտայքի թեմի Սոլակ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու «Ս. Շուշան-Վարդենի» կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Քրիստինե Եսայանի գլխավորությամբ, ուխտագնացության էին եկել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում աշակերտներին ողջունեց և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը փոխանցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տեր Հայրը փոքրիկ ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, Զորավոր անվան բացատրությունը և թե ինչ սրբություններ, ուխտի օրեր ունի Երևանի հնագույն սրբավայրը: Տեր Հոր գլխավորությամբ երեխաները միասնաբար աղոթեցին: «Կարևոր է, որ ձեր սովորածը հիշեք և արժևորեք՝ որպես ազգային և հոգևոր ժառանգություն: Այդ արժեքների կրողը դուք եք, դուք պետք է պահեք մեր սրբությունները՝ ապրելով ձեր կյանքը՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, որպես ազգի և հայրենիքի պիտանի զավակներ՝ հնազանդվելով ձեր ծնողներին և մանկավարժներին»,- ասաց Տեր Վահանը՝ մաղթելով, որ Տերը ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Երևանի հնագույն սրվաբայր այցելելը և միասնաբար աղոթելը մեծ ուրախություն էր պատճառել փոքրիկ ուխտավորներին:

Երեխաների քրիստոնեական դաստիարակությունը օգնում է ծնողներին հետագայում շատ ու շատ խնդիրներից զերծ մնալ: Եթե որևէ մեկի տանը հրդեհ բռկվի, ապա տեսնողը չի ասի՝ դե ոչինչ, փոքր կրակ է, այլ անմիջապես օգնություն կկանչի և ամեն ջանք կթափի՝ հանգցնելու տարածվող կրակը: Նույնկերպ, հնարավո՞ր է հանգիստ նայել, թե ինչպես են երեխայի սրտում կրքերն ու վատ հակումները բոցեր արձակում՝ սպառնալով ժամանակավոր և հավիտենական մահվան: Գուցե ծնողներն ասեն, որ ժամանակի հետ երեխան կգիտակցի, թե որն է բարին և որը՝ չարը: Սակայն այս մտածումը կործանարար է, քանի որ մարդու գիտակցությունը երկկողմանի սուր է, որ կարելի է ուղղել ինչպես դեպի բարին, այնպես էլ դեպի չարը: Բարին ճանաչելը շատ քիչ է, անհրաժեշտ է երեխային փոքրուց բարին գործելու հմտությունն ուսուցանել: Քրիստոնյաների ամենադաժան հալածիչներից Դոմիցիանոսի մասին կարդում ենք, որ նա փոքրահասակ տարիքում սիրում էր տանջել և սատկացնել ճանճերին, ապա նաև՝ կենդանիներին: Դաժանություն կար նրա մեջ դեռ մանկուց, այդ պատճառով չպետք է ուշացնել երեխայի քրիստոնեական դաստիարակությունը: Այգեգործը ժամանակին կտրում է ավելորդ

շիվերը, այդպես և ծնողները պետք է վարվեն: Երեխայի սիրտը կարելի է համեմատել այգու, իսկ ծնողներին՝ Աստծո կողմից նշանակված այգեգործների հետ, որոնք մանկուց պետք է մաքրեն այգին՝ իրենց երեխայի սիրտը, մեղքերի մոլախոտերից: Իսկ եթե սպասեն, թե ինչպես չարը կարմատավորվի նրանց սրտերում, ապա հետագայում չեն կարողանա տիրապետել մոլախոտերին: «Դու տրտնջո՞ւմ ես,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը,- քո տղայի սանձարձակ վարքի համար: Դու հեշտությամբ կարող էիր զսպել նրան, երբ նա փոքր էր, սովորեցնեիր կարգ ու կանոնի և հոգու հիվանդությունը բուժեիր, երբ նրա սրտի արտն ավելի ընդունակ էր պարարտացման, այդ դեպքում դու կարող էիր դեռ չարմատավորված փուշը քաղել, այդ դեպքում երեխաների կրքերը քո անտարբերությամբ չէին լինի այդ աստիճան անհաղթահարելի»:

 

Կարինե Սուգիկյան

16.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․