Մարտի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցեցին, որպեսզի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի սինդրոմ ունեցող տասներկու երեխաներն անցնեն արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ: Բժշկական հետազոտությունն անցկացրեցին Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բուժաշխատակիցները:
Տեր Գրիգորը նշեց, որ մանկատան Դաունի սինդրոմ ունեցող երեխաներն այսուհետև համայնքի հոգածության ներքո կգտնվեն, բուժզննումներից բացի կանցնեն նաև վերականգնողական բուժական ընթացք:
Յուրաքանչյուր սոցիալական ծրագիր փաստում է, որ սերն առաջին հերթին ուշադրություն է մերձավորի հանդեպ, այն նաև ըմբռնում է, կարեկցանք, ողորմություն և բարություն: Քրիստոնյան գիտակցում է, որ այս աշխարհում իրեն ոչինչ չի պատկանում և որ ինքն արարվել է, որպեսզի Աստծո որդի լինի և իրեն շնորհված բարիքները ի փառս Աստծո գործածի: Ապրել չի նշանակում «վերցնել», այլ՝ «տալ»: Սուրբ Գիրքը հորդորում է՝ ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը (Գործք Առաքելոց 20:35): Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում ամեն ինչ բաշխեց մարդկանց, Իր կյանքն էլ զոհեց, որպեսզի, նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:16):
Կարինե Սուգիկյան