Մարդիկ աշխատում են կիրակի ու տոն օրերին, և նրանց վրա դժբախտություններ են տեղում

Ըստ եկեղեցական կանոնների՝ բոլոր տեսակի աշխատանքներն ավարտվում են տոնի կամ կիրակի օրվա նախօրեի երեկոյան ժամերգությունից առաջ: Եթե հնարավոր է, ապա ավելի լավ է նախորդ օրն ավելի երկար աշխատել, որպեսզի տոնական երեկոյան ժամերգության ժամանակ և հետո չաշխատել: Եթե որևէ մեկը խիստ անհրաժեշտության դեպքում ինչ-որ պարզ գործ անի կիրակի կամ տոնական օրվա երեկոյին մոտ, ապա դա ուրիշ բան է: Բայց այդ թեթև աշխատանքը ևս պետք է խելամտորեն արվի: Հնում նույնիսկ դաշտում աշխատող գյուղացիները, լսելով երեկոյան ժամերգությունն ազդարարող եկեղեցու զանգերի ղողանջը, խաչակնքվում էին, և ավարտում աշխատանքը: Նույնն էին անում նաև իրենց տների մոտ ձեռագործի համար հարևանուհիների հետ հավաքված կանայք: Նրանք վեր էին կենում նստարաններից, խաչակնքվում էին և մի կողմ դնում շյուղերը կամ այլ ձեռագործ աշխատանքը: Եվ Աստված օրհնում էր նրանց: Նրանք առողջ էին և ուրախ: Իսկ այժմ մարդիկ չեղարկել են տոները, հեռացել Աստծուց ու Եկեղեցուց, բայց արդյունքում՝ վաստակած բոլոր փողերը ծախսում են բժիշկների և հիվանդանոցների վրա: Մի անգամ մի հայր եկավ իմ խուց և ասաց. «Երեխաս հաճախ է հիվանդանում, և բժիշկները չեն հասկանում, թե ինչ է կատարվում նրա հետ»: «Կիրակի օրերին այլևս մի՛ աշխատիր և ամեն ինչ կկարգավորվի»,- պատասխանեցի նրան: Եվ իսկապես, նա հետևեց իմ խորհրդին և երեխան այլևս չէր հիվանդանում:

Աշխարհականներին միշտ խորհուրդ եմ տալիս դադարել կիրակի և տոն օրերին աշխատելուց, որպեսզի նրանց վրա դժբախտություններ չտեղան: Բոլորը կարող են կարգավորել իրենց աշխատանքը: Հիմքը հոգևոր նրբազգացության մեջ է: Եթե այդ նրբազգացությունը կա, ապա յուրաքանչյուր իրավիճակից էլ ելք կգտնվի: Եվ եթե այդ ելքին մի փոքր վնաս հետևի, ապա օրհնությունը, որ կստանան այդ մարդիկ, կրկնակի կլինի: Սակայն, շատերը դա չեն հասկանում և կիրակի ու տոնական օրերին նույնիսկ Սուրբ Պատարագի չեն գնում: Սուրբ Պատարագը սրբագործում է մարդուն: Եթե քրիստոնյան կիրակի օրը եկեղեցի չի գնում, ապա ինչպե՞ս պիտի սրբվի:

Սակայն, դժբախտաբար, մարդիկ կամաց-կամաց այնպես են անում, որ ո՛չ տոներից [ո՛չ Ավանդությունից] ոչինչ չմնա: Տե՛ս՝ նույնիսկ քրիստոնեական անուններն են փոխում, որպեսզի սրբերը մոռացվեն: Վասիլիկան Վիկա են դարձնում: Զոիից Զոզո են սարքում, և ոչ թե մեկ, այլ ամբողջ երկու կենդանի է ստացվում*: «Մայրերի տոն» են հորինել, մայիսի մեկ, ապրիլի մեկ… Շուտով կասեն. «Այսօր «կանկարի (артишок) օրն է», վաղը՝ «նոճու տոնը», վաղը չէ մյուս օրը՝ ատոմային ռումբի կամ ֆուտբոլը հնարողի հիշատակության օրը… Բայց չնայած այս ամենի՝ Աստված մեզ չի լքում:

 

* Ծերը բառախաղ է անում՝ հիմնվելով է նոր գոյացած Ζωζώ անվան (աղավաղված Ζωή – «կյանք» անունն է, որը համապատասխանում է ռուսական Զոյա անվանը) և Ζώο (կենդանի) բառի համանմանության վրա

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

30.08.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․