Մարդկանց փնտրտուքները

Մի անգամ ձմռանն ութսուն մարդ եկավ իմ խուց՝ ուսանողներից մինչև թատերական ռեժիսորներ: Այդ մարդիկ, արցունքն աչքերին, հարցնում էին կարո՞ղ են արդյոք… Աստվածաբանություն սովորել: Աշխարհը խենթացել է: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, բայց մեծամասնությունը չգիտի, թե ինչ: Ոմանք ճշմարտությունը ժամանցային վայրերում են փնտրում, մյուսները, խելագար երաժշտություն լսելով, ուզում են Քրիստոսին գտնել…

- Իսկապես, hա՛յր, ինչպիսի՜ փնտրտուքի մեջ են մարդիկ: Որքան մարդ է գալիս Ձեզ մոտ ու ժամերով հերթ կանգնում, որպեսզի հանդիպի Ձեզ հետ:

- Դա նույնպես ժամանակների նշաններից մեկն է՝ մարդիկ օգնություն են փնտրում (նույնիսկ) ինձ նման անարժանի մոտ: Իմ մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում ու զարմանում եմ, թե մարդիկ ինչ են իմ մեջ գտնում, որ այդպես շնչակտուր ինձ մոտ են գալիս: Ախր իրականում ես ո՞վ եմ` ձմերուկի կեղևով դդում: Իսկ մեր օրերում նույնիսկ դդումն են ձմերուկի փոխարեն ուտում, որովհետև դրա կեղևը ձմերուկի կեղևի նման է: Մարդիկ աշխարհի մյուս ծայրից ինձ մոտ են գալիս՝ առանց նույնիսկ իմանալու կգտնեն ինձ այստեղ արդյոք, թե ոչ: Իսկ ես մի կողմից խորշում եմ ինքս ինձնից, բայց մյուս կողմից էլ ցավ եմ ապրում մարդկանց համար: Ո՜ւր ենք մենք հասել: Որքա՜ն է ցածրացել աշխարհը: Եսայի մարգարեն ասում է, որ ժամանակ կգա, երբ մարդիկ կգտնեն մեկին, ով շուրջառ ունի ու կասեն նրան. «Մեզ իշխա՛ն դարձիր…» (Ես. 3:6): Աստված մեզ ողորմի:

Սուրբ Արսեն Կապադովկիացին քսանիններորդ սաղմոսն էր կարդում ծովում վտանգի մեջ հայտնվածների համար: Իսկ ես, այն կարդալով, ասում եմ. «Տեր իմ, արդեն ցամաքն էլ, այսինքն՝ ողջ աշխարհը, ծովից վտանգավոր է դարձել: Մարդիկ հոգևոր առումով խեղդվում են աշխարհում»: Երբ կյանքից հիասթափված մարդիկ են գալիս ինձ մոտ, ես նրանց համար 93 (94) ու 36 (37) սաղմոսներն եմ կարդում. «Աստված՝ արդարահատույց Տեր, Աստվա՛ծ արդարահատույց, դու հայտնվեցիր։ Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին… Քո ժողովրդին, Տե՛ր, ճնշեցին, և քո ժառանգությունը չարչարեցին… Տերն եղավ իմ ապավենը, իմ հույսի օգնական Աստվածը…»: Այս սրբազան խոսքերը լիովին մխիթարում են հոգին: Եթե թշվառները գոնե մի հայացք գցեին Երկնքին, ապա շատ բան կփոխվեր: Սակայն մարդիկ այսօր Աստծու մասին չեն մտածում: Այդ պատճառով էլ հոգևոր առումով նրանց օգնելու փորձերը հենց մարդկանց մեջ արձագանք չեն գտնում և չես կարողանում փոխըմբռնման գալ նրանց հետ:

Ես անընդհատ խնդրում եմ Աստծուն, որ բարեպաշտ մարդիկ, քրիստոնյաներն ավելանան աշխարհում, որպեսզի մյուսներին օգնեն: Թող Աստված այդպիսի օրինավոր քրիստոնյաներին երկար տարիների կյանք տա: Եկեք աղոթենք, որ Աստված լուսավորի աշխարհն ու ուրիշ մարդիկ աշխարհ գան, ոչ այնպիսիները, որ այսօր կործանում են աշխարհը, այլ՝ նոր ու մաքուր: Խնդրենք Աստծուն, որ նոր Մակաբայեցիներ* հայտնվեն: Երիտասարդները միգուցե անփորձ են, սակայն նրանց մեջ խաբեություն ու նենգություն չկա:

Եկեք խնդրենք Աստծուն, որպեսզի լուսավորի ոչ միայն նրանց, ովքեր Եկեղեցուն են պատկանում, այլև իշխանության գլուխ գտնվողներին, որպեսզի նրանք Աստծու երկյուղն ունենան ու ընդունակ լինեն որևէ լուսավոր խոսք ասելու: Իշխանություն ունեցողները միայն մեկ լուսավորված խոսքով կարող են մի ակնթարթում ողջ աշխարհը փոխել: Իսկ մի անմիտ խոսքով կարող են մի ողջ պետություն քանդել: Բարի որոշումը բարերարություն է աշխարհի համար, իսկ անմիտը՝ աղետ: Մարդկանց թշվառությունը ոչ միայն նյութական կարիքների մեջ է, ոչ միայն սնունդի պակասի կամ զրկանքների մեջ: Նրանց հոգևոր թշվառությունն ավելի սարսափելի է:

Աղոթքը շատ կօգնի, որպեսզի Քրիստոս մարդկանց մի փոքր լույս տա: Քրիստոս ինչպե՞ս է վարվում. վերցնում է պտուտակահանը, մի քիչ ձգում է կամ թուլացնում, որտեղ որ պետք է և ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Երբ Աստված լուսավորում է որոշ մարդկանց, չարը կամաց-կամաց արժեզրկվում է ու պահանջարկ չի ունենում: Որովհետև Աստված չէ, որ կործանում է չարը, այլ այն ինքն իրեն է կործանում: Ժամանակը կգա ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Տեսնում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում, ցավ են ապրում դրա համար ու պայքարում են չարի դեմ: Այդ ամենն ինձ մեծ ուրախություն է պատճառում:

 

* «Մակաբայեցիներ» մականունը (ամենայն հավանականությամբ այդ բառի իմաստը «թշնամիներին պարտության մատնող» է) տրվել է Հուդայական ապստամբության առաջնորդ Հուդային (Ք.Ա. 166 թ.) ու նրա հետևորդներին: Ապստամբությունը Անտիոքոս Դ-ի դեմ էր, ով Սելևկյանների տոհմի առաջնորդն էր: Մակաբայեցիներն աչքի էին ընկնում իրենց հավատքի ու Իսրայելի քաղաքական անկախության համար մղվող անձնվեր պայքարով (Տես՝ Մակաբայեցիների գրքերը):

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

05.12.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․