Փոքր թվացող բարի արարքները մարդու համար նույնքան օգտակար են, որքան ջուրը ծաղկի համար: Փոքրի կարևորության մասին կյանքն ինքն է վկայում. մի փոքր թթխմորը կարող է խմորել մի պարկ ալյուրը, աննշան լույսը կարող է ցրել շրջապատի խավարը, մի փոքր աղը համեմում է ողջ կերակուրը: Նմանապես ամենափոքր արարքը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը հորդորում են չհրաժարվել փոքր թվացող արարքներից՝ ասելով, որ մեծ բարիք չեմ կարող գործել, փոքրն էլ չեմ անի: Մեծ բարիքը միայն կտուրն է, որ դրվում է աղյուսներով՝ փոքրիկ բարի գործերով, բարձրացած պատի վրա: Այդպես է փրկվում մարդը. փոքրից է ծագում մեծը: Փոքրի մեջ հավատարիմը մեծի մեջ էլ հավատարիմ կլինի (Ղուկ. 16:10):
Դեկտեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Շրջանային 2/5 հասցեում վարձակալությամբ բնակվող Մելոյան բազմազավակ ընտանիքին: Խոնավ և անմխիթար վիճակում գտնվող երկու փոքր սենյակներից բաղկացած տանն է բնակվում յոթ հոգուց բաղկացած ընտանիքը: «Ֆինանսական խնդրի պատճառով երկու տարի առաջ տեղափոխվեցինք այս փոքր և ավելի մատչելի գին ունեցող բնակարանը: Շուտով կծնվի մեր վեցերորդ զավակը և չգիտեմ, թե ինչպես ենք լուծելու մեր կեցության խնդիրը: Ամուսինս հեպատիտ C հիվանդությամբ է տառապում, ինչի պատճառով նա միայն ժամանակ առ ժամանակ է աշխատում, իսկ ընտանեկան նպաստով կարողանում ենք միայն տան վարձը վճարել»,- ասաց ընտանիքի մայրը՝ Հարությունյան Մարինեն (37 տ.):
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամներից մեկը՝ ի հիշատակ իր հանգուցյալ ծնողների՝ Ֆրանկյան Հայկի և Կարապետյան Ֆենյայի:
«Այնքան փոքր ենք, որ ամեն ինչ փոքր ենք տեսնում: Սակայն Աստված, լինելով Ամենակարող, ամեն ինչ մեծ է տեսնում, նույնիսկ, երբ նամակ ես գրում կույր մարդու համար կամ գնում նստում և լսում ես նրան, կամ նրա նամակներն ես տանում՝ կամ այցելում մեկին, կամ ծաղիկ տանում, աննշան բաներ, կամ մեկի հագուստն ես լվանում կամ տունը մաքրում: Շատ մարդիկ կան, որոնք մեծ բաներ են անում, քչերն են, որ փոքրերն են անում, մարդու ուժը փոքրի մեջ հավատարիմ լինելու մեջ է»,-այսպիսին է Մայր Թերեզայի հորդորը: Նրա իսկ խոսքերով. «Երբեք չենք իմանա՝ ի՜նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը»:
Կարինե Սուգիկյան