Գրքեր

Մարդը՝ Աստծո պատկեր և նմանություն

«Մարդ ստեղծենք Մեր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. 1:26)

Աստված մարդուն արարեց անարգ նյութից՝ երկրի կավից, և նրան պատվեց՝ տալով Իր պատկերն ու նմանությունը, բայց ի՞նչ ասել է Աստծո «պատկեր և նմանություն»: Եկեղեցու վարդապետներն ասում են, որ Աստված հոգի է, ուրեմն այս պատկերն ու նմանությունը հոգևոր իմաստով պետք է հասկանալ: Նրանք, մեկնելով Սուրբ Երրորդության անհաս միությունը, ասում են. «Նայի՛ր ինքդ քեզ, քանզի քո մեջ էլ կա նմանությունը Սուրբ Երրորդության՝ ունես բանականություն, այդ բանականությունից ծնվող խոսք և այդ բանականությունից բխող միտք. առանց մեկի մյուսը լինել չի կարող», բայց սա լոկ նմանություն է և ոչ՝ իսկություն: Սուրբ Գրիգոր Տաթևացին, անդրադառնալով մարդու՝ Աստծուն նմանությանը, ասում է. «Աստված Աստծուց է ծնվում և մարդը մարդուց, ուղիղ է Աստված և մարդը ուղիղ է արարված», իսկ սուրբ Գրիգոր Նյուսացին լրացնելով՝ հավելում է. «Իր անճառելի երանությունը և առաքինությունն Աստված մեզ պարգևեց՝ տալով մաքրություն, անախտություն և չարից օտարություն», իսկ Սուրբ Հովհաննես պլուզ Երզնկացին ասում է. «Սուրբ Երրորդություն է Աստված՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, առանց մեկի մյուսը գոյություն չունի, այդպես էլ մարդն ունի միտք, բան (բանականություն) և հոգի»: Ահա սա է այն պատկերակցությունը, որ մարդ ունի Աստծո հետ, բայց պիտի հասկանանք, որ այդ պատկերակցությունը նմանությամբ է:

Ինպե՞ս:

Երբ ասում ենք, որ մարդ ունի Աստծո նման ազատ կամք, պետք է հասկանանք, որ այդ կամքը նմանողությամբ է, քանզի Աստծո կամքը որպես կատարյալ բարիք չգոյից գոյության է կոչում ամեն ինչ, որ կամենում է, իսկ մարդուս կամքը թեև ազատ է, ինչպես Աստծո կամքը, բայց արարչական կամք չէ, այսինքն՝ մարդու կամեցածը երբեմն-երբեմն է իրականանում և շատ հաճախ ոչ այնպես, ինչպես նախապես որոշում է մարդ, որի համար էլ ասում ենք «նման» և ոչ թե նույնը:

Երբ ասում ենք, որ մարդ Աստծո նման ունի բան՝ բանականություն և ստեղծագործելու կարողություն, պիտի հասկանանք, որ Աստծո Բանը կատարյալ Աստված է և արարչակից է Հորը, իսկ մարդու բան-բանականությունը մարդկային է, այո,՛ այն ստեղծագործակից է մարդուն, բայց լոկ քննում է եղականները և ժամանակի մեջ է, ժամանակակից է մարդուն և փոփոխական է մարդու նման՝ ունի աճում և նվազում: Աստված ստեղծագործում, արարում է այն, ինչ կամենում է և արարում է ոչնչից, իսկ մարդ, նախ, ոչ թե արարում, այլ ստեղծագործում է և այն էլ ոչ հար և նման իր ցանկացածին, այլ այն, ինչ արդյունքում ստացվում է և ինչ էլ ստեղծում է, ստեղծում է Աստծո շնորհով. «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ» (Ծննդ. 4:1):

Այսքանով մենք «մատի ծայրով» հասկանում ենք, թե ինչ ասել է «պատկերով» և ինչ ասել է  «նմանությամբ» ստեղծված լինել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ասում է. «Աստված մարդուն ստեղծեց այն պատկերով, որով հայտնվեց ժամանակների լրումին»: Ահա այստեղ մեզ համար նորովի հասկանալի է դառնում այն փառքը, որով Աստված ստեղծեց մարդուն՝ ասելով. «Մեր պատկերով և նմանությամբ», քանզի այդ նույն պատկերով Աստված հաճեցավ մարմնանալ և մինչ մարմնանալն այդ նույն կերպարանքով Աստված հաճեցավ իջնել բաբելոնյան հնոցի մեջ (տես՛ Դանիել 3:92) և երևալ նախահայրերին:

Ուստի մարդ, դո՛ւ, որ ստեղծվեցիր այդպիսի մեծ փառքով և պատվով, և կոչվեցիր լինել ժառանգող անանց բարիքների և իմանալի երկնքի, գիտակցի՛ր քեզ տրված սրբության արժեքը, որն է Աստծո պատկերը և նմանությունը, և մեղքով մի ապականիր քո աստվածաստեղծ հոգին:

 

Վաչագան սրկ. Դոխոլյան

26.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․