Մարդը հրեշտակ չէ

Իոհան Կոլովն իր հարազատ եղբայր Դանիելի հետ անապատ հեռացավ, որտեղ էլ վանականություն ընդունեց: Նրանք սկսեցին մի խցում ապրել և ճգնում էին պահեցողությամբ և աղոթքով: Որոշ ժամանակ անց Իոհանը եղբորն ասաց.

- Որոշել եմ բացարձակապես չմտահոգվել մարմնիս մասին, չեմ ուզում կրակի վրա պատրաստված կերակուր ուտել, այլ ուզում եմ անմարմին հրեշտակի պես ապրել այս անապատում:

Այս ասելով՝ եղած հագուստը վրայից հանեց ու դուրս եկավ խցից:

Հենց այդ գիշեր խիստ ցուրտ եղավ: Ցրտին չդիմանալով՝ Իոհանն իրենց խուցը վերադարձավ ու սկսեց դուռը ծեծել: Եղբայրը երկար ժամանակ չէր արձագանքում՝ կամենալով խրատել նրան, այնուհետև, աղոթելուց հետո ասաց.

- Ո՞վ է այդպես համառորեն իմ դուռը ծեծում:

- Ես եմ՝ քո եղբայր Իոհանը: Չդիմացա ցրտին և վերադարձա քեզ ծառայելու:

Դանիելը պատասխանեց.

- Մի՛ գայթակղեցրու ինձ, դև՛: Հեռացի՛ր, բաց չեմ անի դուռը: Ինչպե՞ս ես համարձակվում ասել, որ իմ եղբայրն ես: Մի՞թե չգիտես, որ իմ եղբայրը հրեշտակ է, անտեսում է իր մարմինը, կերակրի կարիք չի զգում: Հեռացի՛ր ինձնից:

Իոհանն աղոթեց և ասաց.

- Ես քո եղբայր Իոհանն եմ: Այժմ, երբ չդիմացա ցրտին, հասկացա, որ մարմին ունեմ:

Երբ նա ապաշխարեց՝ եղբայրը բացեց դուռը և ասաց.

- Եղբա՛յր, դու մարմին ունես և պիտի աշխատես մարմինդ կերակրելու և հագցնելու համար:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

16.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․