«Մարդը ծնվում է մահվան համար, իսկ մահանում՝ Կյանքի համար»

«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11:9): Մարդկային կյանքը վաղ թե ուշ հասնում է մի շեմի, որից այն կողմ հնարավոր չէ ոչինչ փոխել: Այդ շեմը ֆիզիկական մահն է. քանի դեռ մարդն ապրում է, հույս ունի ապաշխարության: Սուրբ Գրքի իմաստասիրական գրքերից մեկում կարդում ենք. «Նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը և Նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես: Մի՛ հապաղիր ժամանակին կատարել խոստումդ և մինչև մահ մի՛ հետաձգիր արդարացումդ: Հիշի՛ր վախճանի օրվա ցասումը և վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի Իր երեսը» (Սիրաք 18:22, 24): Երկրային կյանքը փրկությանն արժանանալու կարևորագույն և պատասխանատու ժամանակահատված է, բացառիկ մի արժեք, որի միջոցով որոշվում է մարդու հավիտենական ապագան: Հայրաբանության մեջ ասվում է, որ մարդը ծնվում է մահվան համար, իսկ մահանում՝  Կյանքի համար: «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր...» (Երկր. Օր. 30:19): Հեսուի որդի Սիրաքն իր իմաստության գրքում ասում է. «Տիրոջ համար դյուրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների: Մեկ ժամվա տանջանքը մոռացնել է տալիս հաճույքները, և մարդու վախճանի ժամին հայտնի է դառնում նրա գործերը» (Սիրաք 11:28-29): Մարդը մոլորության մեջ է հայտնվում, երբ իրեն շնորհված ապաշխարության ժամանակը հետաձգում է մինչև մահ՝ չիմանալով հանդերձ, թե երբ կապրի իր կյանքի վերջին օրը: Եթե մարդն ուշանում է ընկերոջ հետ հանդիպումից, ապա կարող է ներողություն խնդրել նրանից, եթե ուշանում է աշխատանքից, կարող է բացատրագիր գրել, բայց եթե ուշանում է Աստծու հետ հաշտվելուց, ապա այդ վճռորոշ բացթողումը հավիտենական անդառնալի հետևանք է ունենալու նրա համար: Սուրբ առաքյալները կոչում են անհավատներին և ասում. «Ահա թե ինչու մենք Քրիստոսի պատգամավորներ ենք, այնպես որ մեր միջոցով կարծես Աստված Ինքն է խոսում ձեզ հետ, և աղաչում ենք ձեզ հանուն Քրիստոսի. հաշտվեցե՛ք Աստծո հետ» (Բ Կորնթ. 5:20):

Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ այս կյանքում է ամեն ինչ որոշվում և երկրային կյանքից է կախված մարդու հավիտենական բաժինը: «Քանի դեռ հնարավոր է, հո՛գ տարեք ձեր կյանքի համար, քանի դեռ ժամանակ կա, ապրե՛ք աստվածահաճո կյանքով: Երբ գա ժամանակը այս կյանքը թողնելու, չի լինելու ոչ մի տեղ ապաշխարության: Այստեղ ենք ձեռք բերում կամ կորցնում կյանքը, այստեղ ենք աստվածապաշտությամբ և բարի գործերով ապահովում մեր հավիտենական փրկությունը: Նա, ով ապրում է այս աշխարհում, նրա համար ուշ չէ ապաշխարությունը»,- հորդորում է Ս. Կիպրիանոս Կարթագենացին: Իսկ Ս. Եփրեմ Ասորին իր հերթին կոչում է՝ քանի դեռ այս կյանքում ենք, կարող ենք Տիրոջ ողորմությանն արժանանալ: Դժվար չէ այստեղ ներման արժանանալ և բարեպատեհ ժամանակին բախել Տիրոջ ողորմության դուռը: Ապաշխարե՛նք, քանի դեռ Տերն ընդունում է ապաշխարության արցունքները, քանի որ գերեզմանում անօգուտ են լինելու արցունքները: Այստեղ է լսում մեզ Տերը, այստեղ է ներում մեզ, երբ ներում ենք հայցում: Այստեղ մխիթարություն է, այնտեղ՝ հարցաքննությունը: Այստեղ համբերություն է, այնտեղ՝ խստությունը: Այստեղ ներողամտություն է, այնտեղ՝ արդարադատությունը: Այստեղ ազատություն է, այնտեղ՝ դատաստանը: Այսպիսով, ազատ կամքը՝ որպես սուրբ պարգև, տրվել է յուրաքանչյուրին, որպեսզի այս կյանքում բարու կամ չարի մեջ հաստատվի:

Ցավոք, մարդը, թողնելով սուրբ պատվիրանները, փորձում է առանց Աստծու ուրախություն գտնել ՝ չգիտակցելով, որ Աստված է իր միակ ուրախությունը և միայն Աստծով է իր հոգին ջերմանում ու զվարթանում: Աստված արարել է մարդուն հավիտենական երանության համար, բայց մարդը, բարդացնելով իր կյանքը, զրկում է իրեն անասելի այդ երանությունից: Երբ մարդն ապրում է Աստծով, ապա իր մեջ կրում է Երկնային Արքայությունը: Պարադոքսն այն է, որ մարդ, ապրելով երկրի վրա, ավելի շատ հոգ է տանում իր մարմնի մասին, որ մահանալու է, քան հոգու մասին, որ անմահ է և որը հնարավոր է փրկել միայն այս երկրային կյանքում: Հայր Պաիսիոս Աթոսացին կարևորում է այն, որ մարդը ճանաչի կյանքի խորագույն իմաստը, որ կայանում է հոգու փրկության մեջ. «Հավատալով Աստծուն՝ մարդ գիտակցում է, որ երկրային կյանքն անցողիկ է և պատրաստվում է ճամփորդելու այլ աշխարհ: Հաճախ մոռանում ենք այն մասին, որ ոչ ոք չի կարող փախչել մահից: Այս կյանքը մեզ տրված չէ, որ անվրդով վայելենք այն, այլ որպեսզի քննություն հանձնենք հավիտենական կյանքի համար: Այդ պատճառով մեր առջև պետք է ունենանք նպատակը՝ պատրաստվելու այս փորձությանը, որպեսզի երբ Քրիստոս կանչի մեզ Իր մոտ, անարգել գնանք դեպի Նա՝ Նրա հետ հավիտենության մեջ ապրելու համար»:

Մեծագույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա, աստվածաբան և գրող Բլեզ Պասկալը (1623-1662 թթ.) իր մահից երկու տարի առաջ մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերմային գրել է, որ  մարդկային գոյության ճշմարիտ նպատակը հնարավոր է բացահայտել ճշմարիտ կրոնի միջոցով. «Մարդուն երջանկացնելու համար հարկավոր է նրան ցույց տալ, որ կա Աստված, որ պարտավոր ենք Նրան սիրել, որ մեր իրական բարիքը Նրանով ապրելն է և մեր միակ դժբախտությունը Նրանից բաժանված լինելն է»:

Կյանքը Քրիստոսով սկիզբ առավ: «Ես եմ հարությունը և կյանքը: Ով որ հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է և հավատում է Ինձ, երբեք չի մեռնի» (Հովհ. 11:25): Մուտքը դեպի հավիտենական կյանք սկսվում է այս կյանքից, և աստվածահիմն եկեղեցին սկիզբն է հավիտենական կյանքի: Դեպի հավիտենություն ձգվող նոր կյանքն իրական է դառնում այն հավատի միջոցով, որ Քրիստոս է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

 

12.03.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․