- Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ:
- Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ որ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի:
- Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, ճաշարանում կաթսա է լվանում կամ նման մի գործով է զբաղված: Ինքն իրեն ինչպե՞ս պետք է տրամադրի:
- Եթե նա մտածի այն մասին, որ Քրիստոս Իր աշակերտների ոտքերը լվաց (Հովհ. 13:4-14), ապա կդադարի դառնանալուց: Քրիստոս դրանով կարծես ասում է մեզ. «Դուք էլ պետք է այդպես վարվեք»: Ինչով էլ որ մարդ զբաղված լինի՝ կաթսաներ լվանա, մաքրի, հողը փորի, պետք է ուրախանա: Չէ որ մարդ կա, որ կոյուղի է մաքրում, որովհետև չի կարողանում այլ աշխատանք գտնել: Խեղճն ամբողջ օրը կեղտի ու մանրէների մեջ է: Մի՞թե նա մարդ չէ: Աստծու պատկերը չէ՞: Մի ընտանիքի հայր կոյուղի մաքրող էր աշխատում և հոգևոր բարձունքի էր հասել: Նա թոքախտով հիվանդացավ և թեկուզ կարող էր թողնել այդ աշխատանքը, բայց չցանկացավ, որպեսզի իր փոխարեն մեկ ուրիշը տանջվի: Այդ մարդը սիրում էր այն պարզ, ստորին կյանքը, որն արհամարհված էր այլոց կողմից, և դրա համար էլ Աստված նրան օրհնության արժանացրեց:
Մասնագիտությունը չէ մարդուն մարդ դարձնողը: Ես նավահանգստում աշխատող մի ծանոթ բեռնակիր ունեի, որը մահացածին հարություն տվեց: Երբ Իվերական անապատում ես դիկեոս* էի, մի անգամ ինձ մոտ հիսունհինգ տարեկանին մոտ մի մարդ եկավ: Ուշ երեկոյան գալով՝ նա դուռը չթակեց, որպեսզի չանհանգստացնի հայրերին և դրսում պառկեց քնելու: Երբ անապատի ճգնավորները տեսան դա՝ նրան ներս տարան և ինձ հայտնեցին այդ մասին: «Ինչո՞ւ զանգը չտվեցիր,- հարցրի նրան,- մենք դուռը կբացեիք և քեզ սենյակ կտայինք»: «Այդ ի՞նչ ես ասում, հայր,- պատասխանեց նա,- ինչպե՞ս կարող եմ համարձակվել անհանգստացնել ձեզ»: Տեսնելով, թե ինչպես է նրա դեմքը շողում՝ հասկացա, որ շատ հոգևոր կյանքով է ապրում: Հետո այդ մարդը պատմեց, որ մանկական հասակում նա զրկվել է հորից և այդ պատճառով էլ, ամուսնանալով՝ շատ էր սիրում իր աներոջը: Աշխատանքից հետո նախ՝ գնում էր աներոջն ու զոքանչին տեսնելու, հետո՝ իր տուն էր գնում: Սակայն շատ էր դառնանում, որովհետև աները մեծ հայհոյախոս էր: Շատ անգամներ էր խնդրել աներոջը դադարել, սակայն նա վերջ չէր տալիս: Մի անգամ աները ծանր հիվանդացավ: Նրան հիվանդանոց տարան, և մի քանի օրից մահացավ: Երբ աները մահանում էր՝ այդ բեռնակիրը նրա մոտ չէր, որովհետև այդ ժամանակ նավ էր բեռնաթափում: Երբ նա հիվանդանոց եկավ և նրան ասացին, որ աները մահացել է, նա դիահերձարան գնաց և սրտի խոր կսկիծով սկսեց աղոթել. «Աստված իմ, խնդրում եմ հարություն տուր նրան, որպեսզի խոստովանի իր մեղքերը և հետո նորից հետ վերցրու»: Նույն պահին մահացածն աչքերը բացեց և սկսեց ձեռքերը շարժել: Դա տեսնելով՝ դիահերձարանի աշխատակիցները սարսափով փախան: Բեռնակիրն աներոջը տուն տարավ, և նա լիովին ապաքինվեց: Դրանից հետո ևս հինգ տարի ապրեց զղջման ու ապաշխարության մեջ: «Հա՛յր,- պատմում էր ինձ բեռնակիրը,- ես փառք եմ տալիս Աստծուն այն բանի համար, որ ինձ այդ շնորհն արեց»: Նա շատ պարզ մարդ էր: Եվ միաժամանակ նա այնքան մեծ խոնարհություն ուներ, որ նույնիսկ մտքով էլ չէր անցնում, որ մահացածի է հարություն տվել: Նա բառացիորեն փուլ էր գալիս Աստծու հանդեպ զգացած երախտագիտությունից, թե Նա ինչ էր արել իր համար:
Շատ մարդիկ տանջվում են, որ իրենց չի հաջողվում սին փառքի արժանանալ կամ փուչ բաներով հարստանալ: Նրանք չեն մտածում, որ այդ բոլոր հարստություններից ու փառքից մյուս կյանքում, այսինքն՝ իսկական կյանքում, ոչ մի օգուտ չի լինի: Ախր դրանք տեղափոխել էլ չի լինի այդ մյուս՝ իսկական կյանք: Այնտեղ մենք կտանենք միայն մեր այն գործերից, որոնց օգնությամբ այստեղ՝ երկրի վրա, կստանանք համապատասխան «ելքի թույլտվությունը»՝ մեր առաջիկա մեծ ու հավիտենական ճամփորդության համար:
* Դիկեոս – մեկ տարով ընտրված կամ նշանակված վանական Սուրբ լեռան անապատներում, որ համակարգում է անապատի բնակիչների կյանքը:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը