Մասունքակիր մեծ ձեռաց Խաչի օծում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում

Դեկտեմբերի 24-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունն անցկացվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ժամերգության ավարտին Սրբազան Հոր ձեռամբ օծվեց մասունքակիր արծաթյա մեծ ձեռաց Խաչը, որ գործածվելու է Սբ. Պսակադրության արարողության ժամանակ: Խաչի նվիրատուն Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Ժաննա Ղազարյանն էր:

Արարողության ավարտին Սրբազան Հայրը, ողջունելով ներկաներին, նախ իր գնահատանքը հայտնեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, նշելով, որ նրա հովվության շրջանում բարեզարդվել է եկեղեցին իր ողջ բովանդակությամբ՝ իր դռները բացելով հավատավորի հոգու առջև: Սրբազան Հայրը նաև շնորհակալություն հայտնեց տիկին Ժաննային, ով Սբ. Խաչն ընծայաբերել էր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուն իր թոռնիկի անունից: «Պսակադրության արարողության համար օծված Սբ. Խաչը՝ Երուսաղեմից բերված ձիթենյաց մասունքը կրող, առավել զորավոր է, քանի որ Տիրոջ հետքերով է գնացել, և Տիրոջ հոգին այստեղ ներգործուն ձևով ներկա է լինելու մեր աղոթքներում: Սբ. Խաչը քրիստոնեական հավատքի գերագույն խորհրդանիշն է և հավատքի կենդանի աղբյուրը հավատացյալներիս համար: Փրկության գործիքն անընդհատ հիշեցնում է մեզ քրիստոնյա լինելու պատկանելիության մասին: Սբ. Խաչը թող միավորի մեր սիրտն ու միտքը, որպեսզի արժանի լինենք քայլելու Խաչի հետքերով՝ միավորվելու համար Տիրոջ սրտին ու մտքին, մասնակիցը լինելով Գերագույն Սիրո: Իսկ Գերագույն Սերն արտահայտվում է մեկս մյուսին սիրելով, ինչի համար մարմնացավ մեր Տերը՝ Իր Սերը բաշխելով Իր հետևորդներին: Սիրելու գերագույն պատվիրանը Սբ. Խաչի օծման առթիվ ամրագրենք մեր սրտի մատյանում, որպեսզի այն մշտանորոգ կոչնակ դառնա դեպի Տերը առաջնորդվելիս: Մենք անմահության հավատքի հետևորդներն ենք և Սբ. խաչին երկրպագում ենք հարության հավատքով»,- ասաց Սրբազան Հայրը:

Արարողությունից հետո բոլոր ներկաները հաղորդ դարձան Սուրբ Խաչի օրհնությանը:

«Թոռնիկիս՝ վեցամյա Արթուր Բալայանի մեծ ցանկությունն էր խաչ նվիրել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Արդեն երեք տարի է Արթուրը մասնակցում է «Ոտնլվա»-ի արարողությանը, նաև ժամանակ առ ժամանակ շապիկ է հագնում և Սբ. Խորան բարձրանում: Թոռնիկս, լսելով Տիրոջ խոսքը, հավատքի մեջ աճում է կաթիլ առ կաթիլ և կարծում եմ, որ երեխայի հոգևոր դաստիարակության հարցում իրենց կարևոր դերն ունեն տատիկն ու պապիկը»,- ասաց տիկին Ժաննան:

Տեր Գրիգորը նշեց, որ արծաթյա մեծ ձեռաց խաչում ամփոփված է Երուսաղեմի Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու բակում գտնվող ձիթենու ծառի փայտից մի կտոր: Ներկայացնելով ձիթենու ծառի հետ կապված ավանդությունը՝ Տեր Հայրն ասաց, որ Հայ Առաքելական Սբ. եկեղեցուն պատկանող սրբավայրի՝ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու խորանին կից, դրսի կողմից մինչև հիմա կա և պտղաբերում է այն ձիթենին, որից, ըստ ավանդության, կապել են մեր Տեր Հիսուս Քրիստոսին մինչ Աննա քահանայապետի դատը: Ծառը չորացած է եղել և սկսել է պտղաբերել, երբ նրա վրա կաթացել է Քրիստոսի արյունը: Ըստ ավանդության՝ Հիսուսի «Առաջին բանտի» ձիթենու ծառի տերևներով զանազան հիվանդություններ են բժշկվում, իսկ ձիթապտուղներն աղոթքով օգտագործող ամուլ կանայք Աստծո ողորմությամբ և իրենց հավատքով պտղաբերում են: Ապա Տեր Հայրը հավելեց. «Մեր ցանկությունն է, որ նորապսակներն օրհնություն ստանան հրաշագործ ձիթենու մասունքը կրող այս խաչով՝ արժանանալով զավակ ունենալու աստվածային մեծ պարգևին»:

Այսուհետ կյանքի և փրկության միջոց համարվող մասունքակիր մեծ ձեռաց Խաչի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Սբ. Պսակի արարողությամբ կօրհնվի ամուսնացող զույգի սիրո և հավատարմության ուխտը, որ կատարվում է Աստծո և հանրության առջև:

 

Կարինե Սուգիկյան

24.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․