Մատանի

Մատանին ունի ուժի, իշխանության, թագավորության խորհուրդ: Այն կրում էին հայրապետներն ու թագավորները, որը խորհրդանշում էր իրենց ուժն ու իշխանությունը:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մատանու գործածությունը գալիս է շատ հնուց։ Հայ եկեղեցու նվիրապետական կարգից միայն եպիսկոպոսն ու կաթողիկոսն են պանակեի հետ միասին կրում նաև մատանի՝ որպես պատվի և իշխանության նշան: Եթե աշխարհականների համար մատանի գործածելը պարզապես ցանկության և դրամի հարց է, ապա եկեղեցականների համար աստիճանի և պատվի նշանակություն ունի:

Եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ Հայրապետը եպիսկոպոսին օծելուց հետո հանձնում է նրան հովվական իշխանությանը հատուկ նշանները՝ գավազանը, մատանին և Ավետարանը: Մատանին եպիսկոպոսի աջ ձեռքի ճկույթ մատին դնելիս ասում է. «Ընկա՛լ մատանի առհաւատչեայ հաւատարիմ, եւ մնա՛ զգուշութեամբ յաստուածայինդ քո փեսայութիւն սուրբ Եկեղեցւոյ ճշմարիտ եւ ուղիղ հաւատով»: Այսինքն՝ մատանին բացի իշխանության խորհուրդից եպիսկոպոսին տրվեց՝ իբրև Սուրբ եկեղեցու հետ փեսայացման խորհրդանիշ:

Իսկ նորաօծ կաթողիկոսին ձեռնադրության ժամանակ հայրապետական իշխանության մյուս խորհրդանիշների հետ միասին տրվում է նաև մատանի, որը նա կրում է աջ ձեռքի մատնեմատին:

Գործածած մատանիները կարող են լինել ոսկեօղակ՝ զարդարված ազնիվ քարով կամ ադամանդներով: Մեզանում վարդապետները մատանի կրելու արտոնություն չունեն, թեև հայ հռոմեականների ծայրագույն վարդապետները ունեն այդ արտոնությունը: Լատինացիների մոտ աստվածաբանության վարդապետության դպրոցական ամեն մի աստիճան ունեցողին մատանու արտոնություն է տրվում, իսկ հույների մոտ մատանու սովորույթ բոլորովին չկա:

23.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․