25 Նոյեմբեր, Բշ
«Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը… և քարոզում էր արքայության Ավետարանը» (Մտթ. Դ 23):
«Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. Զ 33):
Հիսուս շուրջ 2000 տարվա դեմք է: Ոչ մի հնագույն պատմական դեմք այսօր այնքան հատկանշականորեն ճանաչված չէ աշխարհում, որքան որ Հիսուս: Հին և նոր աշխարհների ոչ մի անձի մասին այնքան մանրակրկիտ ուսումնասիրություններ ու բարեխիղճ պրպտումներ չեն եղել, որքան Հիսուսի մասին: Նրա կյանքի վավերական ու ստույգ պատմությունը չորս կարճ վավերագրերի մեջ է ամփոփված: Այդ վավերագրերը «Ավետարան» անունն են կրում՝ «բարի լուր» նշանակությամբ, իսկ դրանց հեղինակներն էլ «Ավետարանիչ» անունով են հայտնի:
Ավետարանիչները շա՜տ ընտրողաբար ու յուրահատուկ կերպով են գրի առել իրենց Ավետարանները: Այդ գրվածքները բավական են մեզ համար՝ տեսանելի դարձնելու Նազովրեցի Մարգարեի իրական ու լուսաշող դեմքը: Յուրաքանչյուր Ավետարանիչ Նրա մասին պատմում է միայն այն, ինչ ինքը գիտի, ինչի մասին որ իրազեկվել է և ինչին որ ականատես է եղել: Նրանցից յուրաքանչյուրը կատարյալ անկողմնակալությամբ և անկեղծությամբ է նկարագրում իսկությունը:
Այս չորս Ավետարանիչները, նկարիչների նման, իրենց վրձնով պատկերել են Հիսուսի դիմագիծը, և նրանցից յուրաքանչյուրն էլ՝ ըստ իր ըմբռնման, հայեցողության ու համոզմունքի Հիսուսի դիմագծին տվել է այնպիսի՜ երանգներ, որոնց ամբողջությունն ու ներդաշնակությունը սրտի և հոգու համար այնքա՜ն փափագելի ու սիրելի գեղեցիկ ներդաշնակություն են կազմում:
Այս չորս Ավետարանները երբեմն-երբեմն այնքա՜ն են նմանվում իրարու, որ հպանցիկորեն կարդացողը գուցե այնպես կարծի, թե հեղինակները մեկը մյուսից են ընդօրինակել իրենց գրվածքները: Սակայն այդ առերևույթ միօրինակությունը շուտով անհետանում է՝ առավել ուշադիր ընթերցելու դեպքում: Մի փոքր զննության ենթարկելով և ուշադրություն ցուցաբերելով՝ ընթերցողն Ավետարանների մեջ կգտնի մի տարբերություն՝ նման չորս եղբայրների դիմագծերի միջև եղած տարբերությանը. եղբայրներ, որոնց դեմքին ի սկզբանե իրենց ընտանիքի անդամներին բնորոշ դիմագծի նմանությունն էր դրոշմված:
Սկսե՛նք առաջին՝ Մատթեոսի Ավետարանից: Հաջորդաբար պետք է խոսենք հեղինակի, նրա գրքի ու հետապնդած նպատակի մասին:
***
Հեղինակն իր ժամանակակիցների կողմից երկու՝ Մատթեոս և Ղևի անուններով է ճանաչվում: Նա Գալիլիայի գավառից եղող Ալփեոսի զավակն էր (Մրկ. Բ 14): Մատթեոսը պատկանում էր ատելի համարվող մաքսավորների կամ հարկահավաքների դասակարգին: Նա իր աշխատանքը կատարում էր Կափառնայումում:
Իսկ ահա մաքսավորների նկատմամբ առաջացած ատելությունը մեկնաբանվում է այն բանով, որ նրանք հռոմեական իշխանությունն էին «ներկայացնում» և, չնայած որ իրենց գործը հռոմեական կառավարչության պարտադրած հարկերը հավաքելն էր, նրանք հաճախ, օգտվելով իրենց պաշտոնից, շահագործումների, զեղծումների ու կեղեքումների էին դիմում:
Ուշագրավ չե՞ք համարում, որ այսպիսի ատելի նկարագրով մի անձ ընտրվում է Նոր Կտակարանի առաջին գիրքը գրելու և մարդկությանը փրկության ավետիսը փոխանցելու համար: Աստված արտաքինին չի նայում. որտեղ որ Նա անկեղծ մարդ է տեսնում, մոտենում է նրան ու վերջինիս Իր գործիքն է դարձնում՝ ինչպիսին էլ որ նախկինում եղած լինի նրա միջավայրը կամ համբավը:
Եվ պետք է խոստովանել, որ Մատթեոսը իբրև ամեն ինչով արժանավոր մեկն է ներկայանում այս պատվին: Նա, հավանաբար, քանիցս ականջալուր և ականատես էր եղել Հիսուսի խոսքերին ու գործերին և իր մեջ համոզում էր ձևավորել Հիսուսի՝ գերազանցապես բարձր մարդկային ձիրքերի նկատմամբ, այլև հակված էր խորհելու, թե Աստծու հոգին էր, որ շողարձակում էր Նրա կրծքի տակ, Աստծու շունչն էր, որ Նրան խոսելու և գործելու էր առաջնորդում:
Մատթեոսը, երբ լսեց Հիսուսի հրավերը՝ բովանդակված այս կարճ, բայց այնքա՜ն գրավիչ «արի՛ Իմ հետևից» խոսքում, անմիջապես հրաժարվեց իր գործից ու իր պաշտոնից և անմիջապես հետևեց Հիսուսին: Այս կանչն ընդունելով էր, որ Մատթեոսը իր մաքսավոր բարեկամներին և իր դասակարգի՝ մեղավոր համարվող անձանց ճաշի հրավիրեց ու այդկերպ իր բարեկամներին անձնական հարաբերության մեջ դրեց իր Տիրոջ հետ:
Դպիրներն ու փարիսեցիները շա՜տ հանդիմանեցին նրան, բայց նա երբևէ չմտափոխվեց: Ահա այսքա՛նը գիտենք Մատթեոսի մասին, իսկ մեր իմացածներն էլ քաղում ենք Ավետարանից: Նրա կյանքի մնացյալ հատվածի մասին մանրակրկիտ ու ստույգ որևէ այլ տեղեկություն չունենք: Կարծիք կա, որ այս Ավետարանիչը երկար ժամանակ ապրել է Հրեաստանում, ապա թողել է իր հայրենիքն ու հեռացել Եթովպիա՝ այնտեղ ևս Ավետարանը քարոզելու համար (Եվսեբ. Գ 24):
Մատթեոսն իր կյանքն ավարտեց մարտիրոսական մահվամբ: Կղեմես Ալեքսանդրացին Մատթեոսին ներկայացնում է իբրև ծայրահեղ խստակենցաղ մեկի, որը երբեք միս չէր ուտում և սնվում էր միայն պտուղներով ու բանջարեղենով:
***
Անդրադառնալով Մատթեոսի անունը կրող Ավետարանին՝ պետք է դիտարկենք, որ այն հեղինակել է այնպիսի մի անձ, որը դրամական գործերից հասկացող ու դրանցով հետաքրքրվող մեկը կարող էր լինել միայն: Եթե մենք չիմանայինք Ավետարանի հեղինակի իսկությունը, ապա փոքր-ինչ ուշադիր ընթերցանության դեպքում կհանդիպեինք այնպիսի աննշան, բայց կարևորագույն տարրերի, որոնք մեզ պիտի առաջնորդեին այն համոզմանը, որ հեղինակը դրամական հարցերով հետաքրքրվող, լումայափոխ և կամ հարկահավաք մեկն էր:
Այսպես, օրինակ, նա է, որ առաջին իսկ առիթով խոսում է մամոնայի՝ հարստության «աստծու» մասին՝ հիշատակելով Հիսուսի այն ազդեցիկ խոսքը, թե «չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մտթ. Զ 24): Նա է միայն, որ խոսում է Կափառնայումում բռնկված վիճաբանության մասին, որի խնդրի առարկան այն էր, թե Հիսուս պե՞տք է արդյոք հարկ վճարեր:
Մատթեոսն, իբրև գործի մարդ, մեզ բացատրում է, որ այս հարկը երկդրամյան էր և Պետրոսն էլ իր Տիրոջ հանձնարարությամբ հայթայթեց մի սատեր արծաթ, այսինքն՝ երկու երկդրամյան՝ իր և Հիսուսի պետական տուրքը վճարելու համար (Մտթ. ԺԷ 23-26): Դարձյալ, միայն Մատթեոսն է, որ մեզ տեղեկություն է տալիս այն գումարի մասին, որը Հուդան ստացավ իբրև վարձատրություն իր մատնության համար:
Այս Ավետարանի խմբագրության՝ Մատթեոս մաքսավորի ձեռքի գործը լինելու մասին պարզ է դառնում նաև ըստ երևույթին մի շատ աննշան հանգամանքով ևս: Այս Ավետարանն է միայն, որ տասներկու առաքյալների ցանկում Մատթեոս անվան կողքին հավելում է «մաքսավոր» մակդիրը, որը, համաձայն հրեական ըմբռնման, ինչպես նշեցինք, պատվաբեր գործ չէր, սակայն հեղինակն անարգանք չի համարում այսպիսի անպատվաբեր վիճակից առաքելական պաշտոնին կոչված լինելու մասին հիշատակելը:
Մեկ ուրիշ հանգամանք էլ կա, որն, ըստ երևույթին, կրկին աննշան է, սակայն արժե այստեղ հիշատակել: Տասներկու առաքյալների անունների ցանկը, որը զետեղված է երեք համատես Ավետարաններում, զույգ-զույգ է ներկայացնում առաքյալներին: Հավանաբար այս «զույգերը» Տերն Ինքն է կազմել, երբ նրանց քարոզելու էր ուղարկում:
Չորրորդ զույգը կազմում էին Մատթեոսն ու Թովմասը, և ահա, մյուս երկու համատես Ավետարաններում Մատթեոսը զույգի մեջ առաջինը հիշատակվողն է, մինչդեռ «առաջին» Ավետարանում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ ի նշան համեստության (այս իրողությունն ավելի հասկանալի դարձնելու համար ստորև ներկայացնում ենք երեք Ավետարանների՝ առաքյալների անունների ցանկերը՝ ընթերցողի ուշադրությանը հանձնելով այն):
Մատթեոսի Ավետարան
Պետրոս և Անդրեաս
Հակոբոս և Հովհաննես
Փիլիպպոս և Բարդուղիմեոս
Թովմաս և ՄԱՏԹԵՈՍ ՄԱՔՍԱՎՈՐ
Հակոբոս Ալփյան և Ղեբեոս (Թադեոս)
Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի
(Մտթ. Ժ 2-4)
Մարկոսի Ավետարան
Պետրոս և Անդրեաս
Հակոբոս և Հովհաննես
Փիլիպպոս և Բարդուղիմեոս
ՄԱՏԹԵՈՍ և Թովմաս
Հակոբոս Ալփյան և Թադեոս
(Մրկ. Գ 17-19)
Ղուկասի Ավետարան
Պետրոս և Անդրեաս
Հակոբոս և Հովհաննես
Փիլիպպոս և Բարդուղիմեոս
ՄԱՏԹԵՈՍ և Թովմաս
Հակոբոս Ալփյան և Սիմոն Նախանձահույզ
Հուդա (Թադեոս) և Հուդա Իսկարիովտացի
(Ղուկ. Զ 14-16)
Մատթեոսի Ավետարանի ծագման և վավերականության մասին հնագույն մի վկայություն ունենք. Պապիասն է այդ, որը Փռյուգիայի Հերապոլիս քաղաքի եպիսկոպոսն էր և տեսել էր Հիսուսի մտերիմ աշակերտներին ու նրանցից Ավետարանների մասին տեղեկություններ էր քաղել:
Ահավասիկ Պապիասի վկայությունը. «Մատթեոսը Քրիստոսի պատգամները եբրայեցերեն գրեց, և յուրաքանչյուր ոք էլ թարգմանեց դրանք իր կարողությունների համեմատ»: Ի՞նչ պետք է հասկանալ՝ այս «պատգամներ» բառը լսելով (դա շօի՛եա՛): Արդյո՞ք պետք է հասկանալ միայն Հիսուսի քարոզությունները: Եթե այո, ապա այդ դեպքում Մատթեոսի շարադրած եբրայեցերեն գրվածքը չպիտի պատմություն եղած լիներ, ինչպիսին որ այժմվա Ավետարանն է, այլ պարզապես պետք է լիներ Հիսուսի ուսուցումների ամփոփումը միայն:
Արդարև, տեսնում ենք, որ Ավետարանում հինգ տարբեր առիթներով պատգամներ են հիշատակվում: Այդ պատգամները հետևյալներն են.
Ավետարանի կորիզը կազմող այս հինգ պատգամները հետագայում մի այլ հեղինակ, հավանաբար՝ Մատթեոսի աշակերտներից մեկը, ամբողջացրել է՝ տալով դրանց պատմական գեղեցիկ նրբերանգ ու այդ գրվածքները հունարենի թարգմանելով:
Իսկ արդեն գրության թվականի հարցին էլ գալով՝ պիտի փորձենք պատասխանը գտնել ԻԴ գլխի 15-րդ համարում: Հիսուս կամենում է Պաղեստինում բնակվող իսրայելացի հավատացյալներին զգուշացնել՝ հեռու մնալու ա՛յն պատերազմից, որը պիտի տեղի ունենար Երուսաղեմի կործանման հետևանքով: Հիսուս հորդորում է նրանց մի որոշ ժամանակով հեռանալ Հորդանանի մյուս կողմում գտնվող լեռնային երկիրը: Այստեղ մատենագիրը անսպասելիորեն ընդմիջում է Տիրոջ ճառը իր յուրահատուկ գրչի այս ազդեցիկ հայտարարությամբ՝ «ով ընթերցում է, թող հասկանա», այսինքն, թե՝ «նա, ով կարդում է այս տողերը, թող ուշադրությո՛ւն դարձնի ասվածին»:
Այս միջանկյալ խոսքը ապացուցում է, որ մատենագիրը Հիսուսի կանխասացությունների իրականանալուց առաջ էր, որ խմբագրում էր իր Ավետարանը, հակառակ դեպքում էլ ինչի՞ն պիտի ծառայեր այդ հուզիչ ազդարարությունը, եթե պատերազմի ժամանակն անցած լիներ: Այստեղից ա՛յն ենք եզրակացնում, որ այս Ավետարանի խմբագրությունն ու թարգմանությունը այնպիսի մի ժամանակահատվածում է տեղի ունեցել, երբ արդեն տեսանելի էր կանխագուշակված փոթորկի, պատերազմի մոտենալը: 66 թվականից մի փոքր առաջ էր, որ բռնկվեց վաղ ժամանակից ի վեր «սպառնացող» այս պատերազմը:
***
Անցնե՛նք երրորդ կետին. ո՞րն է այս Ավետարանի գրության նպատակը: Այդ նպատակը ցույց տալու համար նկատի ունենանք այն տեղը, որը զբաղեցնում է այս Ավետարանը: Նոր Կտակարանի գրքերի մեջ առաջինն է այն, հետևաբար՝ այն կապող օղակ է հանդիսանում երկու Կտակարանների միջև:
Չորս Ավետարանների միջից այս առաջին Ավետարանը «ամենաիսրայելականն» է, և կարծես թե հեղինակը մեզ դրդում է երկու հայացք գցելու՝ մեկը՝ դեպի հետ, իսկ մյուսը՝ առաջ: Հայացք դեպի հետ՝ դեպի Հին Ուխտը, որը ավարտվում է Քրիստոսի հայտնվելով, և հայացք դեպի առաջ՝ դեպի Նոր Ուխտը, որը սկսվում է Քրիստոսով:
Մեր հայացքը դեպի հետ հառել հորդորելով՝ Ավետարանիչը մեզ ցույց է տալիս, որ մարգարեների՝ վաղուց ի վեր քարոզած Թագավոր-Մեսիան Քրիստոս է: Ամեն անգամ, երբ հեղինակը դեպի հետ գնացող որևէ ակնարկ է կամենում անել, այս մեկնաբանությունն է գործածում՝ «ինչպես գրված է», կամ՝ «ինչպես որ եղավ»: Այդպիսով՝ Մատթեոսը առնվազն 46 անգամ վկայություններ է բերում Հին Կտակարանից: Եվ պատկերացնո՞ւմ եք, թե արդյոք որքա՜ն էր նա ոգևորվում, պարծենում ու ցնծում ամեն անգամ, երբ տեսնում էր իր Տիրոջ անձի վրա իրականանալը բոլոր այն մարգարեությունների, որոնք նախապես հնչել էին:
Այն օրից ի վեր, ինչ Ղևի մաքսավորը հանդիպեց Նազովրեցի Մարգարեին, այդ օրվանից մինչև Հիսուսի համբառնալը, Ավետարանիչը ուշադրությամբ հետևեց Նրա բոլոր խոսքերին ու գործերին, անձին ու Նրա բռնած ուղղությանը, և Մատթեոսի հիացումն ու սքանչացումը անհամեմատելիորեն ավելի մեծանում էր ամեն անգամ, երբ նա տեսնում էր դարավոր ակնկալությունների ամենակատարյալ իրականացումը Հիսուսի վրա: Ինչպես որ Ավետարանչի գրվածքներից է հասկացվում, նրա դեմքը պայծառանում էր և աչքերը հուզմունքի արցունքներով էին լցվում ամեն անգամ, երբ մարգարեական կանխասացությունների իրականացումն էր տեսնում իր Փրկչի վրա:
Մատթեոսն, անշուշտ, հաճախ ասում էր ինքն իրեն. «Օ՜հ, Ինքն իսկ է, կատարելապես Նա՛ է, այն, ինչ որ պատանեկությանս տարիքում կարդացել եմ Մեսիայի մասին, օ՜հ, այո՛, Նրա մասի՛ն եմ կարդացել, չեմ խաբվել ու չեմ սխալվել: Օ՜հ, որքա՜ն սքանչելի են Աստծու ճանապարհները, օ՜հ, որքա՜ն հրաշալի է Նրա հավատարմությունը, և ես ինչպիսի՜ մեծ առանձնաշնորհումի եմ արժանանում՝ այսքա՜ն մոտից տեսնելով Նրա՛ն, ում երկա՜ր ժամանակ փափագեցին տեսնել շատ բարեպաշտ մարդիկ, սակայն այդ հնարավորությունը չունեցան»:
Ահա այս զմայլելի տպավորության ներքո գտնվելով և խորապես ազդված լինելով իր Փրկչից՝ ավետարանիչը կամեցավ իր սքանչացումին ու համոզմանը հաղորդակից դարձնել նաև աշխարհի ամեն կողմում սփռված ու բոլոր ժամանակների իր ազգակիցներին, և ահա այս բանի համա՛ր իսկ նա գրեց իր Ավետարանը:
Անտարակուսելի է, որ Նոր Կտակարանը հասկանալու համար անհրաժեշտ է գոնե թեթևակիորեն ծանոթ լինել Հին Կտակարանին: Եթե անգամ քննադատներն էլ իրենց այն համոզումը ներկայացնեն, թե Հինը կրոնական բարձր արժեք չունի, սակայն, այսուամենայնիվ, գաղափար ունենալու համար այն մասին, որ շա՜տ վաղ ժամանակներից սկսած Թագավոր-Մեսիայի գալստյան վերաբերյալ զորավոր ակնկալություն կար, հարկ է քայլ առ քայլ հետևել մարգարեների միջոցով քարոզված այդ ակնկալության «ընթացքին», ակնկալություն, որը գոյություն է ունեցել ժողովրդի բոլոր խավերի մեջ ու երբեմն էլ նույնիսկ բուռն ցանկության հանգամանք է ստացել:
Ահա այդ ակնկալության՝ իրականացած լինելն է, որ Մատթեոսն իր Ավետարանով ուզում է ապացուցել ու հաստատել: Մատթեոսի Ավետարանը կարևոր դեր է խաղացել ու պիտի խաղա հրեաների՝ դարձի գալու գործընթացում: Այն հրեաները, որոնք հավատարիմ են մնացել Օրենքին ու Մարգարեներին, ուշ թե շուտ պիտի առաջնորդվեն՝ ճանաչելու Հիսուսին իբրև Թագավոր-Մեսիա, իբրև մարմնացումն իրենց ակնկալությունների: Նրանք պիտի հասկանան, որ կարիք չկա ու ավելորդ է սպասելը մի ուրիշ Մեսիայի, քանի որ Քրիստոսի կերպարում են պատկերագրված մեսիական մարգարեությունների զանազան երանգներն ու գծերը:
Մոտավորապես 25 տարիներ առաջ էր, որ Չիկագոյում տեղի ունեցած Կրոնների համաժողովին, որին հրավիրված էին քրիստոնյաներ, մովսիսականներ, բուդդայականներ ու մահմեդականներ, հրեա րաբբին, երբ իր հերթին սկսեց խոսել, շատ այլ բաների հետ մեկտեղ գովասանքով արտահայտվեց նաև Հիսուսի աստվածային աղոթքի՝ «Հայր մերի» մասին, և մեկնաբանեց, որ որևէ ուրիշ աղոթք անկարող է սրտի ու մտքի հետ այնքա՜ն «խոսող» լինել, որքան «Հայր մերն» է: Նաև, որ այն աղոթքների մեջ ամենաանզուգականը պիտի մնա՝ իբրև աստվածային շնչով արտաբերված մի աղոթք:
Այս վկայությունը, որը հնչում է րաբբիական ուսումնառատ ու փորձառու հեղինակության կողմից, իր բացարձակ արժեքն ունի և մեզ առաջնորդում է այն համոզմանը, որ որքան հարթեցվեն ու սակավանան դավանաբանական կնճռոտությունները, այնքան ավելի գրավիչ կդառնա քրիստոնեական կրոնը նաև մովսիսականների համար, քանի որ հրեաների մեջ հետզհետե այն համոզումն է արմատանում, որ իրենց ակնկալած ու սպասած թագավորությունը ոչ թե նյութական գահի, արքայական մականի, ադամանդակուռ թագի և ծիրանեփառ պատմուճանի միջոցով է իրականանալու, այլ ճշմարտության, արդարության և սիրո իրականացմամբ, որն իսկ պիտի լինի Աստծու թագավորությունը կամ Երկնքի արքայությունը:
Մատթեոսի Ավետարանի ամբողջ հոգին հենց այս է, որ կա: Ավետարանիչը քարոզում է իր ազգակիցներին, որ Աստծու թագավորությունը ճշմարտության, արդարության և սիրո իրականացումով է հայտնվում և որ Հիսուս այդ բոլորը իրականացրեց Իր կյանքում, Իր գործերում և Իր խոսքերում: Հեղինակի գրչի տակ «Աստծու թագավորություն» կամ «Երկնքի արքայություն» հասկացությունների բացատրության երեսուներկու դեպքի ենք ականատես լինում, և ես հենց այդ հիշատակություններից մեկն ընտրեցի իբրև բնաբան իմ այս քարոզի:
Աստծու թագավորության գաղափարը Ավետարանի նույն այն հինգ պատգամների կամ ճառերի մեջ է ամփոփված, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք: Ըստ այսմ՝ ա) «Լեռան քարոզը» Աստծու թագավորության հրովարտակն է. բ) Առաքյալներին ուղղված հորդորները ներկայացնում են այն, թե ովքեր կարող են Աստծու թագավորության անդամները լինել. գ) Երկնքի արքայության մասին խոսված առակների միջոցով նկարագրվում է Աստծու թագավորության հետզհետե բարգավաճումը. դ) ԺԸ և ԻԳ գլուխների միջոցով հանձնարարվում է զգուշություն ցուցաբերել Աստծու թագավորության թշնամիների հանդեպ, և վերջապես՝ ե) Ապագայի մասին Հիսուսի կանխասացություններով մեր առջև է հառնում Աստծու թագավորության վերջնական հաղթանակը:
Ի՞նչ պետք է հասկանանք՝ ա՛յն «թագավորության» մասին խորհելով, որի մերձ լինելը հայտնեց Հիսուս և որը մենք պետք է փնտրենք ամեն բանից առաջ: Մարդկանցից յուրաքանչյուրի միակ նպատակը պետք է լինի այն բոլոր միջոցները գործադրելը, որոնցով հնարավոր կլինի երկրի վրա իրականացնել Աստծու կամքը: Իսկ Աստծու կամքը այլ բան չէ, այլ միայն՝ Արդարությունը, Սրբությունն ու Բարությունը:
Աշխարհում, ցավոք, տեսանելի են անկարգություններ, անիրավություններ ու դրանց հետևանքով ի հայտ եկող անթիվ տառապանքներ: Այս բոլորը առաջանում են մարդու եսասիրությունից և Աստծու դեմ բռնած ըմբոստ դիրքից: Եթե ամեն ոք իր կամքը գործադրել ջանալու փոխարեն ճգներ Աստծո՛ւ կամքը իրականացնել, ապա այդժամ աշխարհում ամեն բան հիմնովին բարեփոխված կլիներ: Հիսուսի միակ նպատակն էր ըմբոստացած մարդու կամքը հնազանդեցնել Աստծու կամքին և այդկերպ իրականացնել Աստծու թագավորությունը երկրի վրա: Ահա ա՛յս է Մատթեոսի Ավետարանի ամբողջ բովանդակությունը:
Այժմ ավելի մանրամասն քննենք Աստծու թագավորության հանգամանքն ու տևողությունը: Աստծու թագավորությունը իրականություն է որքան ապագայի համար, նույնքան էլ ներկայում: Ապագայում է, որ պիտի կարելի լինի կատարելապես վայելել նրա ծաղկումն ու բարգավաճումը, բայց այն արդեն ներկայումս՝ այժմվանից իսկ սկսում է ծաղկել ու բարգավաճել:
Նա, ով աչքեր ունի՝ տեսնելու, և ականջներ՝ լսելու համար, կհամոզվի մեր ասածի մեջ, երբ մանավանդ համեմատի հին ժամանակաշրջաններում տիրող կացությունը այս մեր ներկա ժամանակի հետ, երբ արդեն իսկ որոշակիորեն նկատելի է դառնում Աստծու թագավորության ամրապնդվելը երկրի վրա:
Հիրավի, Աստծու թագավորության ամրապնդվելու գործը շատ ու շատ դանդաղ է առաջ ընթանում. ես գիտեմ, այդպես է: Այդ ընթացքը նույնիսկ այնպիսի դրության մեջ է հայտնվում, որ կարծվում է, թե այն այլևս իր ուժը սպառել է ու դատապարտված է կանգ առնելու և հետ-հետ նահանջելու: Սակայն ո՛չ: Ավետարանի սկզբունքները քիչ-քիչ, ծածուկ կերպով հաղթանակում են: Չնայած որ դրանք երբեմն մոռացվում ու ոտքի կոխան են լինում, սակայն հետզհետե խիղճն արթնանում է համոզմունքի, հոժարակամության ու սիրո ուժով:
Աստծու թագավորությունը կամքին ու սիրուն է շաղկապված. բռնությունները, հարկադրանքները, ահն ու սարսափը այնտեղ տեղ չունեն: Եթե մեր օրերում այստեղ կամ այնտեղ պատերազմներ են ծագում, սակայն նաև ուշադրությո՛ւն դարձրեք, որ այդ ամենի կողքին ավելի մեծ թիվ են սկսում կազմել բարեգործական ձեռնարկումները, անհամեմատելիորեն ավելանում են սիրո և բարության, անձնվիրության ու զոհողության վրա հիմնված ընկերակցությունները:
Հին աշխարհին անծանոթ էին նմանատիպ ընկերակցությունները, ինչպես նաև՝ Կարմիր, Կապույտ կամ Ճերմակ Խաչի անվան տակ գործող միավորումները, որոնք հրաշքներ են գործում հոգևոր, բարոյական ու ֆիզիկական աշխարհներում: Սրանք բոլորը նշաններ են, որ Աստծու թագավորությունը օրըստօրե աճում ու բարգավաճում է, ինչի շնորհիվ էլ աշխարհի ցավերն ու տառապանքները՝ մեղմանում, իսկ մխիթարության առիթներն էլ շատանում են:
Աշխարհի թագավորություններն, առհասարակ, եսասիրության վրա են հիմնված, ինչպես ցույց են տալիս տեղի ունեցող իրողությունները: Իսկ Աստծու թագավորությունը, ընդհակառակը, հիմնված է սիրո վրա, մի բան, որը խոստովանեց ինքը՝ մեծն Նապոլեոնը, երբ սուրբ Հեղինե կղզում՝ մեռնելուց առաջ, ասաց. «Ես մեծամեծ ճիգերով ու ահագին ուժերով հանդերձ ձախողեցի իմ կայսրությունը ամուր հիմքերի վրա դնելու գործը, քանի որ այն չհիմնեցի սիրո այն պայմաններով, որոնցով Հիսուս հիմնեց իր թագավորությունը: Նա մարդկանց մեջ գերբնական մարդ եղավ, քանի որ հաջողեց Իր ու յուրաքանչյուր մարդկային սրտի միջև սիրո կապ ստեղծելու հարցում»:
Մենք ամենքս ուզում ենք, որ ամեն կողմում տիրի սերը, արդարությունն ու ճշմարտությունը, սակայն Աստծու թագավորության տարածման գործընթացը դանդաղում է, և այդ՝ գլխավորաբար եսասեր մարդկանց պատճառով, որոնք ամեն կերպ արգելում ու խոչընդոտում են այդ թագավորության տարածման գործին: Տարիներն ու դարերը հաջորդում են իրար, սակայն Աստծու թագավորության տարածումը դանդաղում է՝ մեզ վրդովվեցնելու աստիճան: Սակայն ուշադրությո՛ւն դարձրեք այն հանգամանքին, որ նույնիսկ մեզնից յուրաքանչյուրն էլ որոշ չափով բաժին ունենք այդ թագավորության ուշանալու հարցում, քանի որ նախանձախնդիր չենք սիրո, արդարության ու ճշմարտության իրականացման գործում:
Աստծու թագավորության արագ տարածման խոչընդոտներից մեկն էլ այն է, որ մարդկության մեծ մասն անտարբեր է՝ լսելու Աստծու ձայնը, քանի որ Նրա այդ ձայնը ավելի շատ գարնանային զեփյուռի մրմունջին է նմանվում, քան բռնաշունչ փոթորկի հողմին: Շատերն այն չեն լսում, քանի որ իրենք իսկ աղմկում են ու երկրային հոգսերով են միայն տարվում:
Աստծու ներկայությունը զգալու համար պետք է հանդարտ, խաղաղ ու ինքնամփոփ լինել: Եղիայի տեսիլքը հատկանշում է Աստծու թագավորության բնույթը: Ըստ այդ տեսիլքի՝ Աստված ո՛չ երկրաշարժի «մեջ» էր, ո՛չ հողմի, ո՛չ կրակի, այլ՝ անհունապես քաղցր ու մեղմ զեփյուռի: Սխալ է կարծելը, թե Աստված աղետներով ու սարսափելի հեղաշրջումներով է հայտնում Ինքն Իրեն. ո՛չ, բնա՛վ, երբե՛ք: Աստված մարդուն հայտնվում է սիրազեղուն ու խաղաղ աշխատանքի, բարի ու անմեղ գործունեության, անաղմուկ և օգտակար ձեռնարկումների մեջ:
Աստծու թագավորությունը հավիտենական է: Երկրի թագավորությունները վաղանցուկ են: Բավական է նույնիսկ հարևանցիորեն ուսումնասիրել պատմությունը՝ համոզվելու համար, թե որտեղ է դրսևորվում մարդու ձեռնարկումների անցողիկությունը: Ամենահզոր կայսրությունները, ամենաընդարձակածավալ թագավորությունները խորտակվել, ջախջախվել են մեկը մյուսի հետևից: Եգիպտական, ասորական, բաբելոնական, մարական պետություններն իրար հետևից անհետացել են:
Ժամանակակից պատմության մեջ էլ, անշուշտ, գիտեք, թե ինչպիսի՜ զորեղության հասնելու ճանապարհին էր Նապոլեոն Մեծի հիմնած կայսրությունը, որը, սակայն, ընկղմվեց արյունի և արցունքների օվկիանոսում: Sic transit gloria mundi. «Ավա՜ղ անցողիկ փառքի» հառաչանքը ծանոթ է ամենքիս, մինչդեռ Աստծու արքայությունը «հավիտենական իշխանություն է, որ չի անցնում, և Նրա թագավորությունը չի եղծվի» (Դան. Է 14): Այն չի ծերանում, այն քանի գնում՝ երիտասարդանում է, նոր փառք է ստանում ու արծվի թևերի պես փետրազարդվում է, քանի որ արդարությունը, ճշմարտությունն ու սերը չեն կործանվում. «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. ԺԳ 8):
Դարձյալ, կարծիք կա, որ Աստծու թագավորությունը պատկանում է Երկնքին և անհնար է երկրի վրա իրականացնել այն: Սխալ է այս կարծիքը: Հնարավոր է, որ Երկնքի թագավորությունը «իջեցվի» երկրի վրա՝ միայն թե ա՛յն պայմաններով, որոնք ներկայացված են Մատթեոսի Ե-Է գլուխներում:
Երկնքին հավատալ է պետք, այսինքն՝ պետք է հավատալ գաղափարական Թագավորությանը, բայց նույնքան և ավելի պետք է հավատալ երկրի՛ վրա Աստծու թագավորությանը, որտեղ միասին պիտի բնակվեն արդարությունն ու խաղաղությունը՝ լծակցված լինելով ճշմարտությանն ու բարությանը: Ես այնպես եմ կարծում, որ Հիսուս Իր թագավորությունը «Երկնքի արքայություն» կոչեց, քանի որ կամեցավ Երկինքը «բերել» երկիր, Երկնքի առաքինությունները ցոլացնել երկրի վրա, Երկնային Սիոնը «իջեցնել» այստեղ՝ երկրի վրա:
Մեզ չի ասվում, որ ժամ առաջ այս երկրից «բաժանվենք»՝ գնալու համար անդենական աշխարհ ու այնտեղ վայելելու Աստծու թագավորությունը, այլ, ընդհակառակը, Սուրբ Գիրքը մեզ թելադրում է անդենականը, Երկինքը իջեցնել երկիր: Մինչև որ մենք այստեղ մեր երկրային պարտականությունները չկատարենք, մեր երկնային պարտականությունները կատարել չենք կարող: Մեծ ու փոքր, աղքատ ու հարուստ երկրի վրա ամեն ինչից առաջ պետք է փնտրեն Աստծու թագավորությունը, պետք է ճգնեն իրականություն դարձնել Երկինքը երկրի վրա:
Ոմանք կարծում են, թե Աստծու թագավորությունը երկրում իրականացնելու գործը Հիսուսի երկրորդ գալստյամբ է տեղի ունենալու, այդ պատճառով էլ ասում են, թե այդժամ է, որ վերջնականապես խորտակվելու է Չարի թագավորությունը: Այս գաղափարը և՛ միամիտ կարծիք է, և՛ միանգամայն ծիծաղելի, ոչ քրիստոնեական տեսակետ: Այս գաղափարը ամփոփումն է Հազարամյա (Millenarian) վարդապետության: Ըստ այդ վարդապետության՝ Հիսուս աշխարհում կարգ ու կանոն հաստատելու համար մի նոր փառքով պիտի գա ու վերջնական տեսք պիտի տա Աստծու թագավորությանը՝ խորտակելով նաև Չարի թագավորությունը:
Բարեբախտաբար, սակայն, Եկեղեցու սուրբ հայրերից Դիոնիսիոս Ալեքսանդրացին և Օգոստինոսն իրենց ողջամիտ մեկնություններով պարզաբանեցին այդ վարդապետության՝ թալմուդյան ավանդություն լինելու հանգամանքը, և վերջ դրեցին այն ակնկալություններին, որոնք կարող էին նույնիսկ Եկեղեցու հիմքերը վտանգի տակ դնել, չնայած որ, դժբախտաբար, դեռ կան եկեղեցիներ, որոնք նմանատիպ ակնկալիքներով են սպասում երկրորդ գալուստին:
Եկեղեցին, այսինքն՝ Աստծու թագավորությունը, ունի իր հավիտենականությունը ապահովելու եղանակները: Ավետարանի միջոցով ծանուցված սկզբունքները բավական են Աստծու թագավորության տևականությունն ու հավիտենականությունը ապահովելու համար: Որքա՜ն կարևոր պարտականություն է ծանրանում Եկեղեցու վրա, որպեսզի այն կարողանա Ավետարանի սկզբունքները գործնականորեն կիրառել տա ժողովրդի բոլոր խավերի կողմից:
Այսօր շատերը խրտնում են Ավետարանի սկզբունքներից, բայց եթե քարոզիչները կարողանան նման մարդկանց «ընտելացնել»՝ բացատրելով նրանց այդ սկզբունքների միտքն ու հոգին, այնժամ հավատացյալը, տառին կառչելուց ավելի, իմաստի հոգո՛ւն կապված կմնա, ինչի շնորհիվ էլ ամենուր կապահովվի դեպի փրկություն տանող ընթացքը:
Ո՜վ հավատացյալներ, ուրեմն, Մատթեոսի Ավետարանով է, որ մենք ուսանում ենք, թե Աստծու թագավորության հիմնադիրն Ինքը՝ Քրիստոս է: Հավատա՛նք Նրան և Թագավորի առաջ կանգնած մեկի պես կետ առ կետ կատարե՛նք Նրա հրամանները: Ճանաչե՛նք Նրան իբրև մեր հոգու Փրկություն և մեր սրտի Թագավոր: Բանա՛նք մեր սրտի ամրափակ դռները, որպեսզի Նա Իր բնակությունը հաստատի այնտեղ: Քրիստոսի ամենամեծ երազանքը մեր սրտում բնակվելն է. «Իշխաննե՛ր, ձեր դռները վե՛ր բարձրացրեք, հավիտենական դռները թող վե՛ր բարձրանան և թող նե՛րս մտնի փառքի Թագավորը»:
Մատթեոսի Ավետարանի միջոցով է, որ մենք հրավեր ենք ստանում, իբրև մեր Փրկչի զինվորը, երգելու Աստծու թագավորության երգը: Մատթեոսի Ավետարանով է, որ մենք խրախույսն ենք ստանում վեր բարձրացնելու Աստծու թագավորության դրոշը, որի վրա «արդարություն», «ճշմարտություն» և «սեր» է գրված: Առա՜ջ, ուրեմն, դո՛ւք, որ զինվորն եք Աստծու թագավորության: Առա՛ջ անայլայլ ու անվրդով կերպով:
Արի՛ Տեր, օգնի՜ր մեզ
Եվ փրկի՛ր մեզ
Հանուն Քո անվան:
Տերն է թագավորելու
Հավիտյան,
Քո Աստված Սիոնում է
Գահակալելու
Եվ բոլո՜ր ազգերին է
Տերը իշխելու:
Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը