23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 21-ին, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում մեկնարկեց «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները» ռուս-հայկական թանգարանային ֆորումը` կազմակերպուած ՌԴ եւ ՀՀ Մշակոյթի նախարարութիւնների համատեղ ջանքերով:
Ֆորումը բացուեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի խօսքով: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցելով Ֆորումի մասնակիցներին` Նաթան արքեպիսկոպոսը կարեւորեց նման ձեռնարկների իրականացումը, որոնք օգտակար են փոխճանաչողութեան, ինչպէս նաեւ թանգարանային ոլորտում առկայ խնդիրների վերհանման եւ համատեղ յաղթահարման տեսանկիւնից: Սրբազանը նաեւ վստահութեամբ ընդգծեց, որ ֆորումը կը նպաստի ժողովուրդների բարեկամութեան առաւել ամրապնդմանը եւ նոր հագործակցութիւնների խթան կը հանդիսանայ:
Ֆորումի գումարումը ողջունեցին նաեւ ֆորումի համակարգողներ ՀՀ Մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանը եւ ՌԴ Մշակոյթի փոխնախարար Ելենա Միլովզորովան:
Ֆորումի շրջանակներում Մայր Աթոռում կազմակերպուած առաջին կլոր սեղանը նուիրուած էր մշակութային ժառանգութեան պահպանութեան արդի հիմնահարցերին: Այս նիւթի շուրջ «Հայաստանի հոգեւոր մշակոյթի պահպանութիւնը. պետութեան եւ Եկեղեցու համագործակցութեան փորձ» թեմայով զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների եւ արխիւի տնօրէն Արժանապատիւ Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանը:
Առաջին նիստի աւարտին ֆորումի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանօթանալու Հայ Եկեղեցում պահպանուող հոգեւոր-մշակութային արժէքներին: