Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հանդիպում

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների Հովուապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբութիւն Թաւադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբութիւն Մօրան Մօր Եփրեմ Բ-ի եւ Մալանկարայ Ուղղափառ Եկեղեցու պետ եւ Մալանկարայի Մետրօպոլիտ Նորին Սրբութիւն Բասելիոս Մար Թոմայ Պաուլոս Բ-ի հանդիպումը:

Զրոյցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախութիւն յայտնեց Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների հոգեւոր պետերի այս հանդիպման կապակցութեամբ` ընդգծելով, որ 1965 թ. Ադիս Աբեբայի հանդիպումից յետոյ նման հնարաւորութիւն չի ընձեռուել: Նորին Սրբութիւնը նաեւ իր շնորհակալական խօսքն ուղղեց վերջիններիս Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութեան առիթով Հայաստան ժամանելու առիթով:

Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, ողջունելով Քոյր Եկեղեցիների առաջնորդներին, ներկայացրեց սրբադասման արարողութեան կարեւոր նշանակութիւնը:

Հանդիպման ընթացքում հովուապետերը քննարկեցին Արեւելեան Ուղղափառ Քոյր Եկեղեցիների ընտանիքին յուզող խնդիրները, անդրադարձ կատարեցին մասնաւորապէս Եկեղեցիների հաւատացեալների առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Կարեւոր նկատուեց, որ վերականգնուի Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների պետերի պարբերական հանդիպումների աւանդութիւնը, ինչը կարեւոր խթան կը լինի համագործակցութեան զօրացման համար:

Ղպտի, Ասորի եւ Մալանկարայ Եկեղեցիների առաջնորդները եւս գոհունակութիւն յայտնեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութեանը ներկայ գտնուելու կապակցութեամբ եւ իրենց հերթին վերահաստատեցին Քոյր Եկեղեցիների հովուապետերի հանդիպումների կարեւորութիւնը:

23.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․