Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օծվեցին Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները

Սեպտեմբերի 28-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օծվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո օրեր առաջ կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները:

Երկու խաչքարերը կանգնեցվել են Նորին Սրբության օրհնությամբ ու նախաձեռնությամբ և ազնիվ բարերարությամբ տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների:

Խաչքարերի օծման հանդիսավոր արարողությունից առաջ խոսք ասաց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Մուշեղ Սրբազանը, դիմելով ներկաներին, մասնավորաբար նշեց, որ օրը շատ հատկանշական ու խորհրդավոր է: Անդրադառնալով հայ ժողովրդի համար նվիրական 2015 թ.-ին` նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումով տարին արժևորվեց հայ ժողովրդի համար, իսկ այս կապակցությամբ Մայր Աթոռում վեր խոյացած զույգ խաչքարերի օծումն առիթ է, որպեսզի նահատակության քաղցր լուծը ճաշակած սրբերի համար աղոթք և հայց ուղղվի երկինք: Սրբազանը հավելեց նաև, որ մեծագույն երջանկություն է տեսնել` ինչպես են ամենքը միասնաբար համատեղված սրբություն խորհրդանշող խաչքարերի օծման աստվածային իրողության առջև:

Իր խոսքում Մուշեղ եպիսկոպոսը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պետք է Հաղթության Սրբալույս Մյուռոնով առաջին անգամ օծվեն իրենց վիթխարի չափսերով և հոգևոր իմաստով այս երկու պանծալի խաչքարերը: «Այս երկու խաչքարերը կանգնեցվել են այն հազարավոր խաչքարերի փոխարեն, որոնք այլևս չկան և այն բազմաթիվ հայորդիների փոխարեն, ովքեր ծնկել են այդ խաչքարերի առջև և աղոթքներ վերառաքել Բարձրյալին», - շեշտեց Սրբազան Հայրը:

Այնուհետև խոսքով ներկաներին դիմեց բարերար Հակոբ Տիտիզյանը: Նա վերհիշեց այն ուղին, որով անցել են այս երկու խաչքարերը: Տիար Տիտիզյանը երախտագետ սրտով շնորհակալություն հայտնեց նաև քանդակագործներին, ճարտարապետներին, որոնք շուրջ ինն ամիսներ տքնեցին, որպեսզի ստեղծվեին այս սրբությունները: Նա նաև վստահություն հայտնեց, որ խաչքարերի տեղադրումը պետք է գալիք սերունդներին պատմի հայ ժողովրդի փառավոր մշակույթի, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների անմահ հիշատակի և հայոց ներկա վերածննդի մասին:

Խոսքից հետո տեր և տիկին Տիտիզյանների կողմից քողազերծվեցին երկնասլաց խաչքարերը: Ապա կատարվեց խաչքարերի օրհնության արարողությունը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց իրենց կերտվածքով եզակի խաչքարերը:

Արարողության ավարտին տեղի ունեցավ նաև ընդունելություն, որի ժամանակ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց Տիտիզյան ընտանիքի անդամներին:

Ամենայն Հայոց Հայրապետը տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյաններին, ինչպես նաև տեր և տիկին Քրիս Տիտիզյաններին եկեղեցանվեր գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց:

 

28.09.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․