3 Դեկտեմբեր, Գշ
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»:
«Հրեշտակ» բառը (եբրայերեն` «մալախ», հունարեն՝ «անգելոս») նշանակում է «պատգամաբեր»: Այն մոտ 500 անգամ գործածված է մեր գրաբար Աստվածաշնչում, որից 200-ը` միայն Նոր կտակարանում: Հրեշտակները մարդկանց նման օժտված են ազատ կամքով, այսինքն՝ բարին ու չարն ընտրելու հնարավորությամբ: Նրանք արագաշարժ են բարին ընտրելու և կատարելու մեջ ու դժվարաշարժ կամ անշարժ՝ չարը կատարելու: Ուստի նրանց երջանկությունն Աստծու հետ լինելը և Նրա կամքն արարչագործության մեջ գործադրելն է:
Ինչպես անունն է հուշում, նրանց կարևոր պաշտոնը Աստծու պատգամներն ու տնօրինությունները մարդկանց հասցնելն է ու Նրա հրամանները գործադրելը ազգերի կյանքում ու ողջ աշխարհում: Ինչպես գիտենք Ավետարանից, հրեշտակները կարևոր դեր են կատարում Քրիստոսի կյանքում Ավետումից մինչև Համբարձում: Նրանց մեծագույն երջանկությունն է Աստծու հետ լինելը, Տիրոջը փառաբանելը և Նրա կամքը կատարելը: Քրիստոնեական եկեղեցու լավագույն երգերից մեկը՝ «Փառք ի բարձունս»-ը, նրանց փառաբանությունն է:
Ըստ Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակները 9 դաս ունեն՝ աթոռք, քերովբեք, սերովբեք, տերությունք, զորությունք, իշխանությունք, պետությունք, հրեշտակապետք, հրեշտակք: «Աթոռք» նշանակում է «հանգիստ», քանի որ Աստված բազմում է հրեշտակական գահին ու հանգստանում հրեշտակների մեջ, որտեղ Իր կամքն ամբողջապես կատարվում է: «Քերովբեք» եբրայերենից թարգմանաբար նշանակում է «իմաստության հեղում», այսինքն՝ աստվածային իմաստությունը նախ նրանց վրա է հեղվում, այնուհետև հրեշտակների մյուս դասերի միջոցով փոխանցում մարդկային ազգին: «Սերովբեք» նշանակում է «սիրո կիզում». աստվածային սերը նախ բորբոքվում է սերովբեների մեջ, այնուհետև անցնում հրեշտակների մյուս դասերին ու փոխանցվում մարդկային ազգին: Հաջորդ դասը` «տերությունք». այսպես են կոչվում, որովհետև տիրում են մյուս հրեշտակներին, սակայն հեռու են ամեն տեսակի բռնությունից. ով Աստծուն է ծառայում, տեր է և ազատ, իսկ «ով մեղք է գործում, մեղքի ծառա է» (Հովհ. 8:34): «Զորությունք» են կոչվում, քանի որ հույժ զորավոր են Տիրոջ կամքը կատարելու գործում: «Իշխանությունք» եմ կոչվում, քանի որ իշխում են ու կարգավորում իրենց ենթակա հրեշտակների դասերը: «Պետությունք» են կոչվում, քանի որ աստվածային տնտեսության տերերն են երրորդ խումբ հրեշտակների կալվածքում: «Հրեշտակապետք» են կոչվում, որովհետև գտնվում են հրեշտակների և պետերի միջև, ուստի և հրեշտակ են ու պետ: «Հրեշտակ» են կոչվում, որովհետև սովորում են բարձր դասերից ու սովորեցնում մարգարեներին՝ գաղտնի խորհուրդները հայտնելով, նաև օգնում են մարդկանց` պահպանելով ու առ Աստված առաջնորդելով:
Հրեշտակները մարդկանց խնամակալներն ու պահապաններն են, ըստ Պողոս առաքյալի այս խոսքի. «Հրեշտակները Աստծու ծառայել հոգիներն են ու Նրա կողմից ուղարկված են օգնելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1:14): Եկեղեցու վարդապետներն ասում են, թե նրանցից ոմանք ամբողջ աշխարհի, մյուսները՝ մի թագավորության, ոմանք՝ մի գավառի, ոմանք՝ մի քաղաքի, ոմանք էլ՝ մի անհատի պահապաններն են: Նաև հայտնի է, որ երբ մանուկը բանական հոգի է առնում մոր արգանդում, նրան մի պահապան հրեշտակ է կարգվում մինչև ի մահ: Իսկ երբ մկրտվում է, մի հրեշտակ ևս կցվում է նրան՝ ի պատիվ սբ. մյուռոնի ու սբ. Մկրտության: Եվ այսպես յուրաքանչյուր քրիստոնյայի համար լինում են երկու պահապան հրեշտակներ, որոնք պահպանում են նրա հոգին ու մարմինը մինչև մահ: Իսկ սրբերին և Աստծու սիրելիներին բազում հրեշտակներ են սպասարկում, ըստ այս խոսքի. «Հրեշտակների բանակները Տիրոջ երկյուղ կրողների շուրջն են» (Սաղմ. 33:8):
«Ամեն բարի ցանկություն և կատարյալ պարգև երկնքից են գալիս» (Հակ. 1:17) և հրեշտակների դասերի միջոցով փոխանցվում մարդկային ազգին: Նմանապես էլ մեր աղոթքներն ու ողորմությունները հրեշտակներն են ընդունում, փոխանցում հրեշտակապետներին և այդպես հերթականությամբ հասցվում են մինչև Աթոռներ, որոնք էլ մատուցում են Աստծուն: Եվ տեսեք, թե որքան սուրբ ու մաքուր պետք է լինեն մեր աղոթքներն ու ողորմությունները, որ այդքան սուրբ կայաններով անցնելով՝ հասնեն Ամենասուրբ Աստծու գահին:
Մեղքի մեջ քնածներին հրեշտակներն են արթնացնում և առաջնորդում դեպի զղջում: Ուստի միշտ կանգնած են մեր աջ կողմում և սիրով գգվում են մեզ, հորդորում միայն բարին խորհել, խոսել ու գործել: Սակայն, երբ մենք նրանցից երես ենք թեքում ու ականջ դնում մեր ձախ կողմին կանգնած դևի խոսքերին, խիստ տրտմում են ու միառժամանակ հեռանում մեզնից: Իսկ երբ դարձի ենք գալիս ու զղջում, կրկին մոտենում են մեզ ու աստվածային սիրով պարուրում, հրեղեն սրով պատերազմում դևերի դեմ ու վանում նրանց:
Աստվածային տնօրինության մեջ մեծ և կարևոր նշանակություն ունեն Գաբրիել և Միքայել հրեշտակապետները: Գաբրիելը քրիստոնեական եկեղեցու ամենասիրելի ու ճանաչված հրեշտակապետն է, հատկապես Արևելյան եկեղեցիներում: Արևմուտքում ավելի ճանաչված է Միքայելը: «Գաբրիել» նշանակում է «Աստծու զորություն»: Հայսմավուրքում նա կոչվում է «մշտական բարեկամ ու պահապան քրիստոնյաների»: «Միքայել» նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման»: Ըստ ավանդության, այս խոսքը մարտական կոչը եղավ այն հրեշտակների, որոնք հավատարիմ մնացին Աստծուն և պատերազմ հայտարարեցին ապստամբած հրեշտակներին, որոնց պետը՝ Սադայելը, ինքն իրեն Աստծու տեղ էր դրել և Նրան նման հայտարարել: Ապստամբներին հաղթելուց ու երկնքից վտարելուց հետո այս մարտական կոչը, իբրև հատուկ անուն, տրվեց հավատարիմ հրեշտակների հրամանատարին, որ նույն ինքը Միքայելն էր:
Փռյուգիայի Կոլաս քաղաքում Միքայել հրեշտակապետի անունով մի վանք կար, որտեղ շատ հրաշքներ էին տեղի ունենում: Հեթանոսները, Հուլիանոս Ուրացողի դրդումով, մոտակա գետի հունը թեքում են դեպի վանքը: Սակայն վանքը փրկվում է կործանումից ու շարունակում մարդկանց հիացնել իր հրաշագործություններով:
Տ. Միքայել աբեղա Գևորգյան
Տաթևի վանքի վանահայր
Աղբյուրը՝ www.irates.am