25 Նոյեմբեր, Բշ
Քրիստոնյան ընթանում է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս՝ ասելով. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6): Քրիստոսի հետևորդն այս երկրի վրա ապրում է որպես ճամփորդ: Իսկ որևէ տեղ ճամփորդող անձը, սովորաբար, չի ծանրաբեռնում իրեն ավելորդ իրերով, այդպես է վարվում նաև քրիստոնյան, որ ճանապարհվում է դեպի երկնային հայրենիք. նա չի գրավվում երկրայինով ու ժամանակավորով, այլ տենչում է երկնայինին, գործում է հանուն Աստծու փառքի՝ ամեն ինչ հանձնելով Նրա սուրբ կամքին: Եթե ճամփորդի համար կարևոր է ուղեցույցը չմոլորվելու համար, ապա քրիստոնյայի համար կարևորագույն ուղեցույցը Աստծու խոսքն է, որ լուսավորում է նրա ուղին: Եթե ճամփորդն իր ճանապարհին կանգ է առնում, որ հանգստանա, ապա դեպի երկնային հայրենիք ուղևորվող քրիստոնյայի համար հոգեպես հանգստանալու, նորոգվելու և զորանալու միակ վայրը եկեղեցին է, որ Աստված անվանել է Իր տունը:
Աստծու տանը, միասնաբար հանուն հայրենիքի աղոթելու, Տիրոջով նորոգվելու և զորանալու նպատակն էր, որ դեկտեմբերի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդկանց, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, առաջնորդեց դեպի Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջինն այցելած սրբավայրում՝ Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում (13-րդ դ.), ուխտավորները միասնական աղոթք վերառաքեցին առ Տեր՝ Ս. Գևորգի և օրվա հիշատակելի՝ Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետի բարեխոսությանը դիմելով: Հաջորդ սրբավայրերում՝ Հովհանավանքում (13-րդ դ.) և Սաղմոսավանքում (13-րդ դ.), ուխտավորները, հանուն հայրենիքի, կրկին անգամ համախմբվեցին ընդհանրական աղոթքի շուրջ՝ իրենց աղոթքները միախառնելով սրբավայրերի բազմադարյան աղոթքի շնչին:
Այնուհետև ուխտավորները սիրո ճաշ ունեցան, ապա Տեր Հայրը քրիստոնյայի կյանքի ուղու վերաբերյալ զրույց ունեցավ նրանց հետ՝ ի մասնավորի նշելով. «Ուղղափառ եկեղեցու հայրերից մեկն ասում է. «Ես ճամփորդ եմ երկրի վրա: Ճամփորդությունս սկսել եմ օրորոցից և կավարտեմ մահվան մահճում»: Մենք ամենքս էլ ճամփորդ ենք այս կյանքում և մեր ընտրությունից է կախված, թե ինչպես կանցնենք այդ ճանապարհը և ի վերջո որտեղ կհայտնվենք: Նա, ով կանմտանա, կհամառի, կհպարտանա, կփակի իր մարմնավոր և հոգևոր աչքերը ու չի ընդունի Քրիստոսի իշխանությունը, իր կյանքի ճանապարհը բազմաթիվ վայրիվերիումներով կացնի՝ ծանր ու մահացու վերքեր հասցնելով աստվածադիր իր հոգուն: Իսկ խոնարհությամբ և հոժարակամորեն իր խաչը կրողն ու Տիրոջը հետևողը, աստիճանաբար իր կողքին կզգա Նրա հոգատար ներկայությունը, կզգա, թե երբեմն-երբեմն ինչպես է թեթևանում այն խաչը, որի ծանրությունն այլևս անտանելի էր թվում, քանզի Քրիստոս Ինքն է կրում այն մեզ հետ, որպեսզի չհուսահատվենք, այլ ամրապնդվենք հավատի մեջ, վերականգնենք մեր ուժերը և շարունակենք մեր անխոտորելի ընթացքը դեպի Քրիստոսի աստվածային իշխանությամբ հաստատված հավիտենական փրկություն»:
Տիրոջով գոտեպնդված և զորացած՝ ուխտավորները վերադարձան Երևան՝ շարունակելու իրենց կյանքի ուղին Տիրոջով:
Կարինե Սուգիկյան