«Հայր մեր՝ զՍուրբ Աւետարանն գիտեմք, եւ մայր մեր՝ զԱռաքելական եկեղեցի կաթողիկէ». ոսկեդարյան այս ոսկեղենիկ նշանաբանը հայ քրիստոնյայի անբաժան ուղեկիցն է եղել դարեր շարունակ և այսօր էլ նույն իր կենսունակությամբ ապրում է ու գործում հայորդիների կյանքում: Ոսկեդարից առ այսօր Հայ Առաքելական Սբ. եկեղեցին՝ որպես գորավագութ մայր, շարունակում է իր խնամքն ու հոգածությունը տածել հոգևոր ծնունդ պարգևած իր զավակներին՝ ապրելով նրանց հետ թե՛ իրենց ուրախությունը և թե՛ վիշտը:
Վերջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական լարված հակամարտության հետ կապված ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանն իր ուղերձը հղեց թեմի բոլոր հոգևոր հայրերին, ծխականներին և հավատացյալներին՝ հորդորելով հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին համախմբվել և հնարավոր բոլոր միջոցները ներդնել՝ սահմանում ծառայող զինվորներին ու կամավորներին զորակցելու և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու գործում:
Ապրիլի 8-ից առ այսօր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները հոգևոր հովիվների գլխավորությամբ մեկնում են Արցախ՝ իրենց հոգևոր ու նյութական աջակցությունը բերելով սահմանապահ մեր զինվորներին և կամավորներին:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը և առանձին անհատներ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ մեծ նախանձախնդրությամբ լծվեցին Հայոց բանակին աջակցելու հայրենանվեր գործին: Տեր Գրիգորը նշեց, որ նախաձեռնության արդյունքում հավաքված գումարով (2 300 000 դ.) գնվել է ամենաանհրաժեշտը՝ սնունդ և հագուստ: Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու համայնքին և նախաձեռնությանը մասնակից անձանց՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանին, «Մարտին Սթար» ընկերության տնօրեն Անդրանիկ Բաբոյանին, Ղազախստանից Ալեքսանդր Աբրահամյանին և մոսկվաբնակ հավատարիմ հավատացյալներին:
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեր Գրիգորը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավորներ Գևորգ սրկ. Համբարձումյանի և Րաֆֆի սրկ. Գույումջյանի հետ ուղևորվեցին Արցախ աշխարհ: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևորականներն ուխտի ճանապարհ անցան՝ առ Աստված աղոթք հնչեցնելով Հայոց աշխարհի խաղաղության հաստատման համար: Հասնելով Արցախ՝ նրանք Ստեփանակերտից մեկնեցին Թալիշի և Մատաղիսի սահմանային զորամասեր, ապա՝ առաջնագիծ: Թե՛ Մատաղիսի զորամասում և թե՛ նոր հենակետերում հանձնվեցին առաջին անհրաժեշտ օգնությունները:
Ինչպես յուրաքանչյուր մի այց, այնպես էլ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևորականների այցը սահմանապահ դիրքեր ոգևորել և գոտեպնդել էր մեր արիասիրտ ու քաջազուն զինվորներին և կամավորներին: Զորամասում Տեր Հոր գլխավորությամբ միասնական աղոթք հնչեց Հայոց բանակի զորացման, զոհված զինվորների հոգիների հանգստության և վիրավոր զինվորների ապաքինման համար, ապա Տեր Հայրը օրհնված խաչեր բաժանեց զինվորներին:
Մատաղիսում Տեր Գրիգորն իրականացրեց իր դուստրերի ցանկությունը. նրանց պատրաստած բացիկը հանձնեց առաջին իսկ հանդիպած զինվորին՝ Հայկին՝ Թալինից, ով խոստացավ ծառայությունն ավարտելուց հետո հյուրընկալվել Տեր Հոր ընտանիքին: Իսկ բացիկում պատկերված զինվորը երազում էր.
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Սպասում է իր որդուն,
Անհանգիստ ու անքուն:
Տեր Գրիգորը նշեց, որ մեծ դժվարությամբ և արդեն իսկ համակված կարոտով վերադարձանք հերոսական աշխարհից. «Արցախում մեր անցկացրած մի քանի ժամերն այնքան կարճ տևեցին, որ արդեն իսկ կարոտեցինք հերոսական ոգով լցված մեր հերոս տղաներին: Կցանկանայի, որ բոլորը տեսնեին այն, ինչ մենք տեսանք, իսկ մեր տեսածն աննկարագրելի, անպատմելի մի հերոսություն է, նվիրում, հաղթական ոգի և անկոտրում հավատ, որ հավիտյանս կդրոշմվի մեր սրտերում: Մեր անկեղծ խոնարհումը մեր զինվորներին և նրանց մայրերին: Մենք և մեր զավակները երախտապարտ ենք քեզ, Հա՛յ Զինվոր: Աստված օրհնի ձեզ, թող մեր Տիրոջ Ամենազոր Աջը և Ամենատես Աչքը պահապան լինի ձեզ ու անփորձանք հասցնի ձեր մայրերին»:
Երբ Գարեգին Նժդեհին հարցրել են, թե ո՞ր ժողովուրդներն են հարատևում, զարգանում և բարձրանում, նա պատասխանել է. «Կբարձրանան, կհաղթեն ու կապրեն ժողովուրդները, երբ նրանց մեջ տիրաբար կիշխե բացարձակ անկախության ոգին…, երբ անհատը, խմբակցությունը, դասակարգը Հայրենիքի և ընդհանրության շահը կգերադասի անձնականից, երբ մեծամասնությունն ավելի պարտականությունների տեր կզգա, քան իրավունքների, և երբ այդ մեծամասնության մեջ կզգացվի անձնահավատությունն ու անշեջ հավատը դեպի իր ապագան:
… Չկա՞ ազգային իդեալ- չկա՛ ձգտում, չկա՛ ստեղծագործություն, չկա՛ հաղթանակ, ապագա չկա՛:
… Չկա՛, կյանքն ազգին ու հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկություն չկա՛ աշխարհում»:
Կարինե Սուգիկյան