23 Դեկտեմբեր, Բշ
Հուլիսի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական օգնություն բաշխվեց Արարատի մարզի 3-րդ խմբի 43 զինհաշմանդամների:
Եկեղեցում Արարատի մարզի քահանաների մասնակցությամբ հաշմանդամ զինվորների համար կատարվեց բժշկության կարգ: Ապա Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնություններն ու ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը:
Եկեղեցու համայնքի ջանքերով բակում կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան խմբավար, մանկավարժ Անահիտ Գրիգորյանը, Արտաշատի պատանի երկրապահների խումբը (գեղ. ղեկավար Արթուր Հախումյանց), Արտաշատի երաժշտական դպրոցի սաները, «Արտաշատ» պարային համույթը (գեղ. ղեկավար Հակոբ Մովսիսյան) և ս. Հովհաննես եկեղեցու նորաստեղծ երգչախումբը:
Ավարտին քահանա հայրերը ԱՀԹ բարեգործական ծրագրերի պատասխանատու Շուշան Պետրոսյանի և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Լյուդմիլա Ղահրամանյանի հետ այցելեցին այն զինհաշմանդամներին, ովքեր առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել գալ եկեղեցի:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի դրամաբաշխության փուլը շարունակվում է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ հավաքված 50 մլն դրամ գումարը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Աջակցություն են ստանում նախորդ տարի ծրագրում չընդգրկված՝ զոհված զինվորների ընտանիքները և զինհաշմանդամները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին