«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն իրականացրեց հերթական դրամաբաշխումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ԱՀԹ Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց Էրեբունի, Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա համայնքների հաշվառված 15 զինհաշմանդամի՝ 8 առաջին, 6 երկրորդ և 1 երրորդ խմբի:

ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով, ապա կատարեց Բժշկության կարգ: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները: Մինչ դրամաբաշխմանն անցնելը ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը՝ մանրամասն նշելով, թե ովքեր են ներառված ծրագրում:

Սա «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի թվով տասներորդ դրամաբաշխությունն էր: Ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ երկրորդ անգամ հավաքված 50 մլն դրամ գումարը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Այս տարի աջակցություն են ստանում նախորդ տարի ծրագրում չընդգրկված՝ զոհված զինվորների ընտանիքները և զինհաշմանդամները: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում և Արարատի մարզում: Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

29.10.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․