- Երբ գտնես Քրիստոսին, ամեն ինչով կբավարարվես,- վստահեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Այլևս ոչինչ չես ուզում, հանդարտվում ես․․․ Դառնում ես ուրիշ մարդ։
Ամենուր, որտեղ Քրիստոսն է, այնտեղ ես նաև դու։ Դու ապրում ես աստղերի մեջ, անեզր տարածության մեջ, երկնքում ես լինում՝ հրեշտակների, սրբերի հետ և լինում ես երկրի վրա՝ մարդկանց, բույսերի, կենդանիների, ամեն ինչի հետ։ Մտնում ես այդ կենդանի միասնության մեջ․․․
Որտեղ կա սեր առ Քրիստոս, այնտեղ անհետանում է միայնությունը։ Այնժամ մարդ դառնում է խաղաղ, ուրախությամբ լի․ ո՛չ թախիծ, ո՛չ հիվանդություն, ո՛չ ճնշում, ո՛չ սթրես, ո՛չ մռայլություն, ո՛չ տառապանք։
Քրիստոս ներկա է քո բոլոր մտքերում, քո բոլոր գործերում։ Այդժամ դու շնորհ ունես, այդ ժամանակ կարող ես ամեն ինչի համբերել հանուն Քրիստոսի։ Կարող ես անգամ անարդարացիորեն չարչարվել, տառապանքներ կրել հանուն Քրիստոսի, բայց այդ ամենը կրում ես ուրախությամբ։
Ինչպես որ Նա անարդարացիորեն չարչարվեց, այդպես էլ դու կարող ես չարչարվել։ Ընտրել ես Քրիստոսին, որպեսզի չչարչարվե՞ս։ Պողոս առաքյալն ի՞նչ է ասում։ «Ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար» (Կող․ 1։24)։ Ահա թե ինչում է կայանում մեր կրոնը, որպեսզի մեր հոգին զարթոնք ապրի ու սիրի Քրիստոսին, որպեսզի սրբանա, որպեսզի տրվի միայն աստվածային սիրուն։ Այդժամ նաև Նա կսիրի նրան․․․
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը