Մարդ լինելը և հատկապես՝ քրիստոնյա իրական պատիվ ու փառք է, որ կարող մարդ ունենալ իր կյանքում։ Աստծու որդեգիր լինելը հոգին լիացնում է իրական ուրախությամբ: Իսկ նյութին և աշխարհին ծառայելը մարդուն զրկում է իրական պատվից: Ճշմարիտ և հավիտենական փառքը ձեռք է բերվում խոնարհությամբ, հնազանդությամբ, հեզությամբ, առատաձեռնությամբ և մերձավորին անձնուրաց ծառայելով: Քրիստոնյայի համար խորթ է «ի՞նչ կասեն մարդիկ» մտածումը, քանի որ իր գործունեության դրդապատճառը Աստծու և մերձավորի հանդեպ սերն է: Նա գիտի, որ իր գործերի լավագույն դատավորը սրտերը ճանաչող ու քննող Աստված է:
Նոյեմբերի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում, Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան Գայանեին (34 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (100 000 դրամ), որ տրամադրել էր կանադահայ Սոնյա Գափիքյանը: Գայանեն իր ամուսնու, զավակի, ծնողների և երկու եղբայրների հետ բռնի տեղահանվել է Ստեփանակերտ քաղաքից, ուր բնակվել են վարձակալությամբ, իսկ 2020-ին ընտանիքը բռնահանվել էր Մարտունու շրջանի Շեխեր գյուղից: Գայանեի երկու եղբայրները մասնակցել են Արցախյան 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Բռնահանված ընտանիքն այժմ վարձակալությամբ բնակվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշ 2-րդ նրբանցք հասցեում:
«Մերձավորի հանդեպ սիրո մեջ թաքնված է Քրիստոսի հանդեպ մեծ սերը: Այդ սերը քրիստոնեական սեր է, որ որակապես տարբերվում է աշխարհիկ մարդկանց սիրուց: Ով քրիստոնեական սիրուց մղված հոգում է մերձավորի կարիքները, հոգնածությունն ինքնին հանգիստ է պարգևում իրեն, իսկ ինքն իրեն սիրողն ու ծույլը հոգնում է իր անգործությունից։ Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչն է մեզ մղում սիրո գործերի»,- ասել է հայր Պաիսիոս Աթոսացին։
Կարինե Սուգիկյան