«Մեծատունը և աղքատ Ղազարոսը» առակի պատկերագրությունը

«Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարի սյուժեն հիմնվում է Ղուկասի Ավետարանում շարադրված հարուստի և աղքատ Ղազարոսի պատմության վրա (Ղուկաս 16:19-31):

Մատենադարանի № 7651 ավետարանում «Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարը բաժանված է երկու մասի: Ձախում ծալապատիկ նստած մեծատունը արբում է իր ծառայի հետ, աջում՝ կիսամերկ նստած է աղքատ Ղազարոսը, և շունը լիզում է նրա վերքերը: Այս նկարը համեմատվել է, այսպես կոչված, Հայնրիխ III-ի ոսկե ավետարանագրքի (Cod, Aureus Escor., Madrid, 1043/46) «Հարուստը և աղքատ Ղազարոսը» առակի պատկերի հետ: Վերջինս ներկայացված է երեք գոտիով, որոնցից վերևինը թեմայով համապատասխանում է № 7651 ավետարանի նկարին, միայն պերսոնաժների թիվն ավելի մեծ է: «Ոսկե ավետարանագրքի» նկարում, ինչպես № 7651 ավետարանում, տեսարանը բաժանված է երկու մասի, ըստ որում ինտերիերը, որտեղ մեծատունը խրախճանք է անում, երկու կողմից փակվում է շինության սխեմատիկ ճակատներով: Այստեղ հարուստը ծառայի միջոցով շեմքից հեռացնում է Ղազարոսին (կենցաղային մի պահ, որ ներկայացված է սխեմատիկ ձևով): № 7651 ավետարանի նկարում ինտերիերը և էքստերիերը չեն տրված. դրանք պետք է պատկերացնի դիտողը (հարուստը խնջույք է անում ծառայի հետ ներսում, իսկ Ղազարոսը սովահար նստած է դրսում): Պարզապես մեծատունն ու իր ծառան երկու կողմից փակված են աշտարակաձև շինություններով, որոնք հիշեցնում են բյուզանդական նույնատիպ սխեմաներով շինություններ (Ֆլորենցիայի Laur. VI, 23 ձեռագրում): Աղքատ Ղազարոսը մի պարեգոտով փաթաթված նստած է շեմի առաջ: Նկարում Սարգիս Պիծակը հանել է կենցաղային պահը (ծառան շեմից քշում է մուրացող Ղազարոսին): Դրա փոխարեն նա ծառային նստեցրել է ծալապատիկ՝ արևելյան սովորույթով, ցուցադրաբար բարձրացրած գինու գավաթներով (վայելում են այս կյանքը): Իսկ Ղազարոսի տառապանքը երևում է նրանից, որ նախ կիսամերկ է, ապա գլխով կռթնել է ափին (իր վիճակը ողբալու կեցվածք), վերջապես շունը լիզում է ոտքերի վերքերը: Արևելյան կեցվածքներով օժտելով պերսոնաժներին՝ Պիծակը ավելի շեշտել է առակի սիմվոլիկ կողմը: Նա նույնիսկ չի նկարել Ղազարոսի վերքերը (որ նկարված են Հայնրիխ III-ի ոսկե ավետարանագրքում):     

Հեթում Բ արքայի Ճաշոցի լուսանցանկարներից մեկում պատկերված է պահքի չորրորդ կիրակին ընթերցվող Ղուկասի ավետարանի այն հատվածը, որտեղ աղքատ Ղազարոսը մահից հետո հրեշտակների կողմից բերվել է Աբրահամի գոգը (այսինքն դրախտ), իսկ հարուստը դժոխք է ընկել: Մանրանկարում դժոխքը պատկերված է հրեշի տեսքով, որի երախից դուրս է ցցված հարուստի մերկ կերպարանքի վերևի մասը. նա ցույց է տալիս իր լեզուն՝ խնդրելով այն թրջել ջրով: Այդ պատկերի վերևում բուսազարդ շրջանակի մեջ ոսկու ֆոնին կիսանդրիով ներկայացված են Աբրահամը և Ղազարոսը՝ որպես պատանի:

Աղքատ Ղազարոսի առակի հիմքում է ընկած «Աբրահամը և Աստվածածինը Եդեմի այգում» պատկերը: Այս տեսարանն ընդգրկված է 1332 թվականի ավետարանի (Սուրխաթ, գրիչ՝ Գրիգոր Սուքիասանց, Երևան, Մատենադարան, № 7664) նկարազարդման մեջ: Այս ավետարանում բազմաթիվ մանրանկարներ  կան, որոնք, սակայն, լավ չեն պահպանվել: Պատճառներից մեկը, ինչպես նշել է Լ. Դուռնովոն, այն է, որ մանրանկարները կատարված են տեմպերայով՝ թղթի վրա: Սպիտակախառը գույները, դեմքերը և նրանց մշակումը, հագուստների ծալքերի սահուն անցումները ենթադրել են տալիս, որ նկարիչը ծանոթ է եղել Բալկաններում գտնվող վանքերի որմնանկարչական գեղանկարչությանը, որոնք արտացոլել են պալեոլոգյան շրջանի բյուզանդական ոճը: Այս մասին են վկայում նաև նկարչի ստեղծագործությանն անդրադարձած արվեստաբանները: Էմմա Կորխմազյանը ենթադրում է, որ վերոհիշյալ ավետարանի նախօրինակը կարող էր լինել հունական մի ձեռագիր: Մատյանն ուշագրավ է տերունական պատկերների ընդարձակ շարքով (78 տեսարան), այդ թվում ընդգրկված են այնպիսինները, որոնք հազվադեպ են հանդիպում, օրինակ՝ «Քրիստոս հանդարտեցնում է հողմը», «Մարդահամար», «Ս. Կույսի ծնունդը» և «Աբրահամը և Աստվածածինը Եդեմի այգում» մանրանկարները:

«Աբրահամը և Աստվածածինը Եդեմի այգում» մանրանկարը եզակի պատկերներից է, սյուժեի հիմքում ընկած է հարուստի սեղանի փշրանքներով կերակրվող ու զրկանքներով ապրող աղքատ Ղազարոսի մասին առակը, որի մահից հետո նրա հոգին հրեշտակները տանում են «Աբրահամի գիրկը» (դրախտի այլաբանական անվանումը): Մանրանկարում դրախտային այգին ներկայացված է կանաչ, սաղարթախիտ ծառերով, որոնց տակ՝ իրար կողքի դրված գահավորակներին, աջից բազմել է Աբրահամը՝ գոգին պատանու տեսքով պատկերված Ղազարոսի հոգին, ձախից՝ ձեռքերը աղոթողի դիրքով կրծքի վրա բռնած (ափերը դուրս՝ հնավանդ ձև) Աստվածածինը: Աստվածամոր և Աբրահամի կերպարանքները աչքի են ընկնում դեմքերի, ձեռքերի կատարման նրբությամբ, կերպարների ներշնչվածությամբ և, չնայած իրենց փոքր չափերին, նաև մոնումենտալությամբ:  Հորինվածքի ավանդական պատկերագրությունը դրսևորվում է նրանց՝ սրբապատկերին բնորոշ ճակատային դիրքի և մոնումենտալ, հանդիսավոր կեցվածքի, խորհրդանշական առարկաների (ծառ, գահ, մութաքա), արտահայտիչ դեմքերի և հագուստների ծավալային մշակման միջոցով: Միաժամանակ առկա է գեղանկարչական նոր ձևերի որոնումների միտում, որի շնորհիվ այս ձեռագիրն Էմմա Կորխմազյանը ևս դասում է պալեոլոգյան շրջանի լավագույն հուշարձանների շարքին:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

29.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․