21 Դեկտեմբեր, Շբ
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև
ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու.
և ինչ չափով, որ չափում եք,
նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:1):
Արդյո՞ք կատարում ենք տիրավանդ այս պատվիրանը: Ցավոք, ո՛չ: Մեզանում այսօր նկատվում է ոչ միայն միմյանց դատելու, բամբասելու, այլև հոգևորականներին դատելու, վատաբանելու խիստ պարսավելի երևույթը: Նկատելի է կրոնավորի հանդեպ ոչ միայն քամահրական վերաբերմունք, այլև հաճախ բացահայտ կերպով արհամարհվում է Աստծո սպասավորը: Շատերն իրենց այսօրինակ պահվածքի պատճառ են համարում հենց հոգևորականներին՝ մեղադրելով վերջիններիս անվայել պահվածքի մեջ: Նրանք, որևէ հոգևորականի հետ կապված բացասական դիպվածի ականատես լինելով, գայթակղվում են, սկսում բացասաբար արտահայտվել հոգևորականաց դասի մասին, այլևս չեն վստահում նրանց և նույնիսկ հեռանում Եկեղեցուց...
Պատճառները զանազան են և թերևս միշտ կան նրանց համար, ովքեր հարմար առիթը բաց չեն թողնում հոգևորականին դատելու, վարկաբեկելու, բամբասելու: Այսպիսի մարդիկ, ցավոք, չգիտեն, թե ով է կրոնավորը, որն է նրա դերն այս աշխարհում, յուրաքանչյուրիս կյանքում: Եթե գիտակցեին, անշուշտ կսոսկային ու կզարհուրեին՝ հասկանալով, թե ինչ մեծագույն չարիք են գործում՝ դատելով հոգևորականին՝ Աստծո օծյալին: Եթե մեր Տերը զգուշացնում է մեզ միմյանց չդատել, ապա որչափ առավել պարտավոր ենք զգուշանալ հոգևորականներին դատելուց: Եկեղեցու սուրբ հայրերն այս ախտը համարում են դիվական, որի պատճառով շատերն ընկնում են կորստյան վիհը: «Մեզ` աշխարհականներիս վայել չէ դատել քահանային` թեկուզև մեղք գործի»,- զգուշացնում է մեզ սբ. Եվագր Պոնտացին:
Քահանան ամենակալ Տիրոջ պատգամաբերն է, Աստծո և մարդկանց միջև միջնորդ, հոգիների բժիշկ, երկնավոր հրեշտակ, խավարը հալածող լույս: Սբ. Ներսես Շնորհալին քահանայական երկնավոր գործն ավելի վեր է դասում, քան հրեշտակային գերաշխարհիկ զորությունները, եթե այն կատարվում է անարատությամբ և սրբությամբ:
Ուրեմն ինչպե՞ս ենք համարձակվում դատել Աստծո և մեր միջև միջնորդին, մեր հոգիների բժշկին: «Դո՛ւ, ժողովո՛ւրդ, քո առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի՛ եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի՛ հափշտակիր, որովհետև Նա է քահանաների քննիչն ու դատավորը: Քեզ հրամայվեց քահանաներին լսել և նրանց խոսքերին ու քարոզությանը հնազանդ լինել» (Վարդան Այգեկցի): Սբ. Պողոս առաքյալն էլ եբրայեցիներին ուղղված իր թղթում պատվիրում է. «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն» (13:17): Իսկ երբ չենք լսում մեր հոգևոր առաջնորդներին և լինում անհնազանդ, Աստծուն ենք հակադրվում և արհամարհում՝ ըստ Տիրոջ խոսքի. «Ով ձե՛զ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին» (Մատթ. 10:40): Նաև Սբ. Հովհան Մանդակունի հայրապետն է գրում. «Քահանան ամենակալ Աստծո հրեշտակն է: Եթե արհամարհես, Աստծո առջև ես մեղանչում, որը նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում Պատարագի խորհուրդն ու մկրտությունը: Թեպետ և նրանք արժանի չեն ահեղ խորհրդին մոտենալու, սակայն մարդկանց փրկության համար Աստված չի արգելում Սուրբ Հոգու շնորհները»: Ուրեմն հիշենք, որ Աստված հոգևորականների միջոցով է կատարում Եկեղեցու սրբազան խորհուրդները:
Աստծո սպասավորին դատելուց առաջ գիտակցենք, որ նա էլ մարդ է, մեղանչական բնության տեր և կարող է սխալվել: Գիտենանք, որ հոգևորականն առավել, քան որևէ աշխարհական ենթակա է դիվային հարձակումների, փորձությունների, քանի որ ուրացել է իր անձը և վերցնելով իր խաչը՝ գնում է Տիրոջ ետևից:
Մեղանչական ենք ամենքս. երբ ինչ-որ հանցանքի պատճառով դատում ենք դիմացինին, մտածենք, որ գուցե մենք ևս անմասն չենք այդ հանցանքից և կրողներն ենք ավելի ծանր մեղքերի: Քննենք մե՛ր թերությունները և մե՛զ մեղավոր համարենք: Մեր հանցանքները թողած՝ այլոց չդատենք, այլ ուղղենք մե՛ր վարքը: Ինչո՞ւ դիմացինի աչքի միջի շյուղը տեսնում ենք, իսկ մեր աչքի գերանը՝ ոչ: Հիշենք, թե ինչ է ասում մեր Տերը. «Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա լավ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Ղուկ. 6:42):
Սթափվենք, սիրելինե՛ր, հեռու վանենք մեզանից միմյանց դատելու, հատկապես կրոնավորներին դատելու ախտը, գիտակցենք, որ յուրաքանչյուրս մե՛ր գործած սխալների ու մեղքերի համար ենք պատասխանատու Աստծո առջև. «Մեզնից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար» (Հռոմ. 14:12):
Ճշմարիտ քրիստոնեական գիտակցումով մենք պարտավոր ենք մշտապես աղոթել մեր հոգևոր հայրերի՝ ողջ հոգևորականաց դասի հավատի անսասանության, զորացման համար, որպեսզի ճշմարիտ, երկնավոր Հովվի՝ Հիսուս Քրիստոսի օգնականությամբ, իրենց ուխտին հավատարիմ, անշեղ ընթացքով ճշմարտապես հովվեն Քրիստոսի բանավոր հոտը՝ մեզ բոլորիս՝ հասցնելով դեպի խաղաղության նավահանգիստ՝ դեպի փրկություն:
Անժելա Խաչատրյան