22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Մի՛ հապաղիր և բաց մի՛ թող ապաշխարության ժամանակը

«Ես չեմ ուզում իմ կյանքը հիմա փոխել, բայց հավատում եմ, որ Աստված ինձ կընդունի, եթե նրանից թողություն խնդրեմ իմ կյանքի վերջին պահին»: Այս դեպքում մարդը ցանկանում է ապրել մեղքի մեջ և Աստծուց խնդրում է հանգիստ տա իրեն այն հույսով, որ արդեն իր համար սիրելի դարձած մեղքերից, ինչ-որ մի ժամանակ կարող է հրաժարվել: Այս մտածումն ու խոսքերը չարի հերթական խաբկանքներից մեկն է, երբ անձն ինքնաքննությամբ ապաշխարելը հետաձգում է վաղվան, մեկ ուրիշ օրվան, իսկ վատթարագույնը՝ մինչև ծերություն և մահ:

Այս խաբկանքի վտանգավոր կողմերն առավել խորությամբ բացահայտելու համար անդրադառնանք այս օրինակին՝ երբ որոշ մարդիկ իրենց առօրյայում հաճախ են դիմում «անմեղ» ստերի, որոնցից մեկը՝ տան անդամներին զգուշացնում են՝ ասելով, երբ ինձ զանգեն, ես տանը չեմ: Շրջապատը հնարավոր է վնաս չկրի, բայց մեղանչողն ուղղակիորեն է վնասվում, որովհետև ամեն մի սուտ՝ նույնիսկ աննշան թվացողը, հեռվացնում է անձին նրանից, ում նա ստում է: Ստողն իր արարքով սկսում է թունավորել իրենց հարաբերությունը, արդյունքն էլ չի ուշանում. անձն աննկատելիորեն դադարում է սիրել նրան, ում ստում է: Քանի որ սիրո մեջ բացառվում է սուտը, իսկ սիրո բացակայությունն էլ աստիճանաբար տանում է դեպի ատելություն:

Եթե սուտն այս աստիճան կործանարար է մարդկային փոխհարաբերություններում, ապա ինչ կկատարվի նրա հետ, ով փորձի խաբել Աստծուն: Նույն պատկերն է ստեղծվում, մարդն իր ստով Աստծո և իր միջև պատնեշ է կառուցում: Աստված շարունակում է սիրել մարդուն, բայց մեղքերով ծանրացած մարդը չի կարողանում մաքուր խղճմտանքով պատասխանել այդ սիրուն: Պատնեշը կառուցվում է և անընդհատ բարձրանում, երբ հետաձգվում է ապաշխարությունը, ինչը միամիտ մի փորձ է Աստծուն խաբելու. ապրել մեղքի մեջ այն տարօրինակ հույսով, որ կարելի է ինչ-որ պահի կամ մահվան մահճում թողություն խնդրել Աստծուց: Երկարատև մեղքի մեջ մնալը երկարատև ապաշխարություն է նաև պահանջում, որովհետև մեղքը, հիմնավորվելով մարդու սրտում, դառնում է սովորություն, նաև բնավորություն: Եվ հնարավորությունը հանկարծակի հրաժարվելու բնավորություն դարձած մեղքից այնքան է, որքան, եթե վարորդը մեծ արագությամբ ընթացող, փորձի միանգամից կանգ առնել: Մարդու գիտակից կյանքի մշտական ուղեկիցը պետք է լինի ապաշխարությունը: Եվ մարդն ինքն իրեն է խաբում և ոչ Աստծուն, երբ ապաշխարության այդ երկարատև և ոչ հասարակ ընթացքը հետաձգում է կյանքի վերջին պահին:

Իրական զղջումը միայն խոսքերով չէ, այլ մի գիտակցում է, որի պատճառով մարդը ցավ է ապրում իր մեղքերի պատճառով, խնդրում է Աստծո ողորմությունը, հաստատ ընդունելով այն որոշումը, որ հրաժարվելու է այդ մեղքերից: Այս ամենի համար ժամանակ է պահանջվում, որը կարող է մարդ չունենալ իր մահից առաջ: Յուրաքանչյուր օր քրիստոնյայի համար Աստծո տված պարգև է, որ պետք է հնարավորինս ճիշտ ապրի:

Սբ. Գրիգոր Վկայասերը զգուշացնում է. «Ով դու, մարդ, մի հապաղիր և մի ասա, թե՝ «Վաղը կելնեմ մեղքերից և կգնամ առ Աստված»: Մի խորհիր այդ քո մտքում, որովհետև չար դևն է սերմանում այն խորհուրդներիդ մեջ, որ հապաղես և հանկարծակի անհույս մեռնես և իր հետ այրվես հավիտենական հրում»:

Գուցե և այս պահին ոմանք հիշեն աջակողմյան ավազակի օրինակը, ով մահից առաջ զղջաց և փրկության արժանացավ՝ լսելով Քրիստոսից հետևյալ խոսքերը. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23:43): Աջակողմյան ավազակը մահից առաջ իրապես զղջաց և արժանացավ փրկության, քանի որ ոչ մի հույս չուներ փոխելու իր կյանքը: Անդրադառնալով մյուս ավազակին՝ հարց է առաջանում, ինչո՞ւ նա չցանկացավ փրկվել, դրախտի արժանանալ, այլ հակառակը նախատեց Քրիստոսին: Արդար և բարյացակամ խոսքերն աջակողմյան ավազակի չազդեցին իր վրա, չարթնացրին իր մեջ ո՛չ գիտակցությունը, ո՛չ խիղճը և այդպես նա մեռավ խաչի վրա՝ չբացելով իր սիրտը Աստծո ողորմության առջև: Այս ավազակների օրինակն այն համոզիչ վկայությունն է, որ ոչ բոլորն են, որ մահից առաջ հնարավորություն կունենան ապաշխարելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում որքան մարդիկ են մահանում տարաժամ կամ հանկարծամահ լինում: Աջակողմյան ավազակն այն օրինակն է, որ մարդը փրկվում է Աստծո ողորմությամբ, բայց մինչ այդ ճանաչելով Աստծո անսահման սերը, սկսում է տեսնել իր մեղքերը և հասկանում է, որ իր գործերով ինքն արժանի կլինի միայն մահվան և դժոխքի:

Սբ. Հովհան Մանդակունին մարդու վախճանի օրն անվանել է գող և հափշտակող՝ շարունակության մեջ նշելով. «Անտեսանելի է այս աշխարհից ելքը, հանկարծահաս և ստիպող, և չի թողնում աղաչել և աղերսել, լալ ու ողբալ. ողորմել ու ապաշխարել: Բռնում է ինչպես որոգայթ, հափշտակում ինչպես առյուծ և, անողորմ վարելով, տանում ինչպես գերեվարների գերի. արտասվելով հառաչում ես և ողբալով հեծում, սակայն օգուտ չես գտնում: Քանզի, ժամ առ ժամ հետաձգելով՝ բաց թողեցիր ապաշխարության ժամանակը, որով կարող էիր մեղքերիդ բեռները թեթևացնել և անօրինությունների տիղմը մաքրել, լինել արդարների երամակից, երկնավոր Հոր որդի և անանց բարիքների ժառանգորդ»:

 

Կարինե Սուգիկյան

23.03.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․