Մի գրադարանավար հայտնվում է հանդերձյալ աշխարհում և ուրախանում, որ հրեշտակները նրան տանում են մի գրադարան ու այնտեղ թողնում, որտեղ անհամար հաստափոր գրքեր են լինում:
Գրադարանավարն ասում է.
- Մտածում էի, թե ինձ դժոխք են տանելու, որովհետև շատերին միշտ պախարակել եմ, բամբասել, դատապարտել, բայց ինձ այս գրադարանը բերեցիք, ուր կարծում եմ` անվերջ հետաքրքիր գրքեր կկարդամ ու կյանքի հավիտենական գաղտնիքների մասին կտեղեկանամ ու իմ սիրելի գործն այստեղ մշտապես կշարունակեմ:
Այնուհետև սեղանին կավե ամանով մի ծաղիկ է տեսնում ու հարցնում.
- Այս ծաղիկը ճանաչեցի, այն թառամում էր, ջրեցի, նորից կյանք ստացավ և ծաղկեց: Իսկ սա ինչո՞ւ է այստեղ:
Հրեշտակը պատասխանում է.
- Ճիշտ ես ասում, սա քո կատարած բարի գործն է, իսկ այս անվերջ գրադարանն ու գրքերը միայն այն դատապարտություններդ ու զրպարտանքներն են, որ թառամելու համար ուղղել ես այս ծաղկին: Այժմ, ինչ վաստակել ես, թողնում ենք այստեղ քեզ հետ հավիտենապես:
Գրադարանավարն ընկնում է մտքերի մեջ, նայում վերջ չունեցող գրադարանին, ապա հարցնում.
- Իսկ հրեշտակներն ինչո՞ւ են նոր գրքեր բերում ու այս գրադարանն ավելի մեծացնում:
Հրեշտակը պատասխանում է.
- Բերում են քո ամբողջ կյանքում արված մնացյալ դատապարտությունները, որոնք գրվել են այդ գրքերում, որպեսզի այստեղ կարդաս ու հիշես, թե ուրիշներին դատապարտելով որքան ես մեղք գործել:
Այլայլված մարդը նայում է ծաղկին ու հասկանում, որ միակ լույսն ու սփոփանքն այդ գեղեցիկ ծաղիկն է այդ գորշ ու անծայրածիր գրադարանի մեջ, ուր հավիտենապես պիտի ապրի ու շարունակ շրջի և գիտակցում է, որ մեծ հոգատարությամբ պիտի խնամի այդ ծաղիկը, որպեսզի այն այլևս չթառամի...
Որքան չես դատում ուրիշներին, այնքան հոգևոր աճ ես ապրում, որքան դատում ես, այնքան հոգևոր անկում ես ապրում:
Հովհաննես Մանուկյան