Միամտությունը

Միամտությունը | Miamtutyuny

«Աղավնիների նման միամի՛տ եղեք» (հմմտ Մատթ 1016)։

Մի շարք պարագաներում, երբ մեկի մասին ասում ենք, որ «միամիտ» է, նրա այդ հատկությունը գովերգած չենք լինում։ Սակայն այս բառը, որը հաճախ իբրև նախատինք է գործածվում, նաև ամենագնահատելի հատկանիշներից մեկն է, ի մասնավորի՝ դպրության մեջ ու գեղարվեստում։ Շատ ճիշտ է ասված․ «Միամտությունը գեղեցկության հիմնական նկարագրիչներից մեկն ու վսեմության ցուցիչն է» (Didero)։

Այդ խոսքը նույնքան ճշմարիտ է նաև, երբ դիտարկում ենք հասարակական կյանքի տեսանկյունից։ Այսպես, երբ մեկի մասին ասվում է, որ միամիտ է, այդ խոսքը կարող է դրական երանգավորում էլ ունենալ։ Արդարև, մեր լեզվում այս բառը երկու՝ իրար հակառակ իմաստներ ունի․ կա անմեղ միամտություն, որը զուրկ է խորամանկությունից, կա նաև անմիտ միամտություն, որի մեջ բացակայում է ողջամիտ կարծիքն ու ողջամտությունը։

Ես կամեցա ցույց տալ այդ տարբերությունը, քանի որ այն տեսանելի է նաև Սուրբ Գրքում։ Ըստ այսմ, մինչդեռ Հիսուս Իր աշակերտներին հանձնարարում է աղավնիների պես միամիտ լինել, Օսէէ մարգարեն իր ժամանակակիցներին մեղադրում է միամտության պատճառով ապականվելու մեջ, երբ ասում է․ «Եփրեմը նման էր անմիտ աղավնու, որ սիրտ չունի», «Եփրեմը միամիտ աղավնու պես եղավ» (Օսէէ 7․11)։

Ուրեմն, ըստ բարոյական և կրոնական աշխարհայացքի՝ կա միամտության մի տեսակ, որը ոչինչ չարժե և ավելի շատ անխելքություն և անմտություն է։ Անշուշտ այդ իսկ պատճառով էլ մեր Տերը միևնույն պատգամի մեջ միամտությանը զուգակցում է խորագիտությունը․ «Խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման»։

Խորագիտությունն ու միամտությունը խիստ նախանձելի երկու առաքինություններ են, եթե իհարկե ձեռք ձեռքի տված և միմյանց օժանդակելով գործեն։ Եթե նրանք միասին լինեն, կարժանանան ամեն տեսակի գովեստների, քանի որ մեկը լեցուն է իմաստությամբ, մյուսը՝ շնորհներով։

Իրարից բաժան, անջատ լինելու դեպքում այդ երկու հատկություններն անպատվության շղարշով կծածկվեն։ Խորագիտությունն առանց միամտության խորամանկություն, խաբեբայություն և նենգամտություն է, իսկ միամտությունն առանց խորագիտության իմացական տկարություն, դյուրախաբություն ու անմտություն է։ Այս վերջին տեսակի միամտությունը բնավ հանձնարարելի չէ Տիրոջ կողմից։

Այս սահմանումը տալուց հետո այժմ անցնեմ բուն թեմային։ Ես նպատակ ունեմ ներկայացնելու միայն ավետարանական միամտությունը և ցույց տալու, թե այն ինչպիսի բնույթ ունի։ Երանի՜ թե կարողանայի ունկնդիրներիս բացատրել այդ անմեղ միամտության թանկագին արժեքը և այդու ձեզանում առավելեի այն սեփականացնելու բաղձանքը։

Ա

Միամտությունը, ամեն բանից առաջ, ինչպես հենց բառն էլ ցույց է տալիս, երկդիմության մերժումն է։ Երկդիմությունն աննշան ու չնչին թերություն մի՛ կարծեք։ Մենք երկդիմությամբ ենք գործում, երբ «երկու դեմքով» ենք հանդես գալիս ուրիշների հետ հարաբերություններում, կամ երբ «երկու անձով» ենք գործում, «երկու կերպ» խոսում։

Այսինքն՝ երկդիմություն է մեր արածը, երբ մեր «ներսն» ու «դուրսը» տարբերվում են, երբ «ընտանեկան բարոյականությունը» տարբերվում է «գործնական բարոյականությունից», երբ լեզուն մի բան է խոսում, միտքը՝ այլ։

Անհերքելի է այն հանգամանքը, որ շահերի պայքարն ու գոյության կռիվը ավերել են շատերի խիղճը: Այսօր հաճախ ենք հանդիպում հրեշային, անհեթեթ առածների, որոնք, դժբախտաբար, իբրև հայտնի ու անվիճելի սկզբունքներ են հանդես գալիս։

Հաճախ են շրջանառվում այս խոսքերը․ «Գործի մեջ անհնար է կիրառել բարոյական նորմերը»։ Կամ, որ ավելի վատ է․ «Գործում որոշ ստեր ներելի են, քանի որ առանց դրանց հնարավոր չէ»։ Դարձյալ․ «Երբ ողջ աշխարհը ողողված է նենգությամբ, այն դադարում է մերժելի լինելուց, հետևաբար առանց խղճահարության կարող է կիրառվել»։

Ահա ինչպես տեսնում եք, սրանք ևս սկզբունքներ են, որոնք սակայն նման չեն «Լեռան քարոզ»-ի սկզբունքներին։ Եվ ցավալիորեն շատ հարգարժան մարդիկ էլ կան, որոնք նույնպիսի առածներ են կրկնում, կան նաև քրիստոնյաներ էլ, որոնք ներողամտաբար են վերաբերվում այդ ամենին, մինչդեռ դա անպատվություն է մարդկային խղճի համար։

Չնայած վստահ եմ, որ մյուս կողմից էլ կան շատեր, որոնք հանուն ուղղամտության և պարկեշտության իսպառ մերժում են նենգամտությունն ու խաբեբայությունը՝ նախընտրելով արդարության պատճառով վտանգի մատնվել, քան խաբեբայությամբ հաջողության հասնել։

Բարեբախտաբար մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ մեծամասնությունը խորագետ միամտության, այսինքն՝ ուղղամտության «կողմնակիցն» է։ Սակայն որքա՜ն ցավալի է, որ կան մարդիկ, որոնք միտված են խորհելու, թե ինչպես, ինչ հնարքներով կարելի է խաբել դիմացինին։

Եկեղեցու պարտականությունն է ժողովրդին հիշեցնել, որ չկա երկու տեսակի բարոյականություն, այլ միայն մեկը, և դա էլ խղճի, նույն ինքը՝ Ավետարանի բարոյականությունն է։

Հասարակական արդի պայմաններում, եթե խիստ արթնամիտ չլինենք, ապա շատ դյուրությամբ երկդիմության մեջ կընկնենք և կկորցնենք միամտությունը։ Օրինակ՝ մենք «կորցնում» ենք միամտությունը, երբ որևէ մեկին հաճոյանալու համար գովասանքներով փառաբանում ենք նրան այն համոզմամբ, որ գովասանքներն ու մեծարանքները ընթացիկ աշխարհային կյանքի դրամներն են։ Ինչպիսի՜ ունայնամտություն․․․

Ահա այդպես մարդ իր այդ տկարության պատճառով դյուրությամբ կարող է ծուղակն ընկնել։ Ունայնամտությո՜ւն․ ահա՛ մեր բարոյական կյանքի այն խոր ճեղքվածքը, որով առանց դժվարության կարելի է ներս մտնել ու տիրանալ հոգու բոլոր զգացումներին։ Կարիք չկա մեծ ջանքեր գործադրել մարդու սիրտ սպրդելու համար։ Ունայնամտությունն ընծայում է ամեն դյուրություն՝ գրավելու մարդու ողջ հոգին։

Այդ երևույթը ծանոթ է համայն աշխարհին։ Մանավանդ վայելչության և քաղաքավարության սիրահար ու բուռն կյանքով ապրող մարդկանց համար շատ ավելի պարզ է այն, որ ունայնամտությունը գրեթե միշտ շահագործվում է։

Դարձյալ, մենք «ուրանում» ենք մեր միամտությունը, երբ, մեր շահերը չվտանգելու նախազգուշությունից ելնելով, այնպես ենք արտահայտվում, որ, ճիշտ է, չենք հակառակվում ճշմարտությանը, սակայն անորոշության ու մթության մեջ ենք թողնում այն այնպիսի «նրբանկատությամբ», որն Ավետարանը դատապարտում է, իսկ խիղճը չի հանդուրժում։ Քանի՜ քանիսը կան, որոնք, ստախոս չլինելով, ճշմարտությունն էլ չեն ասում։

Մենք «հրաժարվում» ենք միամիտ լինելուց նաև այն ժամանակ, երբ մեր նպատակին հասնելու կամ որևէ ձեռնարկում հաջողեցնելու համար եթե ոչ անպատվաբեր, ապա գոնե զարտուղի միջոցների ենք դիմում, եթե ոչ ապօրինի, ապա հաստատապես շփոթեցնող ու խճճված հնարքներ ենք գործադրում, որոնք բնավ գովասանքի արժանի չեն: Պատվարժան քանի՜ մարդ կա, որ արտաքնապես անկեղծ ու աղավնու պես միամիտ է, բայց ներքնապես օձի նենգամտություն ունի:

Հիսուս այս պատգամը տալիս էր այն ժամանակ, երբ Իր աշակերտներին զույգ-զույգ ուղարկում էր Ավետարանը քարոզելու և Աստծու թագավորությունը հիմնելու: Ուրեմն այս պատվերը նշանակում էր, որ աշակերտները չպիտի փորձեին ճշմարտության հաղթանակն ապահովել մթին ու շփոթեցնող միջոցներով: Չէ՞ որ այն Աստված, Որին դուք ծառայում եք, լույսի Աստված է, հետևաբար դուք չպիտի գործեք խավարում:

Ես հարկ եմ համարում հիշեցնել այս պատգամն իմ հավատակից այն եղբայրներին, որոնց եկեղեցական «քաղաքականությունը» դժբախտաբար մթին ու շփոթեցնող է եղել: Երբ ուզում ենք պաշտպանել Աստծու դատը, երբ կամենում ենք ուղղել ժողովրդի բարոյական նկարագիրը, անշուշտ պետք է խոհեմ ու խորագետ լինենք, բայց այդ խոհեմությունը չպետք է վերածենք վարպետության, նենգամտության ու ճարպկության:

Պետք է պարզ, այսինքն՝ միամիտ լինել, և դա անշուշտ հօգուտ և ի շահ ճշմարտության կլինի: Ճարպկությունն օգտակար է հրամանատարին կամ քաղաքական գործչին, բայց որևէ օգուտ չունի քրիստոնյայի համար, այլ դեռ մի բան էլ վնաս է:

Հնարամտությունը կարող է պետությունը փրկել կործանումից ու պատերազմում հաղթանակ ապահովել, սակայն այն անկարող է փրկել ճշմարտությունը: Հաղթանակը նրանցն է, ովքեր առանց հնարամտության զենքերի անձնազոհաբար նետվում են մարտի՝ ձեռքին ունենալով միայն ճշմարտության ու սիրո նշանը՝ Խաչը:

Այս ազնիվ ու վսեմ պատերազմում կան սուրբ անխոհեմություններ, որոնք իրականում գերազանց խոհեմություն են: Միամի՛տ լինենք նույնիսկ այն ժամանակ, երբ մարդկային տեսակետից տանուլ կտանք պատերազմը, փույթ չէ: Բավական է միայն այն, որ պատմության մեջ հիշատակվող թագավորներից մեկի նման մեծ ձախողումից հետո կարողանանք ասել այս նշանավոր խոսքը. «Մենք կորցրինք ամեն ինչ, բացի պատվից»:

Հոգ չէ, եթե մեր ջանքերն ի դերև ելնեն, եթե ձախողվեն մեր ծրագրերը և ձեռնարկումները, կորցնենք մեր հիմնարկություններն ու նույնիսկ մեր եկեղեցին. բավական է միայն, որ այդ սրբազան ավերակների վրա փոշիների միջից հառնի անկորնչելի ճշմարտությունը՝ մաքուր ու պարզ ճակատով:

Բ.

Արդեն ասացի, որ միամտությունը երկդիմության հակառակն է: Այդպիսով ես կամենում էի դատապարտել ճշմարտությունից խուսափող մարդկանց կիրառած բոլոր միջոցներն ու հնարները:

Այժմ հավելեմ, որ միամտությունը ձևականության հակառակն է: Գիտե՞ք, թե որքան անհաճո են այն մարդիկ, որոնք ըստ անհրաժեշտության նոր դեմք ու նոր կերպարանք են ընդունում, նոր խոսք ու ժպիտ «կերտում»: Դրանք թշվառ մարդիկ են, որոնք իրենք իրենց ստիպում, ճգնում են ամեն կերպ հաճելի լինել ուրիշներին՝ առանց գիտենալու, որ այդպիսով ավելի վատ դրության մեջ են ընկնում:

Եվ որքա՜ն գրավիչ ու սիրելի են նրանք, ովքեր որևէ սեթևեթանք, որևէ ձևականություն չունեն, ովքեր դրսի աշխարհում նույնն են, ինչ ներքին ընտանեկան կյանքում, և ինչպիսին, որ ներքին ընտանեկան կյանքում են, նույնպիսին են նաև առանձնության մեջ:

Մարդ իր բոլոր թերություններով հանդերձ ավելի տանելի է, քան եթե դիմակով ծածկում է իր դեմքը՝ թերությունները քողարկելու համար: Ես սիրում եմ մարդուն՝ բոլոր թերություններով, իսկ «դիմակավոր» անձը նողկալի է իր բոլոր ձևականություններով հանդերձ:

Այդպիսի մարդն ուզած վայրկյանին փոխում է դիմակը: Տնից դուրս գալիս այլ «երեսով» է, աշխատանքի ժամանակ այլ դիմակ է կրում, ընկերական շրջապատում՝ ուրիշ, և որ ամենազազրելին է՝ տնից ներս մեկ ուրիշ, նոր դեմքով է հանդես գալիս: Ո՜վ մարդ, իջեցրո՛ւ դիմակդ և պա՛րզ եղիր: Թող ամեն մարդու կերպարանքը համապատասխանի իրականությանը, թող արտաքինը ներքինի ճշմարիտ արտացոլանքը լինի:

Ըստ այսմ հարկ է, որ մենք միամիտ լինենք նաև մեր սիրո մեջ: Եթե մեր ծանոթներից մեկի նկատմամբ խռովություն ունենք, պիտի ջանանք մոռանալ, որքան էլ դա դժվար լինի: Երբևէ չծածկենք մեր դեմքը համակրանքի դիմակով, քանի դեռ ներքուստ համակրանք չենք զգում:

Ավելի լավ է մարդուն ոչինչ չասել, քան կեղծել, ձևացնել ու ասել համակրանքի այնպիսի խոսքեր, որոնք բնավ չեն արտահայտում նրա մասին մեր մտածումները: Եթե մեր ներսում ծածկված դառնություն կա, որքան և որպիսի դիմակ էլ դնենք մեր դեմքին, միևնույն է, «կմատնվենք» այն մի քանի խոսքերի պատճառով, որոնք կփոխանակենք դիմացինի հետ, և մեր հմայքն ինքնին կանհետանա:

Երբեմն հանդիպում ենք այնպիսի քրիստոնյաների, որոնք օրհնում են բարձրաձայն և անիծում ցածր ձայնով, որոնք սեր ունեն շուրթերին, բայց ոխ և ատելություն՝ սրտում:

Անշուշտ ատելությունը միշտ էլ գարշելի է, բայց առավել գարշելի է, երբ փորձում է իր աղտն ու նախանձը ծածկել սիրո քողի տակ: Օ՜հ, գիտենանք միամիտ լինել մեր քրիստոնեական զգացումների մեջ: Լինենք միամիտ, այսինքն՝ այն, ինչ որ ենք. դա է պահանջում պարկեշտությունը և դա ամենապատվաբեր ու ապահով ուղին է:

Գ.

Եվ վերջապես, միամտությունը անվստահության հակառակ երևույթն է: Միամիտ մարդը պարզ է բառի ամենաուղիղ իմաստով: Նա վստահում, դյուրությամբ հավատում է բարուն, բնավ չի կասկածում չարին, առանց վարանելու ապավինում է ուղղամտությանը: Միամիտ մարդը վստահում է իր հետ խոսողների անկեղծությանը, հավատում է իրեն շրջապատողների սիրուն և գորովանքին, ապավինում է իրեն սպասավորողների բարությանը:

Անշուշտ այդպիսի մարդը երբեմն խաբվում է, քանի որ մարդիկ միշտ չէ, որ ունեն ակնկալելի ուղղամտությունը, և երբ մարդ մի անգամ զղջում է իր տածած վստահության համար, այդուհետ արհամարհանքը, և ապա՝ կասկածանքն են առաջ գալիս, ինչն էլ բերում է պատվի ու հարգանքի կորստյան:

Վստահություն և պատիվ վայելելն այնպիսի թանկագին բարիք է, որ շատ քչերը միայն չէին կամենա արժանի լինել այդ պարգևներին: Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ մենք միամիտ լինենք, այսինքն՝ վստահենք մարդկանց, էլ չեմ ասում, թե որքա՜ն անհրաժեշտ է, որ մենք միամիտ ու անկեղծ լինենք Աստծու հանդեպ, միամիտ՝ մեր հավատքում. «Պարզ մտքով և միամիտ սրտով»:

Բայց թերևս ինձ պիտի ասեիք. «Վարդապե՛տ, մի՞թե ուզում ես, որ անմիտ մարդու նման կուրորեն հավատանք աստվածային հայտնություններին՝ ըստ այս խոսքի. «Credo quia absurdum»՝ «Հավատում եմ, որովհետև արտառոց է»»: Բնա՛վ, երբե՛ք: Երբ ասում եմ, որ հավատում եմ, այդպիսով չեմ հրաժարվում մտքիս ձայնն ունկնդրելուց: Այլ հավատում եմ, քանի որ այդքան ողջամտություն ունեմ հավատալու համար:

Երբ սկսում եմ ճանաչել բնությունն ու պատմությունը, այնտեղ տեսնում եմ մի «ծրագիր», որի մանրամասնությունները եթե չկարողանամ էլ ըմբռնել, միևնույն է, այդ «ծրագրում» նշմարում եմ հիմնական գծերն ու հիանում եմ, քանի որ այդ «ծրագիրն» ինձ հրաշալի է թվում: Որևէ մեկն ինձ չի կարող համոզել, որ այդ «ծրագիրն» ինքն իրեն է գոյացել: Ուրեմն ընդունեք, որ ես լիովին իրավունք ունեմ հավատալու իմ Աստծուն:

Դարձյալ, երբ նկատի եմ առնում մասնավորապես մարդկության բարոյական կյանքը, մի արտակարգ իրողության եմ հանդիպում. Նազովրեցի Հիսուսի՝ երկրագնդի վրա հայտնվելուց ի վեր աշխարհը հեղաշրջվել է: Համեմատե՛ք Նրանից առաջ և հետո եղած բարոյական կյանքի որակը և կհամոզվեք, որ Հիսուսի բերած բարոյականությունը, այսինքն՝ հոգևոր թագավորությունը արդեն քսան դար է, ինչ մեծանում ու ընդարձակվում է: Այդ բարոյական արժեքները հետզհետե կերպարանափոխում են համայն աշխարհը ծանր, բայց հաստատուն և ամուր քայլերով:

Ուրեմն ընդունեք, որ իրավասու եմ Հիսուսի Աստվածությանը հավատալու: Դարձյալ, երբ փորձում եմ ներթափանցել անհատների ներքին կյանք, նկատում եմ, որ մարդկային հասարակության բարոյապես ազնվագույն մասը կազմում են նրանք, ովքեր կարդում և ուսումնասիրում են Սուրբ Գիրքը, և գիտեմ, որ աշխարհում բազմաթիվ անձինք մխիթարվում, լուսավորվում ու վերածնվում են Ավետարանով: Ուրեմն ընդունեք, որ իրավունք ունեմ հավատալու, որ Ավետարանը հասարակ գիրք չէ, այլ մի Գիրք, որին պարտավոր եմ վերաբերվել հատուկ ակնածանքով և նույնիսկ վստահությամբ:

Ուրեմն ես ընդունում եմ, որ հավատքի մեջ կա իմացական տարր և համոզված եմ, որ այդ իմացական տարրը մշտապես ընկած է հավատքի ծագման ակունքներում: Սա ասելով նաև պնդում եմ, որ հավատքն էականորեն վստահության դրսևորում է և այլ բան չի էլ կարող լինել:

Անհնար է Աստծուն մտքով ըմբռնել: Ինչպես որ հիմարություն կլիներ օվկիանոսի անսահմանությունը մեր ափի մեջ առնել, այդպես էլ անմտություն կլիներ պահանջել, որ Աստծու գաղափարը ներմուծվի մեր ուղեղի մեջ և լիովին հասկանալի դառնա: Իսկապես, ճիշտ չէր լինի ասել. «Չեմ հասկանում, ուրեմն չեմ հավատում»:

Այդպես ասողները միայն համառ անհավատները չեն: Եկեղեցում էլ կան մարդիկ, որոնք Աստծու խոսքի հանդեպ խորին ակնածանք հայտնելով և իրենց Առաքելական Եկեղեցու հետևորդ համարելով, տակավին չեն կարող իսկական հավատացյալ նկատվել, քանի որ նրանք գործնականապես քրիստոնյա դառնալու համար սպասում են, որ պատասխան տրվի իրենց «ինչու»-ներին և «ինչպես»-ներին:

Այդ մարդիկ սպասում են, որ լուծում տրվի իրենց հարուցած առարկություններին կամ գոնե դրանցից ամենածանրակշիռներին: Նրանք սպասում են, որ Սուրբ Գիրքն ու Հիսուսի խոսքերը «համաձայնեցվեն» իրենց ընկալումներին: Այդպիսիններին թույլ տվեք ասել. «Ո՜վ թերահավատներ, դուք երբևէ չեք կարող հավատացյալ լինել ու դարձի գալ, քանի որ հավատացյալ լինելու առաջին պայմանը միամիտ ու պարզ լինելն է: Աստված հայտնվում է միայն միամիտներին, ուստի դուք անմասն եք այդ հայտնությունից»:

Ո՜վ հավատացյալ ունկնդիրներ, վստահ եմ, որ դուք ողջամտություն ունեք հավատալու. գոհացե՛ք այդ ողջամտությունից, մի՛ ընդդիմացեք այն առաջին տպավորությանը, որը ձեզ վրա գործում է Ավետարանը: Վստա՛հ եղեք: Եվ սրբարանի դռան առջև երկար-բարակ ճառելու փոխարեն նե՛րս մտեք, մտե՛ք անմիջապես, մտե՛ք միամտորեն:

Երբ մեկ անգամ ներս մտնեք, ձեր միամտության վարձատրությունը չի ուշանա, քանի որ սրբարանից ներս կգտնեք այն բացատրությունները, որոնք դրսում երբևէ չէիք կարողանա գտնել: Ամեն պարագայում էլ միայն ներսում կարող եք գտնել այն լավագույն ապացույցը, որն այդքա՜ն փափագում էիք:

Եթե քրիստոնեությունը փիլիսոփայական վարդապետություն կամ «վիճակ» եղած լիներ, ես չպիտի հոգնեցնեի ձեզ ու չպիտի ստիպեի, որ միամիտ վստահություն ու հավատ ունենայիք Աստծու, Հիսուսի և Սուրբ Գրքի հանդեպ: Քրիստոնեությունը փիլիսոփայություն չէ, այն այլ բան է: Քրիստոնեությունը կյանք, շնորհ և փրկություն է: Եվ ահա թե ինչու եմ ուզում, որ այն ընդունվի ամենքի կողմից և ընդունվի միամտորեն:

Քարոզս ավարտում եմ սուրբ Պատարագի ընթացքում սպասավորող սարկավագի հետևյալ պատգամով. «Բարեխղճությամբ, առանց գայթակղության, նենգության ու խորամանկության, առանց պատրանքի ու խաբեության, առանց երկմտության և թերահավատության, այլ ուղղամիտ վարքով, պարզ մտքով, միամիտ սրտով և կատարյալ հավատքով... աղոթքի կանգնենք Աստծու սուրբ Սեղանի առջև ու ողորմության շնորհներին արժանանանք». ամեն:

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

22.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․