5 Դեկտեմբեր, Եշ
Մայիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը վերառաքելով Տիրոջը Տեղերի վանքի Ս. Աստվածածին և Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցիներում: Ողջ ճանապարհին երիտասարդներին ուղեկցում էր աղոթքն ու սաղմոսերգությունը: Տիրոջից օրհնություն հայցելու և աշխարհում խաղաղության հաստատմանն էր ուղղված երիտասարդների ուխտի ճանապարհը: Նրանք դեպի Աստված տանող իրենց ուղին հաճախակի են ամրապնդում ուխտի ճանապարհներով՝ սաղմոսերգուի հետևյալ խոսքի համաձայն. «Աջդ զորավիգ եղավ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. Քո խրատն իմաստուն կդարձնի ինձ: Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, և ընթացքն իմ չտակարացավ» (Սաղմոս 17:36-37):
Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցում երիտասարդները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի՝ վանքի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Ծատուրյանի մատուցմամբ: Պատարագիչը մինչ քարոզը ողջունեց ներկաներին և ուխտավոր երիտասարդներին, ապա, ըստ օրվա ավետարանական հատվածի, հորդորեց Աստծո և մերձավորի հանդեպ սիրո մեջ ամուր մնալ՝ մեջբերելով Ս. Պողոս առաքյալի «Սիրո օրհներգ» հատվածը (Ա Կորնթացիներ 13:1-13): ««Սիրիր քո տեր Աստծուն» պատվիրանի կրողներն են այսօր Ս.
Պատարագին ներկա երիտասարդ ուխտավորները, ովքեր, երկար ճանապարհ կտրելով, հաղթահարել են դեպի Տեղերի վանք տանող բարձունքը՝ Տիրոջը փառաբանելու և Նրա օրհնությունը հայցելու նպատակով»,- ասաց Տեր Հայրը:
Ս. Պատարագի ավարտին Տեր Մամբրե քահանան երիտասարդներին ներկայացրեց Տեղերի վանքի պատմությունը: Երիտասարդները տեղեկացան, որ Տեղերի վանքի Ս. Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը 1213-32 թթ. կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետ Աղբայրիկ վարդապետի ձեռքով: Եկեղեցին կառուցելիս Մամախաթուն իշխանուհին, երբ գտել է վանքի կառուցման վայրը, ասել է. «Ահա գտա տեղը», որտեղից էլ առաջ է եկել Տեղեր անվանումը:
«Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ճանապարհը եզրափակվեց Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցում միասնաբար հնչած աղոթքով, որից հետո երիտասարդները՝ խաղաղված, աստվածային օրհնությամբ և սիրով լիացած, վերադարձան Երևան:
Կարինե Սուգիկյան