25 Նոյեմբեր, Բշ
Ավետարանը քրիստոնյայի առջև բացահայտում է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի զարմանալի կերպարը, Ում միջոցով ծանոթանում է մարդկային այն բոլոր առաքինություններին, որոնք վառ գույներով արտահայտվել ու արտահայտվում են աստվածահաճո անձանց կյանքում: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը հաճախ էր հիշեցնում, որ Քրիստոս Իր հետևորդներից չի պահանջում մեծ սխրանքներ և հրաշքներ, այլ նախ և առաջ սեր, գթասրտություն և ներողամտություն մերձավորի հանդեպ: Քանի դեռ մարդ վայելում է աստվածապարգև կյանքը, պետք է շտապի մաքրել իր հոգին ապաշխարությամբ և հարստացնի այն խոնարհությամբ, կարեկցանքով, սիրով և այլ առաքինություններով: Հայ եկեղեցու սպասավորներից Ղևոնդ վարդապետ Դուրյանն ասել է, որ քրիստոնյա չի համարվում այն մարդը, որը միայն խորհում է բարու մասին, միայն պաշտպանում, դավանում, փափագում է բարին, բայց բարիք գործելու մղում չունի: Այդպիսի մեկն, ըստ վարդապետի, նմանվում է ամուլ ամպերի, որ գալիս և երևում են կապույտ երկնակամարում և առանց անձրևի կաթիլ իսկ տեղացնելու իսկույն անհետանում են:
Տիրավանդ առաքինություններով ապրելու ձգտումն է, որ սփյուռքում ապրող մեր հայրենակցուհուն մղեց՝ հերթական անգամ իր սերն ու երախտագիտությունը հայտնելու զոհված հերոսի ընտանիքին: Ապրիլի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Հովհաննիսյան Սյուզաննային (33 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ տրամադրել էր համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի: Սյուզաննան իր երկու զավակների, ամուսնու ծնողների և եղբոր հետ բնակվում է ք․ Արմավիր, Լերմոնտով 83 հասցեում: Սյուզաննայի ամուսինը՝ Սարգիս Պողոսյանը (40տ.), որպես պահեստազորի սպա, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին Հադրութի շրջանում և ծանր վիրավորում ստանալով՝ մահացել հոկտեմբերի 7-ին: Զոհված հերոսի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան