Մի՞թե հնարավոր է պատերազմել առանց զենքի

Կյանքը բազմազան է, և այդ բազմազանությանը հաղորդ դառնալու տենչը շատ հաճախ մարդուն խառնաշփոթության մեջ է գցում. մարդ կորցնում է ինքն իրեն, սկսում է անտեսել այն, ինչ իր կյանքում առաջնահերթ, կարևոր ու հրատապ պետք է լիներ: Ընկղմվելով առօրյա կյանքի անդունդը՝ մարդը մոռացության է մատնում այն, որ երկրային կյանքը հավիտենական կյանքի նախապատրաստությունն է: Բանալով Աստվածաշունչը՝ տեղեկանում ենք, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, նյութական և հոգևոր աշխարհները: Երկու աշխարհներին հաղորդակից մարդը, մեղանչելով, կորցրեց կյանքի Աղբյուրի հետ անմիջական կապը և առավել հակվեց նյութականին: Եվ միայն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մարդացումով լիարժեք դարձավ մարդ-Աստված հարաբերությունը: Մարդ իրապես բացահայտում է իրեն, երբ հայացքն ուղղում է դեպի երկինք: Նյութական աշխարհը մեծապես կախված է նյութի, զգայական ընկալման հետ: Զարմանալի չէ, երբ ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Մարդ կարող է ուրանալ իր հոգին, բայց չի կարող ոչնչացնել այն: Երանելի Օգոստինոսը, դիմելով Տիրոջը, ասել է. «Դու մեզ ստեղծեցիր Քեզ համար, և մեր սիրտը հանգիստ չի գտնի, մինչև չհանգչի Քո մեջ»: Հոգևոր ճանապարհին, խոչընդոտների հանդիպելով, մարդ դադարում է առաջ շարժվելուց, պայքարելուց և սկսում է բավարարվել միայն նյութականով:

Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված իր նամակում նկարագրում է, թե ում դեմ է ուղղված քրիստոնյայի պատերազմը և ինչպես պետք է դիմադրել թշնամուն. «Մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների» (Եփես. 6:12): Քրիստոնյան մկրտությամբ դառնում է մարտիկ և պատերազմի մեջ մտնում կրքերի, ցանկությունների ու անմաքուր ոգիների դեմ: Մարտի դաշտում գտնվող մարտիկն ամեն ինչ անում է, որ որևէ թերացում չունենա: Ճշմարիտ քրիստոնյան մշտապես զգոն է, քանի որ մշտական պայքարի մեջ է չարի դեմ, ով «առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա» (Ա Պետր. 5:8): Փորձություններն անխուսափելի են մարդու կյանքից, քանի որ հնարավոր չէ հավիտենական կյանքին նախապատրաստվել հարմարավետ կյանքով: Ահա թե ինչ է գրում Պողոս առաքյալը հոգևոր սպառազինության մասին. «Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առեք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը» (Եփես. 6:13-18): Հասկանալով, թե ով է թշնամին, ոչ ոք չի համարձակվի դիմադրել նրան՝ առանց իր ձեռքը վերցնելու առաքելական ողջ զրահը: Առաքյալն ամեն մի առաքինություն դարձրել է զենք, որոնցով մարդն անխոցելի է դառնում թշնամու հարվածներից, իսկ զենքերը ծածկող վահանը անխորտակելի հավատն է:

Ս. Եփրեմ Ասորին ասել է, որ հոգևոր մարտի մեջ թեև քրիստոնյայի դեմ պայքարում են անիրավներն ու հալածիչները, բայց քրիստոնյայի բուն պայքարը խավարի տիրակալների և երկնքի ներքո գտնվող անմաքուր ոգիների դեմ է: Չարն իր պայքարի մեջ խորամանկ և նենգ քայլեր է իրագործում: Օրինակ՝ նա Ադամի և Եվայի դեմ կռվեց ոչ թե ուժով, այլ նենգ շողոքորթությամբ: Չարն առանց բռնության, միայն գայթակղություններով ու խարդավանքով շարունակեց ու շարունակում է մոլորեցնել և փրկության ուղուց հեռացնել մարդկանց: Չարին անվանում են խավարի ոգի, քանի որ նա իր մութ գործերը կատարում է երկնքի ներքո՝ թաքուն և խավարի մեջ: Նրա բնակարանը երկնքի ներքո է և ոչ թե երկնքից վերև: Հնում ռազմիկները թշնամու անսպասելի հարձակումներին դիմադրելու համար քնում էին զինված: Քրիստոնյան էլ այս ռազմիկների նման, զգոնություն դրսևորելով, պետք է զրահավորված լինի, քանի որ չարը հարձակվում է այն ժամանակ, երբ մարդն ինչ-որ թուլություն է ցուցաբերում: Չարն անողոք է, դավաճան և ստոր, պատերազմելիս հնարավոր չէ նրանից որևէ ազնիվ քայլ սպասել: Մարդու կյանքը շատ կարճ է երկրի վրա, և Պողոս առաքյալը հորդորում է զգոնություն և քաջություն ցուցաբերել հոգևոր մարտի մեջ, որ երբ գա մարդու կյանքի երեկոն, այսինքն՝ հոգին մարմնից դուրս գա, մարդը ներման և փրկության արժանանա: Իսկ եթե ռազմիկը պայքարելիս իր ուշադրությունն այս կամ այն կողմ շեղի, ապա թշնամու համար անմիջապես խոցելի կդառնա: Այդպես էլ քրիստոնյան, երբ հոգևոր պայքարի մեջ կորցնում է իր զգոնությունը և այս կամ այն կողմ շեղվում, այսինքն՝ տարբեր մեղքերի մեջ ընկնում և անփութորեն մնում այդ մեղքերի մեջ, ապա խոցելի է դառնում չարի կողմից:

Մի օր, երբ սբ. Անտոն Մեծը պատրաստվում էր ճաշել, վեր կացավ աղոթելու, տարօրինակ զգացողություն ունեցավ, տեսավ իրեն, որ թողել էր իր սեփական մարմինը, և ինչ-որ մարդիկ նրան դեպի վեր էին տանում, իսկ մյուսները՝ մռայլ ու սարսափելի տեսքով, ձգտում էին խանգարել, որ ինքն անցնի: Ս. Անտոնին ուղեկցողները վեճի բռնվեցին նրանց հետ, որ հաշիվ էին պահանջում, թե արդյոք նա իրենց պարտք չէ և սկսեցին հաշիվը ներկայացնել նրա ծննդից սկսած, բայց սրբին ուղեկցողներն առարկեցին՝ ասելով, որ հաշիվը պետք է սկսել այն պահից, երբ նա դարձավ վանական և ուխտ արեց Աստծուն: Չար ոգիները սկսեցին մեղադրել, բայց ոչինչ կարողացան ապացուցել և ազատեցին ճանապարհը: Եվ սբ. Անտոնը տեսավ, թե ինչպես է վերադառնում դեպի իր մարմինը, մոռացավ ուտելիքի մասին և օրվա մնացած մասը ու ողջ գիշեր լաց եղավ և աղոթեց։ Նրան այնքան էր ցնցել այն միտքը, թե քանի թշնամի է կռվում մարդու հոգու դեմ և որքան դժվար է անցնել օդային տարածքը: Հետո նրա մտքով անցավ Պողոս առաքյալի այն խոսքը, որ մեղքերի մեջ ապրողն այս աշխարհի սովորության համաձայն է ապրում՝ հնազանդվելով սատանային, որը մթնոլորտում գործող ոգեղեն ուժերի իշխանն է և այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ (Եփես. 2:2): Չարն ամեն ինչ անում է, որ պայքարի ու խանգարի այն հոգիներին, որ դեպի երկինք են բարձրանում: Այդ պատճառով է առաքյալը հորդորում՝ առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար (Եփես. 6:13):

Հոգևոր պայքարի մեջ քաջամարտիկ լինելու, չտկարանալու և չարին մշտապես հաղթելու մասին սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Մի զարմացեք, որ այդքան խոսվում է թշնամու ուժի մասին։ Ադ իմացությունը ոչ թե վախի, այլ զգոնության պետք է մղի, այդ պատճառով պետք է պայքարել զվարթորեն և չթուլանալ հաղթանակից հետո: Իսկապես, եթե պատերազմ է և մեր դեմ զինյալները չար ոգիներն են, ինչպե՞ս կարելի է անհոգության տրվել կամ հաղթել առանց զենքի: Թող յուրաքանչյուրը խորհի այս մասին, երբ զայրույթը տիրի իրեն, երբ ցանկասիրությունը հաղթի իրեն և թող բոլորն ուշադրություն դարձնեն երանելի Պողոս առաքյալի խոսքերին՝ մեր պատերազմը մարդկանց դեմ չէ (Եփես. 6:12): Այս պայքարն ավելի ծանր ու դժվարին է, քան տեսանելի թշնամու դեմ պայքարը: Ինչպե՞ս կարող ենք հաղթել չարին, եթե մեղքի խավարի մեջ ենք: Պողոս առաքյալն ինքն էլ, այս  պայքարի մեջ լինելով, ասել է. «Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը» (Հռոմ. 8:35): Պողոս առաքյալն իշխանություն ուներ չարի վրա, երբ նրա համբերությունը սպառվեց, նա, դառնալով չար ոգուն, ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, դո՛ւրս ել դրա միջից» (Գործք Առ. 16:18): Եթե քեզ տիրել է որևէ չար ցանկություն, ապա բարին գործած կլինես, եթե չհանձնվես, բայց եթե դա հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է պայքարել, եթե այդ պայքարի մեջ չընկնես, ապա հաղթող դուրս կգաս: Եվ սա նման չէ մարզիկների պայքարին. հաղթող է համարվում նա, ով տապալում է դիմացինին: Մարզիկներից յուրաքանչյուրը պայքարում է հաղթանակի համար, երբ մեկն ընկնում է, մյուսը թագ է ստանում, բայց հոգևոր պայքարի մեջ այդպես չէ, չարը փորձում է հարվածել մեզ, եթե մենք զրկում ենք նրան այդ հնարավորությունից, ուրեմն հաղթանակ ենք տանում: Չարը ջանում է ոչ թե հաղթանակի թագը ստանալ, այլ մեզ կործանել: Ինչ-որ մեկը հարվածել է քեզ, չարիք ունեցիր չարի՛ դեմ և երբեք մի՛ դադարեցրու նրա դեմ քո թշնամությունը, միշտ անզիջո՛ղ եղիր նրա հանդեպ: Եթե չարը իրեն չի սիրում, ինչպե՞ս կարող է մեզ սիրել: Այսպիսով, Աստծու սպառազինությամբ զրահավորվենք և գահընկեց անենք չարին՝ դաշնակից ունենալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Ով մեզ անորսալի կդարձնի չարի ցանցերի համար և արժանի կդարձի հավիտենական օրհնություններին»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը                         

 

08.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․