Մկրտության խորհրդապատկերի դրսևորումը

Մկրտությունը՝ իբրև տնօրինական պատկերաշարի գլխավորագույն դրվագ, հաստատուն տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան կերպարվեստի մեջ:

Հիսուսի մկրտության վաղագույն պատկերները մեզ են հասել 2-3-րդ դարերից, հայկական արվեստում՝ 4-5-րդ դարերից՝ Թալինի և Օձունի քարակոթողների վրա, իսկ մանրանկարչության մեջ՝ «Էջմիածնի Ավետարանում» (6-րդ դար):

Մկրտության մանրանկարների պատկերագրական ամենատարածված տարբերակը հետևյալն է. կենտրոնում պատկերվում է Հորդանանի մեջ մինչև ուսերը կամ գոտկատեղը ընկղմված Քրիստոս: Քրիստոս թեև մկրտվեց երեսուն տարեկանում, սակայն վաղ շրջանում Նա պատկերվում է անմորուս պատանու տեսքով: Նման ձևով շեշտվում է, որ մկրտությունը որպես հոգևոր ծնունդ նոր կյանքի սկիզբն է, մկրտվողը՝ ծերունի, թե երիտասարդ, նորից է ծնվում, ուստի Հիսուսը մկրտության պահին պատկերվում է ոչ թե ըստ տարիքի, այլ՝ համաձայն մկրտության հոգևոր խորհրդի: Այս իմաստով է, որ մկրտության մանրանկարներից մեկում Հիսուս պատկերված է նաև մանկան տեսքով: Ավելի ուշ Քրիստոս պատկերվում է ավանդական արտաքինով՝ կոնքակապով, մեկ կամ երկու ձեռքով օրհնելիս (արևմտյան ուշ օրինակներում՝ աղոթելիս): Հորդանանի աջ ափին՝ Տիրոջ ձախ կողմում, Հովհաննես Մկրտիչն է: Նրա աջ ձեռքը հանգչում է Հիսուսի գլխի վրա, ձախը պարզված է դեպի երկինք: Արևմտյան պատկերներում նա խեցիով ջուր է լցնում Հիսուսի վրա: Վաղ շրջանում Հովհաննես Մկրտիչը և Հիսուս պատկերվում են Հորդանանի հակադիր ափերին կանգնած: Թեև Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը տարեկիցներ էին, և Հովհաննեսը Հիսուսից մեծ էր կես տարով, սակայն բոլոր մանրանկարներում Հովհաննեսը շեշտված կերպով տարիքով ավելի մեծ է երևում Հիսուսից: Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև քարոզություն ընկած շրջանի մասին միակ ավետարանական վկայությունը Ղուկասի ավետարանում է. «Եվ մանուկը աճում ու զորանում էր հոգով և մնում էր ամայի տեղերում՝ մինչև Իսրայելում նրա երևալու օրը» (Ղուկ. 1:80): Այս խոսքերից երևում է, որ Հովհաննես Մկրտիչը միայնակ մեծացել է անապատում: Համաձայն Ավետարանի՝ Հովհաննեսը ուխտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի իր մեջքին, իսկ նրա կերակուրը մորեխն էր ու վայրի մեղրը: Այդ պատճառով մանրանկարներում նա պատկերվում է իրեն բնորոշ արտաքինով՝ մորուքավոր ու երկար մազերով, մորթեղեն և կամ ճգնակյացի հագուստով միայնակյաց մի անապատական: Հովհաննեսն անապատից դուրս է գալիս երեսուն տարեկանում: Համաձայն եբրայական օրենքի՝ քարոզել կարելի էր միայն այդ տարիքից: Նույն այս պատճառով երեսուն տարեկանում է մկրտվում նաև Հիսուս, քանի որ այս մկրտությամբ սկսվելու էր դեպի խաչի ճանապարհը տանող քարոզությունը: Միջնադարյան մարդակազմական ըմբռնումներով մարդը լիովին ձևավորվում է երեսուն տարեկանում, որի համար ասվում է, թե Ադամը ստեղծվեց որպես երեսուն տարեկան: Մկրտությամբ Տիրոջ դեպի խաչելություն ընթանալն է խորհրդանշում Հորդանանի վրա պատկերվող խաչը կամ խաչակոթողը (ջրի մեջ կամ գետի ափին): Ս. Գրիգոր Տաթևացին, անդրադառնալով մկրտության խորհրդին, գրում է, թե ինչպես Հեսուն հրեաներին Հորդանանով անցկացրեց ավետյաց երկիր, այնպես էլ Քրիստոս Իր մկրտությամբ ժողովրդին անցկացրեց Երկնքի Արքայություն:

Ավետարաններում հիշատակություն չկա մկրտության ժամանակ հրեշտակների ներկայության մասին, սակայն նրանք որպես Աստծո սպասավորներ ներկա են Քրիստոսի կյանքի գլխավոր շատ դրվագներում: Պատկերի աջ մասում ներկայացվում են մկրտվող Հիսուսին սպասավորող հրեշտակները, որոնց սկսել են պատկերել 5-6-րդ դարերից: Հրեշտակները այստեղ սպասավորում են մկրտվող Հիսուսին, այդ պատճառով նրանց ձեռքերին սրբիչներ և հանդերձներ են, երբեմն նաև յուղի սրվակներ: Հրեշտակների դասը ներկայացվում է մեկ կամ մի քանի հրեշտակով: Նրանք Հիսուսին սպասավորում են կամ գետի ափին կանգնած, կամ էլ համաձայն իրենց երկնային բնույթի՝ վերևից դեպի երկիր թեքված:

Մկրտության դրվագներում առկա է մի մանրամասն, որն արտաաստվածաշնչային է: Խոսքը մկրտության պատկերի մեջ երկնքում երևացող Աստծո օրհնող Աջի մասին է, որից բխող աղավնակերպ Սուրբ Հոգին գլխիվայր իջնում է դեպի Հիսուս: Արևմտյան որոշ օրինակներում Նա սրվակից մյուռոն է լցնում Հիսուսի գլխին: Ավելի ուշ շրջանում աղավնին պատկերվում է սավառնելիս, իսկ Աստծո Աջին փոխարինում է դրախտի դռների և Աստծո գահի պատկերը: Մինչդեռ, ըստ Ավետարանի, մկրտության պահին Քրիստոսի վրա իջնող Ս. Հոգին դրսևորվում է աղավնու կերպարանքով (Մատթ. 3:16; Մարկ. 1:10; Ղուկ. 3:22): Այս մանրամասնի համար իբրև աստվածաբանական սկզբնաղբյուր կարելի է վկայակոչել Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» աշխատության հետևյալ բառերը. «Հայր երկնից վկայեաց, թէ՝ Դա է Որդի Իմ սիրելի, և Հոգին իբրև մատամբ եցոյց զմարդն մկրտեալ, թէ՝ Դա է…»: Այս միտքն արդեն կանոնական հստակությամբ արտահայտվում է Գրիգոր Տաթևացու երկերից մեկում. «Մատն Աստուծոյ կոչի Հոգին Սուրբ… նախ որպէս մատն է յէութենէ մարմնոյն, այսպէս և Հոգին Սուրբ է յէութենէ Աստուծոյ…»: Ըստ միջնադարի քրիստոնեական նշանագիտության՝ Աստծո Աջը Ս. Հոգու դրսևորումն է: Այն ցույց է տալիս աստվածային կարողությունն ու զորությունը: Այսպիսով, մկրտության պատկերագրության մեջ Ս. Հոգին ներկայացվում է Աստվածաշնչային և արտաաստվածաշնչային տվյալների մեկտեղմամբ:

Մանրանկարչության մեջ Աստծո օրհնող ձեռքի պատկերը մեկնվում է որպես «Աստծո ձայնը», այսինքն իբրև խոսող ձեռք, որից շատ հաճախ ճառագում էր «աստվածային և միաժամանակ ձայնային եռանդը»: Այսպիսով նյութական մակարդակում անարտահայտելի հայտնությունը արտահայտվում է «անլսելի ձայներով, չարտասանված բառերով», որոնք անզգալի են ականջներին, բայց ընկալելի՝ ոգուն և մտքին: Այս տեսակետից հատկանշական է Փոտոս պատրիաքի (858-867, 877-886) «Նոր բազիլիկայում» մարգարեների, նահապետների պատկերների մասին հայտնած հետևյալ միտքը. «Թեպետև նրանք լռում են, բայց թվում է, որ նրանք փառաբանում են» (И. Е. Данилова, От Средних веков к Возраждению, М., 1975):

Հորդանանի ջուրը ներկայացվում է խիստ ոճավորված: Ափերը պատկերվում են բլրապատ կամ ժայռապատ, անսովոր կտրտվածությամբ, ասես ցնցվում ու փլվում են: Գետի երկու ափերը այսպես ընդգծված են, որովհետև Հորդանանում մկրտությունը մեկնիչները համեմատել են հրեաների Կարմիր ծովն անցնելու հետ: Կարմիր ծովով անցնելը մարմնավոր ազատություն բերեց Մովսեսի առաջնորդած ժողովրդին, իսկ Հորդանանում մկրտությունը փրկեց մարդկությանը մեղքերի գերությունից: Ինչպես Կարմիր ծովով անցնողները հասան Ավետյաց երկիր, այնպես էլ մկրտությամբ Հորդանան անցնողներն են արժանի դառնալու Երկնքի Արքայության: Ինչպես Կարմիր ծովում փարավոնը խեղդվեց, այնպես էլ Հորդանան գետում կործանվեց մեղքի իշխանը՝ սատանան: Ինչպես որ ծովն էր Կարմիր կոչվում, այնպես և Հորդանանը խորհրդանշող ավազանի ջուրն էր կարմիր Քրիստոսի արյամբ:

Մկրտության պատկերներում հաճախ պատկերվում է նկարի անկյունում ծառի բնին կամ թպուտների մեջ խրված մի կացին, որը թեպետ բացակայում է տնօրինական մկրտության դրվագի՝ Ավետարանում տրված նկարագրության մեջ, սակայն իմաստային խորքով աղերսվում է նրան: Այն Հովհաննես Մկրտչի հայտնի արտահայտության («Կացինն ահա ծառերի արմատին է դրված…», Մատթ. 3:10; Ղուկ. 3:9) պատկերային դրսևորումն է: Ծառաբնին խրված կացնի պատկերումը ցույց է տալիս, որ այն Հովհաննես Մկրտչի վարդապետության խորհրդապատկերն է: Այս մասին է վկայում նաև մեկնաբանական գրականությունը:

Մկրտության տեսարանը հարուստ է խորհրդանշաններով: Այստեղ է առաջին անգամ Սուրբ Երրորդությունը պատկերվում երեք Անձերով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Վերջինիս աղավնակերպ լինելը Ս. Գրիգոր Լուսավորիչը բացատրում է հետևյալ կերպ. «…որպեսզի տեսնողներին ուսուցանի, թե չկա ոչ մի այլ հնար՝ մոտենալու Աստվածորդուն, եթե ոչ անմեղությամբ, արդարությամբ ու սրբությամբ…»: Քրիստոս մկրտության պահին Սուրբ Հոգու ներկայությամբ է օծվում: «Անսկիզբն Բանդ Հաւր,- ասվում է մեծ Մաշտոցում,- ի վախճան աւուրց խոնարհեցար եւ առեր զկերպարանս ծառայի իբրեւ զմարդ գտեալ երկիր մկրտիլ ի Յովհաննէ եւ Հոգւով օծեալ՝ վկայեցար ի Հաւրէ. դա է Որդի իմ սիրելի»: Աստծո ձեռքը, լույսի ճառագայթները, որոնք իջնում են Հիսուսի վրա երկնքից և աղավնու բերանից, ավելի են ընդգծում նշված տեսարանի աստվածահայտնության բնույթը: Նույն գծի վրա տեղադրված Աստծո ձեռքը, աղավնին և Հիսուսը ներկայացնում են Երրորդության պատկերը:

Հորդանանի ջրերում պատկերվում է ծերունու տեսքով մերկ մարդ, թևի տակ սափոր (երբեմն փող փչելիս): Այս կերպարը սատանայի գեղարվեստական կերպավորումներից մեկն է և կոչվում է «Հորդանանի արքա»: Այդ է նրա դիրքի անբնականության և ոչ պատշաճության պատճառը. հաճախ պատկերվում է մեջքը Հիսուսին արած՝ փախչելիս, շրջված դիրքով: Նույն իմաստն է կրում Քրիստոսի ոտքերի տակ պատկերված կծկված կամ օձագալար մարմնով հանգույց արված վիշապը: 8-րդ դարի եկեղեցական մատենագիր և կաթողիկոս Զաքարիա Ձագեցին Քրիստոսի մկրտությանը նվիրված ճառում Հիսուսի անունից ասում է. «Եկա ջրով սատակելու մարդկանց կործանողին՝ Հորդանանի ջրերում փշրելու վիշապի գլուխը և հեթանոսների համար բացելու երկինք տանող ճանապարհը»: Հորդանանում սատանայի ջախջախվելը և մկրտվողների փրկությունը Ձագեցին ներկայացնում է ջրհեղեղի հետ տարվող զուգահեռով. ինչպես ջրհեղեղը կործանեց մեղավոր երկիրը՝ ջրի տակ թողնելով մարդկային մեղքերը, այնպես էլ Հիսուսի մկրտությամբ Հորդանանի ջրերում ընկղմվեց մեղքի վիշապը: Ինչպես մարդկանց հետ Աստծո խաղաղության ու հաշտության նշանը դարձավ աղավնու բերած ձիթենու ճյուղը, այնպես էլ մկրտության ժամանակ, աղավնակերպ իջած Սուրբ Հոգով Աստված մարդկանց հետ հաստատեց հոգևոր որդեգրության Նոր Ուխտ: Աղավնիները երամով են թռչում և ոչ միայնակ, ինչպես գիշատիչ թռչունները: Մկրտության ժամանակ աղավնակերպ իջնող Սուրբ Հոգով մկրտվողները, դառնում են Քրիստոսի երամի անդամները:

Մկրտության պատկերում կան մանրամասներ, որոնք բացակայում են Ավետարանում: Այդ մանրամասների առկայությունը պայմանավորված է ճառագրական, մեկնաբանական երկերի պարունակած տվյալներով: Ոչ կանոնական այդ մանրամասներից են մկրտության ստորին մասում, Հորդանան գետի հատակում շղթայակապ երկու կիսամերկ մարդկանց (տղամարդ և կին) պատկերները: Մաշտոցի անվ. Մատենադարանի 206 (446ա) ձեռագրում նրանցից մեկը նստած է չարը խորհրդանշող վիշապի վրա, իսկ մի շարք այլ ձեռագրերում նա ներկայացվում է սափորը ձեռքին: Հետազոտող G. Schiller-ը նշում է, որ հրեշի պատկերումը որոշակի արձագանքն է հետևյալ սաղմոսի. «Դու քո զորությամբ ծովը հաստատեցիր, և վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում: Դու վիշապի գլուխը փշրեցիր…» (Սաղմոս 73:13-14): Մինչդեռ այլաբնույթ մատենագրական փաստերը մասնավորում, ճշգրտում և առավել վավերական են դարձնում վերոհիշյալ կարծիքը: Այդ փաստերից է Եղիշեի «Ի մկրտութիւն Քրիստոսի» ճառը, որտեղ գրված է. «…Առաջինն Ադամ, խաբեալ յօձէն արտաքոյ լինի փափկութեան դրախտին, ըստ այնմ կատարելութեան տնօրինեալ երկրորդ Ադամն ջախէ զգլուխ վիշապին ի Յորդանանու հոսանսն…»: Ս. Գրիգոր Տաթևացին ևս հաստատում է. «Զգլուխ վիշապին Փրկիչն ջախջախեաց ի Յորդանան…» (Գիրք Հարցմանց, Կ. Պոլիս, 1729թ.): Մեկնաբանական գրականությունը վկայում է, որ մկրտության պատկերի ստորին մասում երևացող մարդիկ Ադամն ու Եվան են: Արևելաքրիստոնեական մատենագրության, ինչպես նաև պատկերագրության մեջ դրանք ընկալվել են իբրև ադամական մեղքի և մահվան խորհրդանշաններ: Քրիստոսի մկրտությունը ժխտում է ադամական մեղքն ու մահը, իսկ մկրտության ջուրը (որ ակնարկվում է Ադամի ձեռքի սափորով) մարդուն ախտազերծում է մեղավոր խորհուրդներից՝ նրան ձերբազատելով նախասկզբնական անեծքից: Մկրտության նպատակն ու խորհուրդը ընդգծելու համար պատկերագրության մեջ խորհրդական այս պահը շատ հաճախ մեկտեղվում է. Քրիստոսի ոտքերի մոտ ներկայացվում է թե՛ Ադամը, թե՛ Եվան և թե՛ հրեշը՝ վիշապի կերպարանքով:

Հորդանան գետում Հիսուսի շուրջը պատկերվում են նաև խայտացող ձկներ, որոնք խորհրդանշում են Հիսուսի մկրտությամբ փրկագնված հոգիները, քանի որ Ավետարանում ձկներ են անվանվում մարդկային հոգիները, իսկ այդ հոգիների որսորդ առաքյալները՝ ձկնորսներ: Երբեմն պատկերվում են նաև Հովհաննես Մկրտչի աշակերտները:

Էջմիածնի Ավետարանի մկրտության մանրանկարը երիզող շրջանակի չորս կողմերում պատկերված է թանկագին քարերով զարդարված ոսկե անոթ, որի վրա կանգնած է թռչուն: Միջնադարյան արվեստի մասնագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը գրում է, որ պարանոցը վայր թեքած և կտուցը կրծքին սեղմած այս թռչունը հավալուսն է և խորհրդանշում է Քրիստոսին: Միջնադարում տարածված կարծիքի համաձայն՝ հավալուսն թռչունը, իր կուրծքը պատռելով, սեփական արյամբ է սնում իր ձագերին: Հավալուսնը Քրիստոսն է, որովհետև խաչված Հիսուսի կողից ջուր ու արյուն ցայտեց, ջուրը մկրտությունն է, իսկ արյունը այն գինին, որը Տերն օրհնեց խորհրդավոր ընթրիքի ժամանակ՝ ասելով. «Այդ է Նոր Ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26:28):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Աստվածահայտնության տոնի օրը Քրիստոսի մկրտությունը հիշատակվում է ջրօրհնեքի արարողությամբ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

04.01.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․