Մովսեսի և Հիսուսի համեմատությունը

Մովսեսը Քորեբ լեռից Եգիպտոս է իջնում, Հիսուս երկնքից իջնում է աշխարհ: Մեկի ձեռքին պատուհասելու գավազանն է, Մյուսի ձեռքին՝ Խաչը և Ավետարանը: Մովսեսը, որ մարդ էր, փարավոնի առջև խոսում է Աստծու նման՝ ահարկությամբ, մինչդեռ Հիսուս, Աստված լինելով, Պիղատոսի ու Հերովդեսի ատյանի առջև լռում է իբրև համր մեկը:

Մովսեսի հրովարտակը՝ դրոշմված պատուհասի արյամբ, կոտորում է ողջ Եգիպտոսի անդրանիկներին, մինչդեռ Հիսուսի Ավետարանի հրովարտակը թողության է արժանացնում համայն աշխարհին: Համեմատության ի՞նչ եզրեր կան. մեկի մեջ մահն է, Մյուսի մեջ՝ կյանքը: Մովսեսը, շոշափելի խավար առաջացնելով, եգիպտացիներին առանց շղթայելու կաշկանդում է ահատեսիլ գիշերվա մեջ, իսկ Հիսուս ճշմարիտ լույսով լուսավորում է հանուր աշխարհը և մարդկանց ազատում է խավարի կապանքներից:

Մովսեսը, Կարմիր ծովը բացելով, միայն Իսրայելի ժողովրդին է դեպի ազատության տանում, մինչդեռ Հիսուս խտրականություն չի դնում ո՛չ հրեայի, ո՛չ էլ հեթանոսի միջև, այլ բոլոր մարդկանց փրկում է խավարի իշխանության գերությունից: Մովսեսն առաջնորդում է դեպի Սինայի անջուր անապատը, Հիսուս առաջնորդում է դեպի երկինք:

Մեկի հովվության ներքո տիրում է քաղցը, ծարավը, մշտական տրտունջը, հուսահատությունը, պատժախառն բարերարությունը, ապերախտությունն ու Աստծու բարկությունը, բանակի կոտորածը, ժողովրդի այլատեսակ հանցավորությունը և Աստծուց տրված պատիժը, իսկ Մյուսի տիրապետության ներքո կյանքի հացն ու ջուրն է, հավատքը, լեցուն սերն ու հույսը, խաղաղությունը, շնորհները և թողությունը:

Մովսեսը բարկությամբ ջարդուփշուր է անում Տասնաբանյա օրենքների տախտակները, իսկ Հիսուս դրանք վերակերտում է Ավետարանի հեզության արվեստի միջոցով: Մովսեսն աններողամիտ է, անմիջապես քարկոծել է տալիս ցախի կտորտանքներ հավաքող խեղճ պառավին (Թվեր 15։32-36), իսկ Հիսուս ներողամտությամբ արձակում է շնացած կանանց: Մովսեսը նույնիսկ զլանում է ապերախտ ժողովրդի համար ապառաժ քարից ջուր բխեցնել, մինչդեռ Հիսուս առատաբաշխ է. Նա բացականչում է. «Ով ծարավ է, թող Ինձ մո՛տ գա»:

Մովսեսը Բեսելիելի ճարտարապետության օգնությամբ կանգնեցնում է Աստծու խորանը, Ահարոնյան քահանաների միջոցով մշտապես անբանական զոհեր է մատուցում հանցավորների քավության համար, մինչդեռ Հիսուս այդ խորանը կանգնեցնում է Գողգոթայի բարձունքին և այն «Եկեղեցի» է կոչում:

Հիսուս Ինքն է և՛ Զոհը, և՛ մշտնջենավոր Քահանան, Որը մեկ անգամ զոհաբերվում է Խաչի զոհասեղանին ու փրկություն է շնորհում համայն աշխարհին: Մովսեսը ժողովրդի ոսկորներն անապատում է թողնում, իսկ ինքն էլ, Ավետյաց երկրին կարոտ մնալով, մեռնում է Նաբավ լեռան գագաթին: Մինչդեռ Հիսուս հաղթող Հեսուն է, Որը ոչ միայն կործանում է Երիքովը, այլ նաև խորտակում է խավարի իշխանի ամրացած բռնակալությունը:

Մովսեսը հրեա ժողովրդին միայն երկյուղով ու պատժիչ օրենքներով էր դաստիարակում Սինայի ահասարսուռ անապատում, իսկ ահա Հիսուս այդ նույն ժողովրդին Երուսաղեմ քաղաքից, Սողոմոնի տաճարից ու դպիրների և փարիսեցիների նախանձոտ չարությունից ազատելով՝ առաջնորդում է դեպի Գալիլիայի լեռն ու խաղաղ անապատը:

Փարիսեցիների աթոռը Մովսեսի բարձր աթոռն էր, մինչդեռ Հիսուսի նստարանն ապառաժ քարն էր, իսկ Նրա տաճարը դաշտավայրն էր: Օրենսդիր նույն Աստված Սինայի ահավոր բարձրությունից իջնում է մինչև Պաղեստինի խոնարհ դաշտավայրը. ամպի միջից մառախուղի տեսքով հայտնվող ու սարսափելի ձայնով որոտացող անմատչելի միևնույն Աստված մեղմաբար իջնում է որպես ցող ու խոնարհվելով՝ նստում գետնին, ուր և Նրա շուրջն ընտանեբար հավաքվում են ժողովուրդը, աշակերտները, հրեաները, հեթանոսները, և դա այն դեպքում, երբ հնում այդ նույն Աստծուն մոտեցողը քարկոծվում էր՝ լիներ մարդ, թե անասուն:

Բնավ որևէ նմանություն չկա Սինայի և այս դաշտավայրի միջև: Սինայի լեռը ցածրանում է Մովսեսի ստվերային օրենքների պատճառով, մինչդեռ այս դաշտը Հիսուսի նորահրաշ Ավետարանի շնորհիվ բարձրանում է մինչև երկինք:

Մովսեսի դեմքը ծածկված էր քողով, ժողովուրդն ահով էր մոտենում նրան և զարհուրում էր նայել Մովսեսի դեմքից ճառագող լույսին: Հիսուսի դեմքը, սակայն, բաց է, Նրա ճառագայթն ավելի մեղմասփյուռ է և արևի պես չի խայթում: Հիսուս Իր մոտ է կանչում այն բոլոր մարդկանց, որոնք չարչարված ու հոգնած, քաղցած ու ծարաված են, և այդ մարդիկ գալով՝ շրջապատում են Նրան:

Ուրեմն լռի՛ր, ո՜վ Մովսես, և թող որ Հիսո՛ւս խոսի: Գալիլիայի դաշտում թող որ ժայռից աղբյուր բացվի ու կենդանության ջուր թող հորդի՝ ոռոգելով ծարաված ու թալկացած մարդկային ա՛յն անապատը, որի վերաբերյալ Եսային ավետիս էր տալիս. «Ուրա՛խ եղիր, ծարաված անապատ»: Մովսիսական աղբյուրը ցամաքում է, Հիսուսի աղբյուրը՝ առատանում:

Մովսեսի գավազանի հարվածով բացված աղբյուրը, որը գետի պես հորդում էր բանակատեղիի շուրջբոլորը, իսպառ ցամաքում է, որից հետո Հիսուսի կենդանի խոսքից բխում է Ավետարանի կենդանի աղբյուրը, որը ո՛չ ցամաքում ու ո՛չ էլ սպառվում է՝ մինչև աշխարհի վախճանը:

Այդպես ուրեմն, մահկանացու Մովսեսը լռում ու ննջում է Նաբավ լեռան գագաթին՝ անհայտ գերեզմանում, իսկ կենդանի Հիսուս երանությունների լեռան վրա նստած դեռ մեզ ավետարանում է հավիտենական կյանքի խոսքը. «Ով որ լսելու ականջ ունի, թո՛ղ լսի»:

 

Խրիմյան Հայրիկ, «Երկնքի արքայության մարգարիտը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1894թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

19.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․