26 Դեկտեմբեր, Եշ
Մեկ այլ ճգնավոր, երբ կատարում էր կանոնն իր եղբոր հետ, լցվում էր արտասուքներով և թողնում էր սաղմոսի տունը: Մի օր աղաչեց նրան եղբայրը` ասել իրեն, թե ի՞նչ է մտածում կանոնի ժամանակ, որ այդպես դառնորեն լաց է լինում: Եվ նա ասաց նրան. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, եղբա՛յր, ես իմ կանոնի ընթացքում միշտ տեսնում եմ Դատավորին նստած և ինձ` որպես դատապարտյալ, առջևը կանգնած և քննվելիս: Նա ինձ հարցնում է` ինչո՞ւ մեղանչեցիր, իսկ ես, պատասխան չգտնելով, գոցում եմ իմ բերանը և այստեղից կորցնում եմ սաղմոսի տունը: Սակայն դու թողությո՛ւն տուր ինձ, որ խռովք պատճառեցի քեզ, իսկ թե հարմար կգտնես, ամեն մեկս առանձին անենք մեր կանոնը»: Եղբայրը նրան ասաց. «Քա՛վ լիցի, հա՛յր. թեև ես չեմ սգում և քարի պես կարծրացել է իմ սիրտը, սակայն քեզ տեսնելով` վայ եմ տալիս իմ անձին»: Եվ Աստված, տեսնելով նրա խոնարհությունը, շնորհեց նրան եղբոր սգին զուգակշիռ սուգ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016