Ավազակներից մեկը զղջալով եկավ ոմն մեծ և սքանչելի ծերի մոտ, որը վանահայր էր: Վանահայրը պատվիրեց նրան յոթ օր հանդարտության մեջ մնալ` տեղի հաստատության կարգուկանոնը ճանաչելու համար: Յոթ օր հետո վանահայրը նրան կանչելով հարցրեց, թե արդյոք նրան հաճելի՞ է բնակվել այնտեղ, իսկ նա ուղիղ սրտով կամեցավ մնալ: Ապա հարցրեց նրան հանցանքների մասին, և նա իսկույն մեծ հոժարությամբ խոստովանեց նրան: Վանահայրը դարձյալ փորձեց նրան` ասելով. «Կամենում եմ քեզ հրապարակավ ցույց տալ եղբայրներին», իսկ նա հոժարությամբ հանձն առավ: Այնժամ հավաքվեցին բոլոր՝ երկու հարյուր հիսուն եղբայրները, և բերելով այն անբիծ դատապարտյալին՝ եղբայրներից ոմանք քարշ էին տալիս նրան, ոմանք` չափավոր հարվածներով նեղում, քանզի քուրձ էին հագցրել նրան և գլխին` մոխիր ցանել, որպեսզի բոլոր նրան տեսնողները զարհուրեին և արտասուքներով աղաղակեին: Իսկ նա դողալով մեկառ մեկ խոստովանում էր իր մեղքերը, որը լսելով՝ բոլորը զարմանում էին, քանզի խիստ ծանր հանցանքներ էր գործել: Այնժամ վանահայրը պատմեց եղբայրներին, թե` «Տեսնում էի ահավոր մեկին, որն իր ձեռքին գրված թուղթ և եղեգնյա գրիչ ուներ. բոլոր մեղքերը, որ խիստ ազնվորեն խոստովանում էր ավազակը, նա բոլորը ջնջում էր, քանզի գրված է. «Իմ անօրենությունները կպատմեմ, և Դու կթողնես իմ մեղ քերն ու հանցանքները, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Սաղմ. ԼԷ 19)»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016