26 Դեկտեմբեր, Եշ
Ոմն եղբայր բնակվում էր միաբանությունում և սատանայի ներգործությամբ հաճախակի էր ընկնում պոռնկության մեջ: Եվ համբերելով՝ բռնադատում էր իրեն չթողնել կրոնավորությունը, և աղոթքը սկսելուն պես հառաչանքով աղաչում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, տեսնում ես իմ նեղությունը. բռնադատի՛ր ինձ, Տե՛ր, կամենամ թե չկամենամ` փրկի՛ր ինձ, Տե՛ր, քանզի ես` որպես հող, մեղքն եմ սիրում, իսկ Դու՝ որպես Աստված և որպես ամենազոր, արգելի՛ր ինձ: Եթե արդարին ողորմես` մեծ բան չէ, եթե սրբերին փրկես` հրաշք ու զարմանք չէ, քանզի նրանք արժանի են ողորմության: Ինձ` անարժանիս, Տե՛ր, սքանչացրո՛ւ Քո ողորմությամբ, քանզի աղքատը Քո հույսին է թողնված, իսկ որբի օգնականը Դո՛ւ ես»: Այսպես էր ասում մշտապես` ընկներ թե չընկներ: Եվ մի գիշեր էլ, ըստ սովորության ընկնելով մեղքի մեջ, վեր կացավ նույն կերպ և սկսեց սաղմոսել: Իսկ դևը, զարմացած նրա հույսի և բարի հանդգնության վրա առ Աստված, կանգնեց նրան դեմ հանդիման` մինչ նա սաղմոսում էր, և ասաց նրան. «Ինչպե՞ս ես համարձակվում կանգնել Աստծո առաջ կամ Նրա անունը տալ»: Եղբայրը նրան ասաց. «Իմ խուցը դարբնոց է. մեկ դու ես հարվածում, մեկ՝ ես: Մինչև մահ պետք է համբերեմ` մարտնչելով քո դեմ, մինչև որ հասնեմ վերջին օրվան: Երդվելով հավատացնում եմ քեզ, Նա գիտե, որ եկավ մեղավորներին ապաշխարությամբ փրկելու, չե՛մ դադարելու Աստծո առաջ կանգնել` քո դեմ պայքարելու համար, մինչև որ դու դադարես իմ դեմ մարտնչել: Տեսնենք, թե ո՛վ կհաղթի` դո՞ւ, թե՞ Աստված»: Դևը լսելով այս` ասաց. «Այսուհետև չեմ մարտնչի քո դեմ, որպեսզի քո իսկ համբերությամբ քեզ համար պսակ չպատրաստեմ»: Եվ այդ օրվանից հեռացավ նրանից: Ահա թե որքան բարի է համբերությունը, եթե մարդը չվհատվի, թեկուզ և փորձության, պատերազմի կամ մեղքի մեջ ընկնի: Եղբայրը դրանից հետո զղջման գալով` նստում և լաց էր լինում իր մեղքերը, իսկ երբ լաց էր լինում, նրա խորհուրդները նրան ասում էին, թե` բարի բան ես անում: Իսկ նա իր խորհուրդներին պատասխանում էր. «Չունենայի այդպիսի բարին, քանզի ի՞նչ պետք է Աստծուն, որ մարդ կորցնի իր հոգին և նստի սուգ անի դրա համար, և ի՞նչ իմանա` կփրկվի՞ հետագայում իր հոգին, թե՞ ոչ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016