Գրքեր

Մյուռոնօրհնեք, պատմական ակնարկ

 Հին և Նոր Կտակարաններ, ավանդություն

Գիտենք, որ Մովսես Մարգարեն` Սինա լեռան վրա, աստվածային պատգամով ստացավ օծության յուղի պատրաստման կերպը (Ելք Լ 22-25):

Ձիթենու յուղը իբրև օծանելի շատ հին ժամանակներից գործածելի է եղել: Մարմնի օծումը տեղի էր ունենում լվացումների հետ, երբ զարդարվում էին (Հռութ Գ:3) կամ ուրախական և տխրական հանդեսների համար պատրաստվում  (Ամոս Զ:6):

Հին Կտակարանում օծության յուղը համարվում է այն նյութեղեն և տեսանելի միջոցը, որով Աստծու Հոգին ներգործում է թե´ մարդկանց և թե´ առարկաների վրա` պարգևելով աստվածային շնորհ և զորություն հոգևոր-ծիսական համապատասխան արարողությունը և գործառույթն իրականացնելու համար: Հենց այս իրողության հիման վրա է, որ Հին Ուխտում օծության յուղով օծված թագավորներն անվանվում էին Տիրոջ օծեալ, ինչպես Սամուել մարգարեն օծեց Սավուղին և Դավթին (Ա Թագ. Ժ:1, Բ Թագ Ա:13): Եթե Սամուելը օծեց թագավորներին, ապա Հակոբը օծեց իր գլխի տակի քարն այնտեղ, որ Աստված երևացել էր Նրան (Ծննդ. ԻԸ:16-19), Մովսեսն էլ օծեց վկայության խորանը` Սրբության սեղանով և ավազանով մեկտեղ (Ելք Խ:9-11): Նույն խորանին և սեղանին սպասավորող քահանան, ով ամբողջ կյանքը նվիրված պետք է լիներ Աստծո պաշտամանը, օծմամբ էր ընդունում իր սուրբ կոչումը (Ելք Խ:13-15):

Քրիստոսի ժամանակ սովորություն էր մնացել հյուրին պատվել` գլուխը յուղով օծելով կամ ոտքերը թանկագին յուղով օծելով (Մարկ ԺԴ:3, Հովհ. ԺԲ:3): Կար հիվանդներին (Մարկ Զ:12-13), մահացածներին (Մարկ ԺԶ:1) օծելու սովորություն: Երբ Քրիստոս թաղվեց կանանյք գնացին Քրկստոսի մարմինը յուղով օծելու (Մարկ ԺԶ:1):  

Հայ եկեղեցու ավանդույթի մեջ Հայոց Մյուռոնը բխեցնում է այն յուղից, որը պատրաստեց Մովսես մարգարեն: Թե ինչպես Մովսեսի պատրաստած յուղը հասավ մինչև Հիսուս, և ինչպես Թադեոս առաքյալը այն Հայատան բերեց, և ապա գտավ Լուսավորիչը` միախանելով իր օրհնած Մյուռոնին` այս մասին տեղեկանում ենք միջնդարյան հայկական ձեռագրերում, այնքան տարածված «Յաղագս պատմութեան սուրբ եւ աստուածային իւղոյն» գործում: Այստեղ նկարագրվում է, որ Մոսվեսի պատրաստած այս յուղը իսրայելացիներն իրենց հետ Ավետյաց երկիր բերեցին, երբ կառուցվեց Երուսաղեմի տաճարը, պահեցին այնտեղ մինչև Զաքարիա քահանայապետի ժամանակ: Վերջինիս սպանությունից հետո նրա կինը` Եղիսաբեթը, այս յուղը իր հետ է վերցնում և փախչում է անապատ` փրկելու համար նոր ծնված Հովհաննես Մկրտչին, քանի որ Հերովդեսը հրամայել էր կոտորել մինչև երկու տարեկան և դրանից փոքր բոլոր մանուկներին: Մանկանը փրկելով` Եղրսաբեթը ևս զոհ է գնում Հերովդեսի զինվորներին: Այս յուղը գտնում է այն մեղավոր կինը, ով Բեթանիայում հենց այդ նույն յուղով այնուհետև օծելու էր Հիսուսին:

Ինչպես Ավետարանում է նկարագրում. «Երբ Հիսուս եկավ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և թափեց այն իր գլխին, մինչև Նա սեղան էր նստել» (Մատթ. ԻԶ:6): Իսկ երբ Քրիստոսի առաքյալները Սուրբ Հոգու շնորհները ստանալուց հետո, մեկնում են աշխարհի չորս ծագերը` Ավետարան քարոզելու, Թադեոս առաքյալը այդ յուղից իր հետ վերցնում է և քարոզելով հասնում Հայսատան: Մինչև Հայստան հասնելը, այդ յուղով Եդեսիայում բժշկում է Աբգար թագավորին, և Աբգարը հավատում է ու Քրիստոնյա դառնում: Թադեոս առաքյալը Հայոց Սանատրուկ թագավորի մոտ Արտազ գնալիս, Տարոնով անցնելիս երկնային ազդմամբ այդտեղ մի ծառի տակ է պահում այս յուղով լի շիշը, ինչպես նաև իր հետ Հայոց աշխարհ բերած աստվածաբուխ Սբ. Գեղարդով մի աղբյուր է բխեցնում և շարունակում ճանապարհը դեպի Արտազ, որտեղ էլ նահատակվում է: Սբ. Յուղը այնտեղ պահված է մնում, մինչև Հայոց Դարձը: Կեսարիայից Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեսի մասունքները Տարոն աշխարհ բերած Հայոց Լուսավորիչը, երբ հիմնում է Մշո Սուրբ Կարապետի վանքը, այնուհետև տեսնում է մի լույս, որը կամարաձև իջնում է այն վայրում, ուր յուղն էր դրված: Լուսավորիչը գտնում է այդ յուղը և «իւղն այն աստուածային ոչ պակասի եւ ոչ թերանա մինչեւ ցայսօր, վասնզի Հոգին Սուրբ է ի նմա, եւ որք հաւատով կան առաջի սուրբ իւղոյն, առնուն զխնդրելին իւրեանց, մանաւանդ որք երկիւղիւ եւ հաւատով սպասաւորեն նոցա ի փառս Քրիստոսի Աստուծոյ, որ է օրհնեալ, Ամէն»:

Մոսվես մարգարեի պատրաստած յուղի` Թադեոս առաքյալի կոմից Հայաստան բերելու մասին հիշատակվում է Եղրդուտի վանքի կոնդակում, որը թվագրված է 1445 թվականով և վերագրվում է Գրիգոր 7 Ջալալբեկյանց Մակվեցի կաթողիկոսին: Կոնդակի սկզբում համառոտ ներկայացվում է վանքի պատմությունը և թվարկվում են այտեղ պահվող սրբությունները: Հիշվում է Թադեոս առաքյալի Հայսատան բերած օծության յուղը, և շեշտվում է, որ դա Մովսես Մարգարեի պատրաստած յուղն է: Ինչպես կոնդակում է գրված. «Նախ ի սուրբ շիշ իւղոյս, զոր Մովսէս օրհնեաց եւ օծեաց զմարգարէսն եւ զքահանայս եւ զթագաւորսն: Եւ Սամուէլ մարգարէն օծ զԴաւիթ եւ զայլ մարգարէսն: Եւ կինն պոռնիկ եհեղ ի վրայ գլխոյն Քրիստոսի եւ Յիսուս յետ խաչելիութեան օրհնեց եւ ետ յառաքեալսն եւ Սուրբն Թադէոս բերեալ եդ աստ»:

Վարդան Արևելցին էլ իր նշանավոր «Աշխարհացոյց»-ում գրում է. «Եղդուտի վանքը Սուրբ Հովհաննեսն է, ուր կա Սուրբ Հովհաննես (Մկրտչի) մասունքներից և յուղի շիշը, որը բերեց Թադեոս առաքյալը:

Համաձայն Հայոց Եկեղեցու հնավանդ աղբյուրների` օծության այս յուղն է, որը խառնվում է լուսավորչի օրհնած Հայոց առաջին Մյուռոնին և Սրբալույս Մյուռոնին միաշախախված` առաջին անգամ ցոլանում է Հայոց Դարձի ժամանակ` Արածանիի ջրերում:

 

1 Տե´ս Երևանի Մատենադարան, ձեռգ. հմր. 2547, թերթ 168բ-172բ:

2 Նույն տեղում, թերթ 172բ:

3 ՀՀ. Ոսկեան, Տարոն Տուրուբերանի վանքերը, Վիեննա, 1953, էջ 109:

Եղրդուտի այս կոնդակի մասին տե´ս նաև Գ. Բադալյան, Տարոնի Ս. Հովհաննեսի (Եղրդուտի)

 վանքի 1441 թվականի կոնդակը, «Էջմիածին», 1997, էջ 88-105:

4 Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, Քննական հրատարակութիւն Հ. Պերպերեանի, Փարիզ, 1960, էջ 20:

 

 

 

09.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․