Գրքեր

Մյուռոնը ծեսի մեջ

Դարերի ընթացքում ազգային դրոշմ և նվիրականություն ձեռք բերած Սրբալույս Մյուռոնով կատարվող օծությունների հիմքում ընկած է Մովսեսին տրված Տիրոջ պատվիրանը, որում ասվում է. «Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը, զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը: Կսրբագործես դրանք և դրանք կլինեն սրբությունների սրբությունը: Ամեն ոք, որ դիպչի դրան, կմաքրվի: Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի նրանք Ինձ համար քահանայություն անեն: Կխոսես Իսրայելի որդիների հետ ու կասես. «Այս յուղը ձեր սերունդների մեջ ձեր սուրբ օծության համար թող լինի»» (Ելք Լ:26-31): Օծմամբ էին իշխանություն ստանում նաև Իսրայելի բոլոր թագավորները, ովքեր Աստծո հոգով լցված` Աստծո անունով, զորությամբ և օրենքով պիտի դատեին ու առաջնորդեին, պաշտպանեին Աստծո ժողովրդին արտաքին հարձակումներից:

Մեր եկեղեցում, ինչպես Հին Ուխտում, օծության յուղով օծվում են աստվածապաշտության մեջ կիրառվող պաշտամունքային կառույցներն ու առարկաները, սպասքը` եկեղեցին, ավազանը, խաչը, սեղանի վիմաքարը, պատկերները: Խաչերը, պատկերներն առանց օծվելու չեն գործածվում, ոչ էլ կարող են համբույրի առարկա և օրհնության գործիք լինել: Նշենք նաև, որ այսպիսի օծումները հատուկ են միայն մեր եկեղեցուն:

Գրիգոր Նարեկացին խաչի մասին խոսելիս ասում է, որ մարդու ձեռքով պատրաստած խաչը աստվածայինի ու մարդկայինի խառնուրդ է լինում, երբ մյուռոնով օծվում է1:

Սրբապատկերը, երբ Սբ. Մյուռոնով օծվում է, դադարում է լոկ նյութական պատկեր մնալուց և դառնում է աննյութական ճշմարտությունների ճառագայթարան, սրբերի բարեխոսությունների բնակարան, սրբության խորան և երկինք երկրամերձ: Սուրբն Աստծո փառքն է, իսկ մյուռոնաօծ սրբապատկերը` փոքրիկ նշույլը այդ փառքի: Մյուռոնաօծ սրբապատկերը կենսատու Հացի բաշխիչ սեղանն է, որի շուրջ եթե հավաքվենք, կարող ենք Քրիստոսին ճաշակել:

Սբ. Սեղանի և խաչի մասին խոսում է նաև Գևորգ Գ Լոռեցին ( աթոռակից կթղ. 1069-1074 թթ.) ասորիների Հովհաննես պատրիարքին ուղղված թղթում, որտեղ գրում է, որ մենք Սբ. Սեղանը և խաչը Սբ. Սյուռոնով օծում ենք, որպեսզի միայն և քարի երկրպագություն չլինի և Սբ. Մյուռոնի միջոցով երկրպագեն Արարիչ Աստծուն:

Սբ. Մյուռոնով կատարվում են հետևյալ ծեսերն ու կանոնները.

Ա. Ջրօրհնեք. - Հունվարի 6-ին Սբ. Ծննդյան պատարագից հետո` Աստվածահայտնության արարողության ժամանակ, Սբ. Մյուռոնը կաթացվելով հեղվում է հորդանանը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Սբ. Հոգու էջքը Հիսուսի վրա:

Բ. Դրոշմի խորհուրդը. - Սբ. Մյուռոնով է կատարվում, նաև, մարմանավոր ծնունդին հաջորդող հոգևոր ծնունդը: Մկրտությունից անմիջապես հետո Հայոց Եկեղեցում կատարվում է դրոշմի խորհուրդը, որի ժամանակ մկրտյալի ինը մասերը օծում են Սբ. Մյուռոնով: Այս մասին Տ. Դերենիկ եպիսկոպոսը գրում է. «Դրոշմը Սուրբ Հոգիի ընդունելութեան խորհուրդն… դրոշմի միջոցաւ է, որ մկրտեալ մանուկը Սուրբ Հոգիի շնորհն ու պարգեւները կը ստանայ»2: Սբ. Գրիգոր Տաթևացին այս մասին ասում է, որ ջրով մկրտվելով` Քրիստոսի մահվանն ենք հաղորդակից դառնում և Աստծո զավակներն ենք լինում, իսկ Սբ. Սյուռոնով կնքվելով` Սբ. Հոգու

շնորհներին ենք միանում3: Երբ եկեղեցու արգանդից ծնված մանուկը Սբ. Մյուռոնով օծվում է, դադարում է լոկ իր երկրավոր ծնողի զավակը լինելուց և դառնում է իր երկնավոր ծնողի զավակը` Աստծո: Դադարում է երկրավորին ժառանգատեր լինելուց և դառնում է երկնայինի ժառանգորդ: Սրբալույս Մյուռոնի էջքը մկրտյալի վրա` Սբ. Հոգու էջքն է նրա սրտի մեջ: Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է, թե ինչպես Քրիստոսի մկրտության ժամանակ Սբ. Հոգին իջավ Նրա վրա, նույպես էլ, երբ մկրտում ենք մեր մանուկներին, դրոշմում ենք նրանց Սբ. Մյուռոնով` իբրև Սբ. Հոգու էջքի նշան իրենց վրա4:

Գ. Քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումը. – Հայոց Եկեղեցում միայն նվիրապետական ցածր աստիճաններն են տրվում պարզ ձեռնադրությամբ: Սրբալույս Մյուռոնով օծում են քահանայի ձեռքերը և ճակատը: Նմանապես օծվում են նաև եպիսկոպոսները: Մեր Եկեղեցին Սբ. Մյուռոնով օծում է նաև կաթողիկոսին, որը միաձույլ արտահայտումն է Հայոց հայրապետի և Սրբալույս Մյուռոնի հանդեպ հայ ժողովրդի տածած առանձնակի հարգանքի և պաշտամունքի հասնող սիրո և նվիրումի:

Դ. Թագավորի օծում. – Սբ. Մյուռոնով են օծվել նաև Հայոց թագավորները` հատուկ «Կանոն օծման թագաւորի» կանոնով:

Սրբալույս Մյուռոնը, ինչպես հայտնի է, միայն հոգևոր կարիքների համար է և ոչ թե մարմավոր, ինչպես որ արգելվում է բժշկական կամ որևէ այլ նպատակով այն օգտագործելը: Միջնադարյան մի շարք ձեռագրերով վկայված է հետևյալ կանոն-հրահանգը. «Մի իշխեսցէ ոք ի պէտա դեղոց մերձեցու ցանել, կամ վիրաց, կամ ականջաց օծումն: Եթէ ոք հանդըգնի, առնի զայս, նզովեալ եղիցի»5:

 

1 Տե´ս Գրիգոր Նարեկացի, «Քրիստոնէական», Էջմիածին, 2007, էջ 95:

2 Տե´ս Գրիգոր Տաթևացի, «Գիրք Հարցմանց», 1993, էջ 593:

3 Դերենիկ եպիսկոպոս, «Հայաստանեայց Առաքելական սուրբ խորհուրդները», Պէյրութ, էջ 19:

4 Նույն տեղում:

5 Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռգ. հմր. 486, թերթ` 179բ, ձեռգ. հմր. 655, թերթ` 33ա:

23.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․