Նա է կարողանում մինչև վերջ համբերել, ով համբերում է հանուն Աստծու

Բոլոր առաքինություններն ամրանում ու հաստատվում են համբերությամբ, և ոչ մի առաքինություն առանց այս առաքինության չի կարող կանգուն մնալ: Արվեստում և գիտության բոլոր բնագավառներում համբերություն է անհրաժեշտ: Ամեն գործ կատարվում և պահպանվում է համբերությամբ: Համբերությանը մահացու հարված է հասցնում հուսահատությունը, որն իր հերթին ջանում է մահացու հարված հասցնել հոգուն: Համբերությունն ուսուցանում է հոգուն մխիթարվել և չհուսահատվել դժվարություններից ու փորձություններից, այն Ս. Հոգու պտուղներից է, որ տրվում է քրիստոնյային մեկ այլ նվերի՝ հույսի հետ միասին: Քրիստոսի առաքյալներից Հուդան, որը զուրկ էր համբերությունից և անփորձ՝ ճակատամարտում, կրկնակի մահ գտավ: Իսկ Պետրոս առաքյալը, որ զուրկ չէր այս առաքինությունից և փորձառու էր կռվում, հաղթեց չարի փորձությանը: Համբերությունը կատարելագործել էր երանելի Հոբին և նրա բարի գործերը: Եթե նա մի փոքր շեղվեր այս առաքինությունից, ապա չէր վերագտնի իր կորցրածը: Նա, ով գիտի համբերության օգուտները, փորձում է ձեռք բերել այն, իսկ ով համբերություն չունի, չի կարող դիմակայել պատերազմին և ոչ միայն իր, այլ նաև ուրիշների կործանման պատճառ կարող է դառնալ: Որտեղ էլ, որ մարդ գտնվի, զերծ չէ փորձություններից, ուստի առանց համբերության անհնար է խաղաղություն գտնել:

Կան մարդիկ, որ իրենց կյանքի ինչ-որ հատվածում բարին են գործում, ջանում են արդար ապրել, իսկ հետո ասում են՝ վերջ, հատել է համբերությունս և սկսում են չարիք գործել ու անարդար գտնվել: Նրանք նման են նավի, որ լողում է, բայց մինչ նավահանգիստ հասնելը նավաբեկության է ենթարկվում ու խորտակվում: Քրիստոնյան կոչված է խուսափել մեղքից ոչ այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի է, այլ մինչև կյանքի վերջ: Նա կոչված է հավատարիմ լինելու ոչ այնքան ժամանակ, երբ իր կյանքը լի է հոգևոր մխիթարություններով, այլ միշտ՝ նաև հուսահատության ու հիասթափության պահերին: Նա կոչված է առաքինի ապրելու ոչ այնքան ժամանակ, երբ իր աչքի առաջ սրբության օրինակներ կան, այլ երբ շրջապատի մարդիկ պղծության ու անօրենության մեջ են: Նա կոչված է հրաժարվելու ատելությունից և վրեժխնդրությունից ոչ այնքան ժամանակ, երբ իրեն ոչ ոք չի վիրավորել, այլ նաև այն ժամանակ, երբ իրեն իսկապես վիրավորել են: Նա է կարողանում մինչև վերջ համբերել, ով համբերում է հանուն Աստծու, որովհետև այն ամենը, ինչ կատարվում է մարմնի համար, ժամանակավոր է, քանի որ մարմինը ժամանակավոր է, իսկ այն, ինչ արվում է հանուն Աստծու, հավիտենական է, քանի որ Աստված հավիտենական է:

Մեծ զարմանք է պատճառում Քրիստոսի առաքյալների վարքը, որ իմանալով, թե ինչ մեծ վտանգներ և գայթակղություններ են սպասելու իրենց քարոզելիս, չնահանջեցին ու չվախեցան, այլ վստահեցին ու հնազանդվեցին Ուսուցչին: Նրանք, հակառակը, քաջալերվում էին, քանի որ գիտեին, որ Աստծու խոսքն իր զորությամբ շատ մարդկանց սրտերին է դիպչելու: Քրիստոս առաքյալներին ասաց, որ Իր պատճառով ատելի կլինեն մարդկանց կողմից, բայց և միաժամանակ մխիթարեց՝ ասելով, որ ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի (Մատթ. 10:22): Ս. Հովհան Ոսկեբերանը, նկարագրելով առաքյալների քարոզչությունը ողջ աշխարհում, ասել է, որ նրանց բանտարկեցին, խարազանեցին, տեղից տեղ տարան, բայց չկարողացան լռեցնել. «Ինչպես հնարավոր չէ կապել արևի ճառագայթները, այնպես էլ հնարավոր չէր կապել նրանց լեզուն: Եվ դրա պատճառն այն էր, որ իրենք իրենցից չէին խոսում, այլ Սուրբ Հոգու զորությամբ: Այդ զորությամբ Պողոս առաքյալը հաղթեց Ագրիպպային և Ներոնին, որ իրենց չարությամբ գերազանցեցին բոլոր մարդկանց. «Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի ինձնո՛վ կատարվի իր խոսքի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն: Աստված ինձ ազատեց ստույգ մահվանից» (Բ Տիմոթ. 4:17): Առաքյալները չվարանեցին և չխնդրեցին Տիրոջից փրկել իրենց վտանգներից, առավել ևս, որ պետք է համբերեին ոչ թե մի քանի տարի, այլ մի ամբողջ կյանք՝ Տիրոջ խոսքի համաձայն՝ ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի: Շատերն իրենց գործը սկսում են եռանդով, բայց հետագայում թուլանում են, այնինչ Փրկիչը նայում է ավարտին: Ի՞նչ օգուտ այն սերմերից, որ սկզբից ծաղկում են, բայց շուտով թառամում: Թեև առաքյալներին դատապարտում էին որպես խռովարարների և ապստամբների, բայց նրանք ոչ միայն հերքում էին այդ կարծիքը, այլ ստիպում էին բոլորին իրենց մասին ճիշտ հակառակը մտածել և այդ ամենը անում էին մեծ համբերությամբ: Ահա թե ինչու էր Պողոս առաքյալն ասում՝ ամեն օր ես իմ անձը մահվան վտագին եմ ենթարկում  (Ա Կորնթ. 15:31): Առաքյալների օրինակը մեր առաջ ունենալով՝ արդյո՞ք արժանի կլինենք որևէ արդարացման. խաղաղություն վայելելով՝ տկարանում ենք և ընկնում, մեզ ոչ ոք չի հետապնդում, մեզ չեն սպառնում բանտերը, խարազանները, իշխանությունը, բայց ուժասպառ ենք: Այսօր քրիստոնյաներն ամեն տեսակի պատիվ, փառք և խաղաղություն են վայելում, բայց չեն հաղթանակում»:

Այնուհետև սբ. Հովհան Ոսկեբերանը, մեջբերելով երանելի Հոբի օրինակը, ասել է, որ եթե նա լավ պատրաստված չլիներ սխրանքների, փորձության ժամանակ չէր փայլի իր սխրանքներով. «Նա կանգնած էր մի շարք հարձակումների դեմ. կորցրել էր երեխաներին, զրկվել էր հարստությունից, կնոջ կարեկցանքից և առողջությունից: Եթե ուզում եք տեսնել, թե ինչպես էր Հոբը պատրաստվել սխրագործությունների, ապա լսեք. նա արհամարհում էր հարստությունը (Հոբ 31:24, 25), այդ պատճառով չշփոթվեց, երբ կորցրեց այն: Լսիր, թե ինչպես էր վերաբերվում երեխաներին. նրանց հանդեպ չափազանց հանդուրժող չէր, ինչպես մենք, այլ նրանցից պահանջում էր բարեկիրթ լինել: Եթե նա իր զավակների ոչ հայտնի արարքների համար էր զոհաբերություն մատուցում Աստծուն, ապա մտածիր, թե որքան խիստ էր նրանց հայտնի արարքների հանդեպ: Եթե ուզում ես լսել նրա առաքինության մասին, ապա լսիր, թե նա ինչ է ասել. «Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու չնայեցին նրանք մի կույսի» (Հոբ 31:1): Այդ պատճառով նրա կինը վստահ էր նրա առաքինի լինելու մեջ, Հոբը սիրում էր կնոջը, բայց ոչ չափից դուրս, այլ ինչպես պետք է սիրել կնոջը: Թեև Հոբը միշտ ապրել էր հարստության և շքեղության մեջ, բայց իրեն նախապես մարզել էր, այդ պատճառով չսասանվեց մեծ ու դաժան արհավիրքներից: Մի նայիր միայն նրա ունեցվածքի կորստին, երեխաներից զրկվելուն, անբուժելի խոցին և կնոջ հանդիմանությանը, այլ ուշադրություն դարձրու նրան, որ ավելի ցավալի է այս ամենից: Կար ավելի ծանր մի բան, որ կարող էր շփոթեցնել Հոբին, այն, որ նա հստակ ոչինչ չգիտեր Երկնային Արքայության և հարության մասին, այդ պատճառով ցավով ասում էր. «Քանի որ հավիտյան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ» (Հոբ 7:16): Նա լսում էր, թե ինչպես էին իր բարեկամներն իրեն անարդարացիորեն մեղադրում. «Մեղքերիդ համեմատ շատ քիչ տանջանքներ ես կրել և ավելի շատ ես մեծաբանել» (Հոբ 15:11): Նա տեսնում էր, թե ինչպես էին ամբարիշտներն ավելի լավ ապրում և ծաղրում իրեն, և չէր տեսնում մեկին, որ այդքան շատ տառապի: Եթե այժմ մարդիկ, որ Երկնային Արքայության, հարության և անասելի բարիքների անկասկած ակնկալիք ունեն՝ չնայած իրենց բազում գիտակցված մեղքերի, չնայած, որ իրենց առջև ունեն սրբակենցաղ անձանց օրինակները, բայց երբ ունեցվածքի կորուստ են ունենում, որ շատ հաճախ անարդարացի են ձեռք բերել, կյանքը կյանք չեն համարում: Թեև նրանք չեն կորցրել իրենց երեխաներին, կինը չի հանդիմանել, բարեկամները չեն մեղադրել, ստրուկները չեն ծաղրել, այլ, ընդհակառակը, շատ մխիթարությունների են արժանացել ուրիշների կողմից խոսքով կամ գործով, ապա որքան պսակների է արժանի Հոբը, որ տեսավ, թե ինչպես անսպասելի գողացան արդարացիորեն կուտակած իր հարստությունը, ստիպված եղավ դիմանալու բազմաթիվ փորձությունների, բայց նա այդ ամենի մեջ անսասան մնաց և փառաբանեց Աստծուն: Եթե առաքյալներին մխիթարում էր այն, որ իրենք չարչարվում էին հանուն Քրիստոսի և դա իրենց համար դեղամիջոց էր, որ ամեն օր կարող էր նրանց զորացնել, ապա Հոբը չուներ այս մխիթարությունը: Երբ նա լսեց Տիրոջ այս խոսքերը. «Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ ազդարարությամբ չեմ հայտնվել, քան այնպես, որ դու արդար երևաս» (Հոբ 40:3), մեծ ուրախություն ապրեց: Նա խոնարհեցրեց իր անձը և չարչարանք չհամարեց իր կրածը (Հոբ 39:34)»:

Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ եթե մեզ ատեն հանուն Քրիստոսի, պետք է ուրախանանք և համբերենք, քանի որ մինչև վերջ համբերողին է խոստացվել փրկությունը: Այդ պատճառով, ով ցանկանում է փրկվել, պետք է ձեռք բերի համբերություն և պահպանի այն մինչև վերջ: Համբերությունը անհրաժեշտ էր նաև դրախտում, ուր կարծես թե համբերելու ոչինչ չկար, բայց եթե նախամայր Եվան բավականաչափ համբերություն ունենար և չպատասխաներ օձի կերպարանքով հանդես եկող չարի խորամանկ խոսքերին, որ առաջին սուտն էր, անխոհեմաբար չշտապեր դեպի արգելված պտուղը, այլ կանգ առներ, մտածեր՝ անվտա՞նգ է հավատալ Աստծուն, թե՞ օձին, ամուսնու հետ խորհրդակցեր, շատ հավանական է, որ մեղք չէր գործվի, ինչին էլ չէր հետևի մահը: Համբերությունը չբավարարեց, և նախածնողներն ընկան ու իրենց հետ վար գլորեցին ապագա մարդկային ցեղը: Առանց համբերության չկա սխրանք, առանց սխրանքի չկա առաքինություն, չկա հոգևոր պարգև, չկա փրկություն, որովհետև «երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12):

Եթե մարդը ցանկանա, կարող է ձեռք բերել կատարյալ սեր: Մարդիկ միմյանց մեջ տեսնում են թերություններ, մեղքեր, ինչի պատճառով սկսում են ատել միմյանց: Այդ դեպքում ինչպե՞ս սիրել մարդկանց, եթե մարդը որոշի և վարժեցնի իրեն՝ համբերությամբ նայելու  մարդկանց սխալներին ու թերություններին և հենց իր ատելությանը, ապա կկարողանա սիրել բոլորին՝ առանց դադարելու ատել մեղքերը, բայց առանց համբերության դա հնարավոր չէ: Որևէ առաքինություն պահանջում է որոշակի ջանքեր, զրկանք, պայքար կրքերի, ցանկությունների և գայթակղությունների դեմ, որը միշտ չէ, որ հեշտությամբ է պսակվում հաղթանակով: Եթե համբերության մեջ մարդ տատանվի, ապա կտատանվի նաև առաքինությունների մեջ: Եվ քանի որ ողջ կյանքում առաքինաբար ապրելը քրիստոնյայի համար կարևոր պարտավորություն է, ապա մինչև կյանքի վերջ համբերատար լինելը ևս կարևոր պարտավորություն է:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

02.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․