3 Դեկտեմբեր, Գշ
Եթե հոգուն դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, ապա դա ապացուցում է, որ նրա մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ է պատճառը, որ նա ոչ թե Արարչով է տարվում, այլ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ, նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն, այդուհանդերձ, չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն է զգում, ուրախություն, որը զուրկ է աստվածային սփոփանքից, հոգևոր ցնծությունից ու ներքին խանդավառությունից: Իսկ երբ մարդ հոգևոր գեղեցկությունն է սիրում, նրա հոգին է լիանում ու գեղեցկանում:
Եթե մարդ, և հատկապես վանականը, իմանար իր ներքին անհրապույր վիճակի մասին, ապա արտաքին գեղեցկությունների հետևից չէր ընկնի: Հոգին այնքան աղտոտված է, այնքան ապականված, իսկ մենք, օրինակ, հագուստի՞ համար պետք է հոգ տանենք: Հագուստը լվանում ենք, արդուկում և արտաքինից մաքուր ենք լինում, իսկ ինչպիսին ենք ներքուստ՝ ավելի լավ է չհարցնել: Այդ պատճառով էլ, երբ մարդ ուշադրություն է դարձնում իր ներքին հոգևոր անմաքրությանը, այլևս ժամանակ չի կորցնում իր հագուստը մանրամասնորեն, մինչև վերջին բիծը մաքրելու համար, քանի որ այդ հագուստն իր հոգուց հազար անգամ ավելի մաքուր է: Բայց անուշադրության մատնելով իր հոգում կուտակված հոգևոր աղբը, մարդ ջանում է իր հագուստի վրայից նույնիսկ ամենափոքր բիծը հեռացնել: Ողջ հոգածությունը պետք է հոգևոր, ներքին մաքրությանն ուղղել, այլ ոչ թե արտաքին գեղեցկությանը: Նախընտրությունը ոչ թե սին գեղեցկություններին, այլ հոգու գեղեցկությանը պետք է տրվի: Չէ որ մեր Տերն էլ ասաց, որ ամբողջ աշխարհը չարժե այնքան, որքան մեկ հոգին (Մատթ. 16:26):
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը