Նավասարդ Սրբազանն օրհնեց Ոսկե ծիրանը

Հուլիսի 12-ին  ԱՀԹ Երևանի Ս. Աննա եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Ս. Պատարագ մատուցվեց  ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:  Պատարագիչն էր Ամերիկայի Արևելյան թեմի Իլլինոյի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովնան Խոճա-Էյնաթյանը, ով ուխտավորաբար Հայաստանում է գտնվում:

Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կատարեց ծիրանի օրհնության կարգ: Արարողությանը ներկա էին Ոսկե ծիրան կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի հյուրերը և հավատացյալներ:

Ողջունելով ներկաներին՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Այժմ մենք այստեղ ենք օրհնելու «Ոսկե ծիրանը», քաջալերելու կինոփառատոնի հիմնադիրներին, նախաձեռնողներին, կազմակերպիչներին, աջակիցներին և մասնակիցներին: Ամեն տարի այս փառատոնը նոր, շոշափելի բարձունքների է հասնում: Փառատոնի ընթացքում մեր քաղաքը հայտնվում է տարբեր մշակույթների խաչմերուկում, որտեղ կինոսեր հասարակությունը ծանոթանում է այլ մշակույթների հետ:

Աստված արարեց մարդուն «ըստ պատկերի յուրում»: Սա շնորհ է, արժեք է, որ տրված է մարդուն: Բայց մեր գործերով է, որ պիտի կարողանանք նմանվել Աստծուն: Արվեստի միջոցով, որի ճյուղերից մեկն էլ կինոն է, հույժ կարևորություն ունի արարչական ոգով մարդկանց հոգեկերտումներում բարին ու գեղեցիկը սերմանելը, մեկ խոսքով՝ հայակերտելը:

Օրվա խորհրդի լույսի ներքո պիտի մաղթենք, որ ավելի շատ մարդ հայակերտվի և դառնա ավելի գեղեցիկ հոգու կրող, ավելի լուսավոր մարդ, բարի ու քաղաքակիրթ, մշակութասեր ու հայասեր: Թող «Ոսկե ծիրան» փառատոնն այս ներշնչանքով պարուրի ձեզ:

Մենք մաղթում ենք ամենքիդ լուսավոր ճանապարհ, արդյունավոր գործունեություն և, ամենակարևորը,  այսօրվա խորհրդից ելնելով, հոգեկերտումի նոր դրսևորումներ, նոր տեսակի նկարագիր: Եվ այդ նորոգված տեսակը մեր սրտերի մեջ կրելով՝ մեկ քայլ առաջ կանցնենք Աստծուն նմանվելու և մերձենալու բաղձալի ճանապարհին:

Շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիդ հետ: Եվ թող Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը նորանոր ներշնչանքներ հաղորդի, որպեսզի մեր մեջ դրական կերպարանափոխությամբ Աստծուն նմանվելու տենչը զորեղանա և առաջնորդի՝ դառնալով մեր կյանքի ուղեկիցը: Բարի երթ բոլորիդ»:

Արարողության ավարտին թեմի երիտասարդներն օրհնված ծիրան հյուրասիրեցին հավատացյալներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

12.07.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․