23 Դեկտեմբեր, Բշ
Հունիսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Տ. Մեսրոպ քահանա Արամյանի «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին:
Ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, գիտնականներ, մանկավարժներ:
Շնորհավորելով Տ. Մեսրոպին գրքի լույսընծայման և ծննդյան հիսունամյա հոբելյանի առթիվ`Նավասարդ Սրբազանն ի մասնավորի ասաց. «Անհատները կրնան ուծացուիլ, նժդեհության, սրածութեան մատնուիլ, բայց երբ հաստատուն պահուած է սրտերու մէջ՝ տառերուն բեւեռը, լեզուին անշիջելի ճառագայթը, կը բավէ այդ ճառագայթը իրարու բերելու, իրարու միացնելու համար անհատները՝ իբրեւ ժողովուրդ, ժողովուրդը՝ իբրեւ Ազգ, Ազգը՝ իբրեւ հայկականութիւն» (Դանիել Վարուժան):
Աստվածճանաչողության և հոգևոր փնտրտումների, ազգի և սեփական ինքնությունը վերագտնելու մղումի շնորհիվ այսօր մեր հոգևոր իրականության մեջ կա և գործում է մեր սիրելի Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Որպես եկեղեցասեր և շնորհառատ անձնավորություն՝ նա իր ողջ էությամբ լծվել է երկնառաք ժառանգության վեհությունն ու խորհրդավորությունն ազգին վերադարձնելու օրհնյալ առաքելությանը: Երկու տասնամյակից ավելի, որպես բարու և բանի սերմնացան, մշտավառ աշխատասիրությամբ և նախանձախնդրությամբ, անմնացորդ նվիրումով և անվերջանալի ավյունով վերարթնության հունդերն է ցանում մեր հայրենի անդաստաններում՝ վերակոչելով հայի աստվածատուր հավատքն ու այդ հավատքով գրված հայի պատմությունը:
Այս երկհատորյակը Տ. Մեսրոպ քահանա Արամյանի տքնության և ջանքերի արգասիքն է, որոնց շնորհիվ վեր են հանվել և բացահայտվել հայոց աստվածաբանական ժառանգության գոհարներն ու դավանաբանական մտքի գանձերը: Նա հայաշունչ և հայաշեն ոգու կրողն է, Այբ, Բեն, Գիմ-ի բևեռների միաձուլող լծակիցը և սուրբ գործի շարունակողը: Նա իր կյանքով ու աշխատանքով վկայությունն է այդ առաքելության: Մեսրոպ քահանայի հոգու սրատեսությամբ վերհառնում են գրաբարյան ոսկեղենիկ կոթողները՝ կենդանություն և նոր շունչ հաղորդելով նրանց գոյությանը: Նա հայ հոգևոր գրքի խոնարհ ուխտավորն է, ով Աստծո և իր ինքնության հետ մեսրոպահյուս թելերով դաշինք կապեց՝ «Մեսրոպ» զորեղ անվամբ կնքվելու, մաշտոցյան սուրբ երթով ընթանալու և Գրքի միջոցով հայի հոգու պատմությունը հավերժացնելու համար:
Նվիրյալ հոգևորականն ազգային արժեքները, հայի տաղանդն ու ներուժն արթնացնելու հզոր տեսլականով կյանքի է կոչում նաև մեր սիրասուն մանուկներին հայեցի դաստիարակելու ազգանվեր առաքելությունը: Հոգևոր ժառանգության քուրայով անցկացնում է նրանց ինքնագիտակցությունը և հնարավորություն ընձեռում ընկալել և իրենց մեջ անթեղել տրված հոգևոր արժեքները. «Արժեքները տվյալ ժողովրդի կյանքում բյուրեղացած, ամրագրված և սրբադասված ճշմարտություններն են: Ազգային ինքնությունը խարսխված է այդ արժեք-սրբությունների վրա… Սեփական արժեքների շուրջ համախմբվածությունը հայտարարն է տվյալ ազգի հոգու զորության և ամրության» (Տ. Մեսրոպ քահանա Արամյան):
Սիրելի՛ք, այսօրվա բարեբաստիկ առիթով՝ մեր սիրելի Տեր հոր ծննդյան 50-ամյակի առթիվ, հղում ենք մեր շնորհավորանքները: Մաղթում ենք նրան և իր բազմանդամ ընտանիքին երկար ու արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը՝ տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող օրհնաբեր լինի նրա աստվածապարգև ծառայությունը՝ շաղախված հայոց լուսահոգի հայրապետերի և սուրբ հայրերի բարի ավանդություններով»:
Երկհատորյակում տեղ են գտել Տ. Մեսրոպի շուրջ 25 տարվա աշխատանքի ընթացքում գրված ստեղծագործությունների մի մասը: Հոգևորական, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, «Այբ» կրթական համահիմնադիր, «Այբ» դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահ, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի, «Վեմ» ռադիոյի հիմնադիր և տնօրեն, ՀՀ նախագահի կրթության գծով խորհրդական Տ. Մեսրոպ քահանա Արամյանը հեղինակ է բազմաթիվ գրքերի, հոդվածների, հեռուստա-ռադիոհաղորդումների և ֆիլմերի սցենարների:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին