Նավասարդ Սրբազանը պարգևատրեց լավագույն զինվորներին

Հունվարի 27-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Այն երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան և ժամկետային զինծառայողներ` իրենց մայրերի, քույրերի և սիրելիների հետ:

Միջոցառումը Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին.

«Մեծարգո նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, hանուն Վեհափառ Հայրապետի ջերմորեն ողջունում ենք Ձեր մասնակցությունը տոնական Սուրբ Պատարագին և զինվորների պարգևատրման այս միջոցառմանը: 

Հարգարժան ներկաներ և շատ սիրելի զինվորներ, վաղը՝ հոկտեմբերի 28-ին, ազգովի նշելու ենք Հայոց բանակի 26-րդ տարեդարձը: Հայոց բանակի ծնունդը հայ ժովորդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է, հաղթանակած և կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություններով: Մեր բանակը կայացավ հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայրենյաց սահմաններն առ այսօր կայուն և անխոցելի են: Տարիներ առաջ հանրապետության նախագահը բանակի կայացման վերաբերյալ հետևյալ բնութագրումն է տվել.

«Հայոց կանոնավոր բանակը` մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչը մեր պատմիչն անվանում էր «Ազքանազյան ազգ», իսկ Սուրբ Գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որն իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ»:
Սիրելի հայրենակիցներ, հայրենյաց պաշտպան զինվորի կերպարը մեր ժողովրդի ընտրագույն կերպարն է: Ի ուրախություն մեզ՝ այսօր մեր կողքին են հայրենիքի և հայության արժանապատվությունը սահմանում պահող քաջասիրտ զինվորներից 22-ը: Մեր զավակները հերոսական անցյալի զարմից են, հայոց փառահեղ պատմության ժառանգորդներն են և առավել փառապանծ պատմության նորօրյա կերտողներն են: Մեր երախտիքն ենք բերում ձեզ, սիրելի զինվորներ, ձեր ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին և հայրենապաշտության զգացումը մշտանորոգ պահելու համար: Մեր խոնարհումն ու մեծարումն ենք բերում քաջակորով հայ զինվորների մայրերին: Առ Աստված աղոթելով՝ հայցում ենք, որ Տիրոջ քաջ վկա, սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգիսն աջակից, զորակից և մարտակից լինի հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող զինվորին: Թող բարեգութ Տերը խաղաղ և անխախտ պահի մեր հայրենյաց սահմանները վասն Հայոց անկախ պետականության և ի բարօրություն հայ ժողովրդի: Ամեն:»:

Ս. Սարգսի տոնի ու պարգևատրման առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինվորներին ու նրանց ծնողներին:

Այնուհետև Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի խորհդանշական զարդապատկերով պարգևատրեց ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված 22 լավագույն զինվորներին, ովքեր այս պահին ծառայում են սահմանային գծում և աչքի են ընկել իրենց մարտունակությամբ ու սխրանքներով:

Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զինվորների պարգևատրումն իրականացվում է արդեն երրորդ տարին: Այս տարի Արարատյան Հայրապետական թեմի կողմից Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին լավագույն ժամկետային զինծառայողներից 22-ը: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված են զինվորներ ամբողջ Հայաստանից:

Իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար պարգևատրվող զինվորներից Տիգրան Աբրահամյանը երախտիքի խոսք ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին. «Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ ու փառքով ապրել, և չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Հայրենիք, որի յուրաքանչյուր միլիմետր հատվածն է'լ ավելի է սրբացել թանկ ու հարազատ մարդկանց, մեր զոհված ընկերների կյանքի գնով: Հայոց հողի բոլոր զինվորների անունից ուզում եմ հավաստիացնել. վստահ եղեք, արյամբ գծված մեր սահմանները անառիկ և անսասան կպահենք»:

Պարգևատրվող զինվորների ծնողների անունից շնորհակալության խոսք ասաց տիկին Կարինե Այվազյանը. «Մեծ երջանկություն է մեր զինվոր զավակների հետ այս գեղեցիկ տոնը նշելը: Ներկա բոլոր զինվորների մայրերի անունից ուզում եմ երախտիքի խոսք ասել մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը և Արարատյան Հայրապետական թեմին` այս հրաշալի առիթը մեզ ընձեռելու ու առաջնագծում իրենց ծառայությամբ աչքի ընկած մեր զինվոր զավակների` այսօր մեր կողքին գտնվելու համար:

Ս. Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել. «Տեր Աստված, բոլոր նրանց, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզնից, իրականություն դարձրու»:

Ես` որպես զինվորի մայր, մի խնդրանք ունեմ. թող խաղաղ լինի մեր հողն ու բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը: Ս.Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օրն է: Թող օրհնված լինեն մեր բոլոր հայորդիները»:

Միջոցառման ավարտին ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանով պարգևատրված զինվորներին տրվեց 10-օրյա արձակուրդ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

27.01.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․