25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր կուզենայի խոսել մի կարևոր խնդրի մասին, որը քրիստոնյայի հոգևոր առաջընթացի համար առանցքային նշանակություն ունի: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում բախվում ենք բազմատեսակ անարդարությունների, նենգության, չարախոսության, չկամության, անհարգալից և անշնորհակալ վերաբերմունքի: Քաջատեղյակ լինելով Տիրոջ հիմնանորոգ այս պատգամին փորձում ենք ներել մարդկանց: Բայց հաճախ մեր ներումը սահմանափակվում է միայն վրեժ չլուծելով: Սակայն ներումը միայն վրեժ չլուծելու խնդիր չէ, այլ նաև՝ հոգու և մտքի: Ցավոք ներքուստ գոյանում է հիշաչարությունը, վիրավորանքը և մարդը վիշտ ու ցավ է ապրում: Կարծես թե բնական է այսպիսի հոգեվիճակը, սակայն դա մեր միջի հին մարդու կերպարն է: Չկա մեր մեջ որևէ մեկը, ով լիովին այս կրքից ազատված լինի, և բոլորս մեծ անելիք ունենք հաղթահարելու բնածին թվացող այս չարիքը: Կարող է ոմանց թվալ, թե հրաշքով կամ էլ կամային մեկ որոշումով հնարավոր է այս արատից ազատվել և դրանով իսկ նմանվել մեր Փրկչին: Երկրային ամեն առաջնթաց պայքարով է լինում: Չի կարող առաջին դասարանցին տասներրորդ դասարանցու քննութուն հանձնել, չի կարող շարքային զինվորը միանգամից գեներալի կոչում ստանալ: Ուստի, եկեք համբերությամբ զինվելով, երկարատև, կյանքի տևողությանը հավասար պատերազմի դաշտ ելնենք և քայլ առ քայլ փոքրիկ հաղթանակներ տանենք: Եկեղեցու իմաստուն հայրերը իրենց հոգևոր պատերազմական փորձով հայրաբար կիսվում են մեզ հետ, ինչն էլ էապես կթեթևացնի և արդյունավետ կդարձնի մեր հոգեպայքարը:
Մակար Մեծը սովորեցնում է մեզ վիրավորանքը և ամեն տեսակի գործած անարդարությունները մեր անձի հանդեպ ընկալել որպես պատիժ մեր մեղքերի դիմաց կամ փորձություն՝ հոգու կատարելագործման, նորոգման համար: Եվ ոչ ոք չի կարող առանց Աստուծո թույլտվության մեզ փոքր-ինչ վնաս պատճառել, և մեր անձի հանեպ բոլոր չարախոսողներն, ըստ էության, Աստուծո գործիք են հանդիսանում: Եթե մենք հավատում ենք Աստծուն, ուրեմն պիտի հավատանք և ընդունենք իր վարդապետությունը ու գերիմաստուն նախախնամությունը, որը բարենորոգ նպատակ ունի: Նա պատվիրեց ոչ միայն ներել, այլև սիրել, ոչ միայն սիրել մեզ սիրողներին, այլ նաև ատողներին: Բազմիցս լսել ենք, որ մենք միասին մեկ մարմին ենք կազմում Քրիստոսի հետ: Ուրեմն ինչպե՞ս կարող է մարմնի մի մասը մյուսից նեղանալ կամ վիրավորվել: Պատկերացրեք՝ սիրտը ստամոքսից վիրավորվի վնասակար կերակուր ճաշակելու և արյունը պղտորելու համար և հրաժարվի այլևս արյուն մատակարարել ստամոքսին, կամ ոտքը ձեռքից նեղանա ցավ պատճառելու համար և այլևս աշխատանքի մեջ իր հետ չհամագործակցի: Բացի այդ հիշաչարությունը, վիրավորանքի ապրումները բազմապատկում են մարդու վիշտը: Այսպիսի իրավիճակում հոգու լավագույն դեղատոմսն է հանդիսանում սեփական անձին մեղադրանքն ուղղելը: Քննենք մեզ, տեսնենք ինչ սխալներ ենք գործել, զղջանք, ցավ ապրենք՝ հայցելով Աստծուց ներում: Եվ այսպես վարվելով կգտնենք վշտի մեջ մեծ թեթևացում: Մեղադրենք մեզ նաև հիշաչարության, վիրավորանքի կրքի գոյացման համար: Համարենք մեզ տկար ու անզոր, հուսալով և խնդրելով Տիրոջից հոգու բժշկություն: Ինչու՞ ենք մտերիմների չար արարքներից գանգատվում, չէ՞ որ իրենց անարդարությունը մեր մեջ արդարություն է կառուցում: Ինքնամեղադրանքով, խոնարհությամբ և աղոթքով կարող ենք ոչ միայն հիշաչարության, այլ նաև բոլոր կրքերը ոչնչացնել: Եվ նույնիսկ ոխը արմատախիլ անելով մեր գործը չի ավարտվում, պիտի սովորենք չարին բարությամբ պատասխանել: Կարծես թե սա արդեն անհաղթահարելի պատնեշ է, բայց եթե այդ քայլն էլ կատարենք կմոտենանք Տիրոջը: Բոլորիս մաղթում եմ սեր, խաղաղություն և միաբանություն:
Տեր Զգոն քհն. Աբրահամյան