Երկու եղբայրներ կային, երկուսն էլ վանական էին, սակայն ողջ ժամանակ վիճում էին: Յուրաքանչյուր վեճից հետո կրտսեր եղբայրը գնում էր ավագից ներողություն խնդրելու.
- Ների՛ր ինձ, եղբա՛յր:
Բայց ավագ եղբայրը խիստ բնավորություն ուներ: Ո՛չ ներողություն խնդրել գիտեր, ո՛չ էլ՝ ներել:
Եվ ահա՛ մի օր էլ կրտսեր եղբայրը հեռացավ վանքից ու կորավ: Մեկ օր չկա, երկու օր: Այդպես մի շաբաթ անցավ: Ավագ եղբայրն անհանգստացավ. միգուցե ինչ-որ բա՞ն է պատահել եղբորն, իսկ ինքը չի հասցրել ներողություն խնդրել: Եվ գնաց նրան որոնելու:
Շատ բնակավայրերով անցավ, ամենուր հարցրեց, թե չե՞ն տեսել արդյոք իր եղբորը: Շատերին իր հարցերով ձանձրացրեց, մարդիկ նյարդայնանում էին, վռնդում նրան: Այդ պատճառով էլ սովորեց իր հարցումները հետևյալ բառերով սկսել.
- Ներեցե՛ք ինձ, եղբայրնե՛ր… Ների՛ր ինձ, եղբա՛յր… Ների՛ր ինձ, քո՛ւյր…
Այդպես մի քանի տարի անցկացրեց որոնումների մեջ, սակայն կրտսեր եղբորը չգտնելով՝ որոշեց վանք վերադառնալ: Թակեց դարպասը: Երբ բացեցին՝ «Ների՛ր ինձ, եղբա՛յր…» բառերով մտավ ներս:
- Դու էլ ինձ ների՛ր, եղբա՛յր,- լսեց ի պատասխան:
Բացողը կրտսեր եղբայրն էր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի