25 Նոյեմբեր, Բշ
Մեր Եկեղեցու սրբուհիներից է Հռիփսիմեն, ով հայտնի էր իր հիացնող գեղեցկությամբ: Նա վանական կյանքով էր ապրում և Հռոմեական կայսրության ամենագեղեցիկ կինն էր: Իմանալով, որ Դիոկղետիանոս կայսրը, իր գեղեցկության մասին տեղյակ դառնալով ցանկանում է իր հետ ամուսնանալ, Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ, որոնց գլխավորն էր Գայանե մայրապետը, փախավ Հայաստան: Դիոկղետիանոսը նամակ գրեց հայոց Տրդատ արքային` խնդրելով, որ գտնի Հռիփսիմեին և ետ ուղարկի Հռոմ: Բայց հայոց թագավորը` հմայված կույսի գեղեցկությամբ, ինքը ցանկացավ նրա հետ ամուսնանալ: Հռիփսիմեն մերժեց նրան, որովհետև ուխտել էր իր կյանքն ապրել մաքրությամբ, նվիրված Աստծուն: Կույսերի առաջնորդ Գայանեն ևս հորդորեց նրան հաստատ մնալու այս որոշման մեջ: Այդ ժամանակ թագավորը հրամայեց կույսերին չարչարանքների ենթարկել և գազանորեն սպանել: Հետո Գրիգոր Լուսավորիչը կույսերի նահատակված վայրերում թաղեց նրանց և գերեզմանների վրա մատուռներ կառուցեց, որոնք հետագայում վերածվեցին մեծ վանքերի: Եվ այսօր հայոց մեջ մեծապես հայտնի են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե վանքերը: Այս սրբուհիների տոնի օրը նրանց անունով կնքված վանքերը լի են լինում հավատացյալներով, ովքեր աղոթում են և սուրբ կույսերի բարեխոսությունն են խնդրում իրենց, իրենց ընտանիքների, Եկեղեցու, ազգի և համայն աշխարհի համար:
Հռիփսիմեն գեղեցիկ էր ոչ միայն արտաքնապես, այլև առավել ևս հոգեպես, և Եկեղեցին նրան սրբացրել է` մեծապես գնահատելով հենց ներքին հոգևոր գեղեցկությունը: Դժբախտաբար, մեր օրերում մարդիկ ավելի մտածում են արտաքին, քան ներքին հոգևոր գեղեցկության մասին: Եվ այս խնդիրը միայն այսօր չի ծագել: Սա խնդիր էր նաև քրիստոնեության վաղ շրջանում, ինչի մասին վկայում են այդ ժամանակների եկեղեցական հեղինակների գործերը, ովքեր կանանց հորդորում են զարդարվել ոչ թե ոսկեղեն, թանկարժեք զարդերով ու շքեղ զգեստներով, այլ հեզությամբ և քրիստոնեական այլ առաքինություններով: Գեղեցկության հարցը խնդիր էր նաև անտիկ աշխարհում: Պլատոնն իր ստեղծագործություններից մեկում ասում է, որ մարմնի զարդարումը գալիս է կեղծ գիտությունից, որն ի հայտ է եկել այս ոլորտում ճշմարիտ գիտության` մարմնամարզության փոխարեն: Մարմնամարզության շնորհիվ մարդիկ կարողանում են իրենց մարմինը պահել գեղեցիկ վիճակում, սակայն առաջ եկավ մարմինների զարդարման կեղծ գիտությունը, որն ուսուցանում է այլևս չհոգնել վարժություններով, որովհետև առանց ջանքերի որևէ մեկը կարող է իրեն գեղեցիկ ցույց տալ` շպարվելով դիմափոշիներով, դիմաքսուկներով, զարդարվելով շքեղ զգեստներով և այլն: Եվ Պլատոնի ասած այս կեղծ գիտությունն այնքան զարգացավ, որ մեր օրերում տգեղ մարդիկ կարողանում են իրենց գեղեցիկ ցույց տալ, իսկ մյուսներն իրենց ցույց են տալիս ավելի գեղեցիկ, քան իրականում կան: Ներքին և արտաքին գեղեցկության հարցը հետաքրքրել է ոչ միայն անտիկ աշխարհի փիլիսոփաներին, այլև բանաստեղծ-բանաստեղծուհիներին: Հատկանշական է, որ Ն.Ք. 7-6 դարերում Լեսբոս կղզուց հայտնի Սապֆո բանաստեղծուհին այս իմաստուն խոսքերն է ասել. «Ով արտաքին գեղեցկություն ունի, նա միայն տեսողությանն է հաճույք պատճառում, իսկ ով լավն է ինքն իրենով, նրան գեղեցիկ են համարում»:
Շատ փիլիսոփաներ, ցանկանալով տալ իրական գեղեցկության սահմանումը, տարբերակել են գեղեցկության, հաճույքի և լավի հասկացությունները: Գեղեցիկ է այն, ինչ դուր է գալիս, հաճելի է այն, ինչ ուրախություն է բերում, և լավ է այն, ինչ օգտակար է: Հաճելի բանը կարող են զգալ նաև կենդանիները, սակայն գեղեցկությունն զգում են միայն մարդիկ, որովհետև մարդն ունի բանականություն, որով գնահատում է գեղեցիկը: Հաճելի բանը հաճույք է պատճառում միայն արտաքին զգայարաններին և զգացմունքներին, իսկ լավը հաճույք է պատճառում մարդկային բանականությանը հասկացության և դիտարկումի միջոցով: Լավ բանը երբեմն կարող է հաճելի չլինել: Օրինակ` կան դառը, տհաճ դեղեր, որոնք օգտակար են և առողջություն են տալիս: Սակայն քրիստոնեության մեջ լավ բանը նաև հաճելի է դառնում: Երբեմն մենք ստիպում ենք մեզ աղոթելու, պահք պահելու, և քրիստոնեական առաքինությունները երբեմն հաճելի չեն թվում: Քրիստոս մեզ ուսուցանեց նեղ ճանապարհի մասին (Մատթ. 7.13-14, Ղուկ. 13.24): Լայն դռնով շատերն են մտնում, բայց նեղ դռնով քիչ մարդիկ են մտնում (Մատթ. 7.13-14): Մեկնիչներն ասում են, որ ընդարձակ ճանապարհով քայլողները հետո զղջում են, քանզի այս ճանապարհն աստիճանաբար նեղանում է և սպանում նրանց: Սակայն նեղ ճանապարհն աստիճանաբար դառնում է ավելի լայն և հաճույք ու փրկություն բերում այդ ճանապարհով ընթացողներին: Մեր մեծ Կաթողիկոսներից Հովհան Մանդակունին ուշադրություն է հրավիրում այս խնդրի վրա: Նա ասում է, որ պահեցողությունն ու աղոթքը և քրիստոնեական այլ առաքինի գործերը երբեմն մեզ տհաճ գործողություններ են թվում, բայց դրանցում հարատևելով` մենք կարող ենք տեսնել, որ դրանք հաճելի են դառնում:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից