«Ներշնչանքով ու սիրով պիտի լինեն բոլոր աշխատանքները». ուսանողները հանդիպեցին Նավասարդ սրբազանի հետ

ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Երևանի մի քանի բուհերի ուսխորհուրդների ղեկավարներին:
Հանդիպման առիթը ս.Սարգիս զորավարի տոնի առթիվ նկարների ու քանդակների ցուցահանդեսներն են, որոնք պետք է մեկնարկեն տոնին հաջորդող օրերին՝ ս. Սարգսից մինչև Բարեկենդան ծրագրով: Բուն Բարեկենդանի տոնի օրը՝ փետրվարի 15-ին, ցուցահանդեսների մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն Կասկադ համալիրի տարածքում:

Ողջունելով երիտասարդներին՝ Սրբազան հայրը հորդորեց իրենց ընկերներին ևս փոխանցել, որ ներկայացնեն այնպիսի աշխատանքներ, որոնք արված են անկեղծորեն, սիրով ու ներշնչանքով: 
«Միայն սիրով արված գործը կարող է վավերական լինելի: Անկեղծ պետք է լինի: Աշխատանքը պետք է խոսի, ցույց տա, որ սիրում եք, ոչ թե մարդ նայելով գլխի ընկնի: Սերը մեկն է՝ հասցեատերերն են տարբեր: Մտածե՞լ եք, թե ինչպես ենք սիրում: Սերը երբեք նման չի լինում՝ ասենք, ծնողի սերը. բոլորը հավասար, նույն ձևո՞վ են սիրում իրենց զավակին: Նման բան չկա: Սերն անկրկնելի է: Դրա համար էլ եզակի պիտի լինի նաև սիրո մասին պատմող աշխատանքը՝ նկարը կամ քանդակը: Երբ եզակի է լինում, կրկնություն չի լինում, իսկ եթե ստիպված ինչ-որ բան պետք է ցույց տանք, դա արհեստական է և ոչինչ չի կարող փոխանցել ուրիշին:

Միլիարդավոր անգամ սեր է խոսվել, նկարվել, քանդակվել, սակայն սիրո շրջագիծն անսպառ է, անպարագիծ, անծայրածիր: Սա չհնացող ու չսպառվող թեմա է: 
Ս. Սարգիսը խթան է, ազդակ սիրո մասին խոսելու, սերը գովերգելու, սեր ներկայացնելու համար: Պարտադիր չէ ձիավոր նկարեն՝ Մարտիրոսը կողքին: Ս. Սարգիսը պիտի ներշնչանք լինի, ոչ թե նյութ՝ ձիավոր կամ զինվորական նկարելու համար: Սերն ընդարձակ թեմա է, ավելի ընդարձակ չի կարող լինել:
Սերը գործողություն է, կարող է և չլինել գործողություն, բայց ճշմարիտ սերը վերջապես գործողություն է ցույց տալիս: Սերը հերոսություն է՝ սուրբ ու վեհ, որի համար մարդ պատրաստ է զոհաբերության: Ինչի՞ մարդ պիտի զոհաբերի իրեն մի բանի համար, եթե սերն ավելի վեհ չի: Որովհետև դա այն արժեքն է, որի համար պետք է ծառայել: Մարդկային կյանքի արժեքը պիտի ծառայի այն արժեքին, որը կոչվում է սեր, որը վեր է ժամանակներից, մեզնից էլ է վեր և մենք դրա ծնունդն ենք, դրա համար դա մեզնից վեր է:

Ս.Սարգիսն ազգային է, ավանդական սուրբ է, նա մեր պապերին է ծառայել իր կերպարով, իր ներշնչանքներով, իր օրհնանքով, իր պատգամով և մեզ էլ պիտի ծառայի: Մենք հեռու տեղ չպիտի ման գանք մեզ: Մենք մեր մեջ պիտի փնտրենք ու գտնենք մեզ:

Սերը ներշնչանքի աղբյուր կարող է լինել ինչու՞, որովհետև ս.Սարգիսը վկան է Աստծո սիրո: Հայոց մեջ ընկալյալ է արագահաս բարեխոս ս. Սարգիսը: Դեռ 10-րդ դարում Վարդան Արևելցին է խոսել նրա մասին: Սակայն դրանից առաջ էլ ս. Սարգիսն իր մեծ ընկալումն է ունեցել ժողովրդի մեջ: Նա մեր ազգի սիրո արագահաս բարեխոսն է, մեր ազգի ընկալումներն այդպես են եղել: Լինելով կոնկրետ անձ՝ ժողովուրդը նրան ընկալել է ընդհանրացված, ինչպես ընդունել է Սասունցի Դավթին: Ս. Սարգսին ժողովուրդն էպիկական կերպար է տվել, բայց ավելի եկեղեցական իմաստով բովանդակված: Այո՛, նրա պատմությունը գեղեցիկ պատմություն է՝ հերոսական դրվագներով ու նվիրումով լեցուն, սակայն ավարտվում է նահատակությամբ՝ Տիրոջ հանդեպ անդավաճան սիրո վկայությամբ: Իր փոքրիկ երեխան էլ մաս է այդ ինքնազոհաբերումի: Մի կողմից այս պատմությամբ երևում է սիրո արտահայտությունը հավատքի հարցերում,Աստծո հանդեպ, մյուս կողմից, որքան էլ դաժան, սակայն այդ փոքրիկ՝ 14 տարեկան Մարտիրոսը նույնպես նահատակվում է այդ սիրո համար: Ամբողջ տիեզերքի, ամբողջ բանական ոգու սիրո աղբյուրն Աստված է, որ Քրիստոսի միջոցով հորդում է յուրաքանչյուրիս կյանքում:

Սա պիտի պարուրի, ներշնչի մարդկանց: Մարդկանց նյութ է պետք, որպեսզի ներշնչվեն: Եթե իրենց կյանքն այնքան հարուստ չի, որպեսզի ներշնչվեն, ուրեմն նյութերի հետ պիտի ծանոթանան: Ինչի՞ ենք սա ասում: Սերը ինչո՞ւ է միշտ վերընձյուղվում: Եթե մի բան չգիտենք ի՞նչը սիրենք: Ասենք սեր կա. գեղեցիկ բառ է, ու ասելով վերջացա՞վ:

Սերը չի թառամում, սերը մշտանորոգ է, միշտ նորոգվող: Հիմա մենք պիտի նորոգենք մեր սերը , որ մենք ապրենք այդ սիրո մեջ : Մենք մեզ ենք լավություն անում, վերջին հաշվով ուրիշին չենք անում, որովհետև մարդը սիրով ծնված էակ է, Աստծո սիրո արտահայտությունն է կենդանի բանականության: Եվ դա պետք է շարունակական լինի: Մենք դրա մեջ ենք, պիտի մեզ տեսնենք այդտեղ: Մենք սիրո առանցքի, Աստծո արարչագործության կենտրոնն ենք:

Սերը չի մահանում, ճշմարտությունը չի թառամում կամ հակառակը, դրանք ապրող բաներ են: Մենք մեջն ե՞նք թե՞ ոչ. ամբողջ հարցը սա է: Եվ եթե դրանից դուրս ենք, դրա մեջ պիտի մտնենք: 
Եթե սիրո մեջ եք, ուրեմն տրտնջանք չկա: Հավատացնում եմ ձեզ, դուք կվերանորոգեք ձեր կեպարի լավագույն տեսակը, եկեք տափակ իրականությունից կտրվենք: Որակն ամենակարևորն է: Առանց սիրո ներշնչանքի որակ չկա մարդ արարածի համար:

Սերը մի ակունք ունի, բայց հասցեատերերը տարբեր են: Ո՞վ չի սիրում ու ցանկանում, որպեսզի ինքը սիրված լինի: Բայց սիրված լինողը պիտի մտածի, որ ուրիշներն էլ իրենից են ակնկալում դա: Ինքը տալու համար ունի՞ նման բան: 
Այս ամենը պետ է երևա ձեր աշխատանքներում»: 
Երիտասարդները շնորհակալություն հայտնեցին հանդիպման ու ներշանքի համար , որ ստացան Սրբազան հոր խոսքից: 
Հանդիպման ավարտին Սրբազան հայրը պապհանիչ աղոթքով արձակեց հավաքվածներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

05.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․