Ոսկեխույզը, տեսնելով նետաձիգների մրցույթը, որտեղ հաղթողին մեծ գումար են պարգևելու, ոգևորվում է և ինքն էլ է ցանկանում մասնակցել: Երկար ժամանակ փորձում է թիրախին հարվածել, բայց ամեն անգամ ձախողվում է: Հանդիսատեսները սկսում են նրան ծաղրել: Ոսկեխույզը հաջողակ մի նետաձիգի ասում է.
- Աստված այստեղ էլ ինձ չի օգնում. ինչո՞ւ չեմ կարողանում ուղիղ թիրախին հարվածել:
Նետաձիգը պատասխանում է.
- Դու պատկերացնում ես, թե նետաձիգի պես կարող ես լինել, բայց քո պատկերացումներն ու իրականությունը տարբեր են: Արդ, ինչո՞ւ ես Արարչից բողոքում: Առաջնորդվում ես երազանքներով, սակայն պետք է իրականությունը տեսնելու ցանկություն ունենալ, որովհետև ամբողջ կյանքումդ մաղով հող ես մաղել և դրա մեջ ոսկի փնտրել, իսկ այժմ դողդողացող ձեռքերով ինչպե՞ս կարող ես նետ ու աղեղով թիրախը խոցել: Աստված անուրջներով ապրողների միջոցով չի գործում, այլ կյանքի իսկությունը ճանաչող մարդկանց միջոցով:
Հովհաննես Մանուկյան