25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ հանդիպեցին իմաստունն ու աթեիստը: Աթեիստն ասում էր, որ Աստված չկա և ընդհանրապես ծիծաղելի է հավատալ, որ մեզ շրջապատող ողջ աշխարհն ինչ-որ մեկն է ստեղծել: Իմաստունը չառարկեց, միայն ասաց, որ մի քանի օրից կայցելի նրան:
Մի քանի օր անց աթեիստի տուն գնաց և որպես նվեր մի գեղեցիկ նկար տարավ: Աթեիստը ցնծության մեջ էր: Նախկինում երբևէ այդքան կատարյալ գեղեցկություն չէր տեսել:
- Սա ուղղակի հրաշք է,- բացականչեց նա,- ո՞ւմ վրձնին է պատկանում այս գլուխգործոցը:
- Ոչ ոքի,- պատասխանեց իմաստունը,- խորդանոցումս մի տուփ ներկ կար, դրա տակ էլ՝ մաքուր կտավ: Տարիներով մնացել էր այդպես: Իսկ երեկ հանկարծակի դիպա դրան, ներկերը շրջվեցին ուղիղ կտավի վրա և պատկերացրեք այսպիսի նկար ստացվեց:
- Ծիծաղո՞ւմ եք ինձ վրա,- բացականչեց աթեիստը,- դա անհնար է: Դուք միայն այս կտավին նայեք. ինչպիսի՜կոմպոզիցիա, մտքի ինչպիսի՜ խորություն, իսկ մանրամասնություններն ինչպիսի՜ խնամքով են արված… Ոչ մի կերպ չեմ հավատա, որ այստեղ տաղանդավոր արարչի վրձին չի գործել:
- Ահա՛, տեսնո՞ւմ եք,- ասաց իմաստունը,- դուք նույնիսկ երևակայել չեք կարող, որ այս նկարը կարող էր ինքն իրեն հայտնվել, հանկարծակի, առանց արարչի ու նկարչի մտահղացման: Այդ դեպքում ես ինչպե՞ս կարող եմ հավատալ, որ այս երկինքը, որ մեր գլխավերևում է, մեր ոտքերի տակ աճող այս խոտը, այս ծառերը, գետերը, լճերը, սարերն ու հովիտները պատահաբար են հայտնվել, առանց հզոր արարչի մտահղացման ու կամքի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի