22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ պատարագ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով քարոզին մասնավորաբար ասաց. «Սիրող Հայրը մշտապես սպասում է մեզ և միայն մեզնից է կախված կքայլե՞նք Տիրոջն ընդառաջ, թե այլ ճանապարհով կընթանանք: Ուստի, աստվածավախ և արդար ծերունի Սիմեոնի օրինակը մեր առջև ունենալով, մենք էլ ձգտենք դեպի կյանքի սրբության: Աստծո հանդեպ ունեցած սերն արտահայտենք Նրա պատվիրանների կատարմամբ, որպեսզի մենք էլ կարողանանք մինչ Քրիստոսին ընդառաջ ելնելը՝ մեր սրտերում արդեն Նրան կրողները լինել: Քանի որ Աստծուն միայն արտաքնապես առնչվելն անօգուտ է մարդու համար, եթե ներքուստ սեր և հավատ չունի»:
Ս.Պատարագի ավարտին կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Մինչ արարողությունը, Տեր Գրիգորը նորապսակներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և մաղթեց՝ ասելով. «Թող Հիսուս Քրիստոսի անձնազոհ սերն անմար օրինակ լինի ձեզ համար՝ համբերություն և խոնարհություն պարգևելով դժվարության պահին, օգնի հաստատուն մնալու ձեր տված խոստումներին և պատվով տանելու համատեղ կյանքի քաղցրություններն ու դառնությունները: Թող ձեր սրտերում աճեցրած աստվածային սերը միշտ գերիշխող լինի մնացյալ զգացումների վրա և ձեր հայացքներն ուղղի դեպի գերագույն նպատակ ու փրկություն՝ Տեր Հիսուս Քրիստոս: Ապրե՛ք Քրիստոսով, սիրե՛ք Քրիստոսով և թող Բարձրյալի Ամենախնամ Աջը պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին»:
Օրհնության կարգի ավարտին, քահանաները եկեղեցու ծխական խորհրդի կողմից նորապսակներին հանձնեցին նվերներ՝ շնորհավորական բացիկներ, «Աստվածաշնչյան խրատանի ամուսիններին» վերնագրով գրքույկներ և ծաղիկներ:
Կարինե Սուգիկյան